ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավիրուսն ապահովեց ՏՏ ոլորտի մուտքը բիզնեսի բոլոր ոլորտներ․ «Հայացք Գյումրիից»

«Կորոնավիրուսային ամիսներին  ի հայտ եկավ սուր պայքար արհեստական բանականությունների միջև, և նրանք շահեկան դուրս եկան ստեղծված իրավիճակից՝  առաջ գցելով իրենց զարգացումը․ տեղեկատվության այն ծավալը, որը նրանց հաջողվեց հավաքել երկու ամսում, սովորական պայմաններում հնարավոր կլիներ հավաքել տասը տարում»,- նշում է տնտեսագետ, «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը՝  խոսելով  կորոնավիրուսի համավարակի պատճառով շահած ոլորտների մասին։ 

Տնտեսագետի խոսքով` ինքն այս շաբաթների ընթացքում զրուցել է ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Թվում էր՝ առաջինը հենց այս բնագավառում է հաջողությամբ կիրառվել հեռավար աշխատանքի փորձը, բայց պարզվել է, որ թեև հեռավար աշխատանքը իջեցնում է մշտական ծախսերը (տարածքի վարձակալություն և այլն), բայց ունի նաև բացասական հետևանքներ՝  բերում է աշխատանքային տեմպի անկման։

Կարեն Ավագյանը մեջբերում է նաև հետևյալ տվյալները․ կարանտինային շաբաթների ընթացքում ռոբոտացված համակարգերը աշխարհում գործող ձեռնարկություններին  տրամադրել են մոտ 1,4 միլիարդ դոլարի խորհրդատվություն: «ՏՏ ոլորտը մուտք է գործել բիզնեսի բոլոր բնագավառներ, այս հանգամանքը պետք է հաշվի առնել երկրի զարգացման հեռանկարները ծրագրելիս»,- նկատում է տնտեսագետը։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմաններում կառավարման բնագավառում առկա խնդիրներին՝ Կարեն Ավագյանը նշում է, որ ակներև դարձան ֆորսմաժորային կառավարման ոլորտում առկա բազմաթիվ բացերը։ «Պարզ դարձավ, որ մենք չենք պատկերացնում, թե բացի ռազմավարական նշանակության ոլորտներից, տնտեսական գործունեության որ ճյուղերն ու որ ձեռնարկությունները  կարող են լիարժեք աշխատել, և սկզբում կարանտինային իրավիճակ հայտարարվեց ամբողջ տնտեսության համար։ Հնարավոր էր նման վերլուծություններ ունենալ նախօրոք»,-շարունակում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ճիշտ հետևություններ ու գործողություններ՝ պատշաճ անդրադարձ տնտեսական գործունեության առանձին ճյուղերին, համապատասխան ցուցակներ, թե որ ձեռնարկությունները կարող են շարունակել աշխատանքը արտակարգ պայմաններում  և ապահովել ֆինանսական մուտքեր, որպեսզի հետագայում հնարավոր ճգնաժամերին ավելի պատրաստված դիմակայենք։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close