ԿարևորՏնտեսական

Կարանտինում է նաև գինին․ կորոնավիրուսի օրերին սպառումը նվազել է

Համավարակն ու գինեգործության ոլորտը․ ազդեցությունը բացասական է, թեև համավարակի սկզբնական շրջանում օղին անհրաժեշտ մթերքների պատվավոր հորիզոնականում էր։  Հայաստանի գինեգործական ընկերություններն այս պահին հիմնականում հիսուն տոկոս հզորությամբ են աշխատում, նավազել են գինու և կոնյակի սպառման ծավալները, ինչպես արտաքին շուկայում, այնպես էլ ՝  ներքին:

Արտաքին շուկան անհասանելի է, ներքինում էլ՝ խմելու ցանկությունն է մարել։ Համավարակի ազդեցությունը գինեգործական ընկերություններն արդեն հաշվում են թվերով։

«Պռոշյան կոնյակի գործարանի» գլխավոր հաշվապահ Լիլիա Պողոսյանը հավանաբար վաղուց նման տխուր ցուցանիշներ  չէր արձանագրել․

«Այս պահին գործարանը իր հզորության մոտ 50 տոկոսն է օգտագործում։ Դեպի դրսի շուկա ճանապարհները փակ են, մի մասում էլ սահմանափակումներ կան։ Տեղական շուկայում էլ անկում կա, որովհետև ռեստորանային բիզնեսն է կանգնել, միայն դրսի սրճարաններն են գործում, միջոցառումներ չեն լինում։ Այս ամենով պայմանավորված սպառումը բնականաբար նվազել է»,- ասում է Լիլիա Պողոսյանը։

Գինեգործական մթերքների սպառման ծավալների նվազմանը նպաստում  է նաև պարզ  թվաբանությունը՝ անհրաժեշտ ծախսերի մեջ ոգելից խմիչքը չի տեղավորվում, որքան էլ մեծ լինի արբելու և կարանտինն ավելի թեթև տանելու ցանկությունը։ Գլխավոր հաշվապահի տվյալներով՝ գործարանում հավասար չափով նվազել են կոնյակի և գինու սպառման ծավալները։ Ասում է, որ օղու սպառումն է մի փոքր ավելացել։  

Համավարակի շրջանում գինեգործության ոլորտի ընդհանուր պատկերը Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն է ներկայացնում․

«Երկու տարբեր ենթաճյուղեր՝ կոնյակ և գինի։  Կոնյակի 98 տոկոսը արտահանում էինք, այսինքն` կոնյակի շուկան կախված է արտահանումից, հիմա  ինչ է կատարվում այս շուկայում։ Կոնյակի արտահանման մասով մենք կունենանք շուրջ 20-30 տոկոս անկում։ Գինու հիմնական շուկան Հայաստանն է, այսինքն՝ 12 միլիոն շշից արտահանում էինք մոտ երեք միլիոնը։ Ներքին սպառման շուկայում մենք ունենք շուրջ  60-70 տոկոս անկում»,- նշում է Ավագ Հարությունյանը։

Գինի խմելու ոչ տրամադրություն ունեն մարդիկ, ոչ էլ ավելորդ գումար։ Օղու սպառման ծավալն էլ ավելացել է միայն համավարակի առաջին ամսին՝ մարտին։ «Մարդիկ սկզբում որոշեցին սպիտով խեղդել կորոնավիրուսը, բայց հետո հասկացան պահի լրջությունը»,-ասում է Ավագ Հարությունյանը։  Վիճակագրությունն առայժմ տխուր է, բայց միության նախագահը նկատում է․

«Քանի որ և՛ գինու, և՛ կոնյակի համար այս ամիսները տիպիկ չեն՝ թե՛ սպառման, թե արտահանման, կարելի է հույս ունենալ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրավիճակը կշտկենք, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա»,- ասում է Հայաստանի գինեգործների միության նախագահը։

Բանն այն է, որ արտադրանքի իրացման նվազման պայմաններում  գինեգործները չեն կարողացել դատարկել տարաները, որտեղ պահվում է արտադրանքը։ Մինչ այս պահը տարաների անգամ 20 տոկոսը չի դատարկվել։ Սա, ըստ Հարությունյանի, կարող է լուրջ խնդիր առաջացնել  մթերման ընթացքում։ Տարաները պարզապես չեն բավականացնի։

Վաճառքի անկման պայմաններում չի բավականացնի նաև գումարը մեծ ծավալով մթերում իրականացնելու համար։ Հարությունյանը մատնանշում է պետությունից ակնկալվող քայլերը, որոնք կարող են օգնել  ոլորտին դուրս գալու այս իրավիճակից։

«Նախ՝ պետությունը առաջին քայլը արեց․ մթերման համար անտոկոս վարկեր 1․5 տարով։ Բայց քանի որ գումարները հետ չեն եկել, իմ կարծիքով, պետությունն այս 1․5 տարին պիտի դարձնի երկու տարի։ Երկրորդ՝ պիտի վերացնի մենաշնորհը կոնյակի վաճառքի շուկայում»,- նշում է Հարությունյանը։

Եվս մեկ կարևոր քայլ, որն, ըստ Հարությունյանի,  պետությունը կարող է անել  իրավիճակը փրկելու համար․ ընտրել մի քանի վստահելի և դաշտում կայացած արտադրողի  ու սպիրտի արտադրության պատվեր իջեցնել։ «Խոշոր արտադրողներից մի քանիսն արդեն ակնարկել են, որ խաղողի մթերման ծավալներն այս տարի կնվազեն 30-40 տոկոսով։  Հարությունյանի խոսքով՝ պետությունը  կարող է երաշխավորել, որ գյուղացու մնացած խաղողը կգնի ու սպիրտի տեսքով  պետական պահուստի կվերածի։ Ասում է՝ Առաջին հանրապետության տարիներին նման փորձ ունեցել ենք։

Սա կոշիկի գործարան չէ, որ փակես ու գնաս, այլ գինու,  որն անընդհատ խնամք ու հոգատարություն է պահանջում։ Այսօր հիսուն տոկոս ծանրաբեռնվածությամբ աշխատող գինեգործական ընկերությունները օգոստոսի սկզբին, այսինք՝ մթերման սեզոնին, այսպես թե այնպես անցնելու են նորմալ աշխատանքի, քանի որ բերքը, ինչպես  գինեգործների միության նախագահն է հավելում,  չի սպասում։ 

Back to top button