ԿարևորՀասարակություն

Դիմակ կրելը՝ պարտադիր, գիտակցված և նորաձև

Աշխարհում արդեն լվացվող դիմակներ են վաճառում։ Մի քանի օրում բժշկական դիմակները դարձան  ամենապահանջվածը։ Նորաձեւության փորձագետները չեն  բացառում․  գուցե առաջիկայում  բժշկական դիմակները  դառնան նաեւ այլ ոլորտի բաղկացուցիչ մասը, հատկապես որ Batman-ի ու  PowerPuff Girls-ի  պատկերներով դիմակներ արդեն ամերիկյան շուկայում վաճառվում են։

Հայաստանում բժշկական այսպիսի դիմակների  արտադրության  մասին դեռ անգամ տեղեկություններ  չկան, սակայն արտադրություն կազմակերպվում է։ 

Վերջին երեք ամսում այս մեքենաները մի քանի անգամ ավելի շատ դիմակ են արտադրում։

«ԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն առաջինն էր հայկական շուկայում, որ դեռ 2015-ից պրոֆեսիոնալ դիմակներ ու բախիլիներ սկսեց արտադրել։ Այն ժամանակ  դիմակների  պահանջարկ էլ գրեթե   չկար։ Ժիրայր Մնադալյանն ասում է, որ արտադրություն է սիրում, ոչ թե առևտուր, ուստի ՌԴ-ից վերադառնալուց հետո որոշեց արտադրություն  հիմնել։ 

Պարզվեց, սակայն, պատրաստի արտադրանքը իրացնելու խնդիր կար։ Պահանջարկը փոխվեց   փետրվարից։ Ընկերության  սեփականատերն  ու   տնօրենը՝ Ժիրայր Մանդալյանն ասում է, որ մոտ մեկ տարի դիմակ ընդհանրապես չէին արտադրում, մինչդեռ այժմ  98 տոկոսով արտադրության ծավալներն ավելացրել են․

«Դիմակներ համարյա չէին գնում, քանի որ թուրքականն ու չինականը  ավելի անորակ, բայց էժան էին։ Մերը 1 դրամ թանկ էր, դրա համար տեղական մեծածախ ընկերություններն ինձնից  չէին վերցնում»։ 

Կորոնավիրուսի համավարակը փոխեց իրավիճակը՝ կտրուկ փոխեց։ Նախկինում Մանդալյանն էր խնդրում, որ դիմակները իրացնեն, այժմ իրենից են խնդրում, որ վաճառի․

«Իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Առաջ խնդրում էի, մերժում էին, հիմա զանգում ասում են, իյա էս դուք արտադրում եք, մենք ինչի՞ չգիտեինք։  Ինչ ասես․․․»,- ասում է Մանդալյանը։

 Հումքը ձեռք են բերում տարբեր երկրներից՝ Չինաստան, Իրան, ՌԴ։  Հումքը դժվարությամբ է Հայաստանում հասնում, շատ հաճախ՝ խոստացված ժամկետից  ուշ։  Աշխատում են երեք հոգով․  գուցե ապագայում աշխատողների թիվն ավելացնեն․  

«Մեքենաներից է կախված։ Հիմա շատ բարդ է մեքենա ձեռք բերելը։ Չինաստանը քվոտա է դրել, որ  100  արտադրանքից մեկն է միայն դուրս գնալու։ Այս վիճակում մեքենա բերել ու հզորությունն ավելացնելը մի քիչ աբսուրդ է, բայց հետագայում՝ բնականաբար։  Մեկ հերթափոխով ենք աշխատում։ Մեքենան նրբություններ ունի, չի կարող երկու-երեք հերթափոխով աշխատել։  Դիմակների արտադրությունը երկու մեքենայով է կատարվում։ Մեկը միայն դիմակն է  արտադրում, լենտայով գալիս է արդեն, մյուս պրոցեսն արդեն ռեզիններն է խփում։ Մեր ռեզինները ամրացնում ենք ուլտրաձայնով։ Սա էլ երկրորդ պրոցեսն է։  Մենք դիմակների ռեզինները  չենք կարում»։ 

Կորոնավիրուսից պաշտպանվելու  ամենապարզ մեթոդը  հիգիենայի տարրական կանոններին հետևելն է․ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ ու ձեռնոցներ, հաճախ ախտահանել ձեռքերը, կեղտոտ ձեռքերով դեմքին ձեռք չտալ։ Առաջին հայացքից պարզ թվացող կանոնները, սակայն, հիմնականում չեն պահպանվում։  Կառավարությունն արդեն երկրորդ  անգամ երկարացնում է արտակարգ դրության ռեժիմը։

Այս անգամ նախատեսվում է «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն: Այն կարող է կիրառվել ինչպես հիվանդի կամ վարակվածի, այնպես էլ նրանց հետ շփված անձանց նկատմամբ՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ այն մտադրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել»։ 

Պարետատունը  քննարկում է  բաց ու փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման հարցը,- ասաց վարչապետը։  Պարետ  Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ մայիսի 18-ից կաշխատի տրանսպորտը, կբացվեն մանկապարտեզները, իսկ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակներ կրելը դառնալու է պարտադիր։

Այս դեպքում արդյո՞ք  դիմակների արտադրությունը բավարար կլինի,- հարցնում եմ բժշկական դիմակ արտադրող «Սալյուս» ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանին․

«Եթե կանոնավորվի ու անհրաժեշտ լինեն այն դիմակները, որոնք մենք հասկանում ենք, դրանց  ծավալները բավարար չեն լինի։ Հիմա անունը դնում են եռաշերտ, ով ինչ մատերիալ գտնում, դիմակ է կարում։ Բայց եռաշերտի մեջ նրբություն կա, որ ֆիլտր լինի։ Չենք կարող վերցնել ցանկացած հումք ու ասել եռաշերտ դիմակ է»,- ասում է Մանդալյանը։

Նա, այսպես ասենք,  ստուգողական այցեր դեղատներում երբեմն կազմակերպում է՝ հասկանալու համար, թե շուկայում ինչ է վաճառվում․

«Ես ճիշտն ասած չէի դնի։ Նաև հասկանում եմ, որ մարդիկ չեն հասկանում, տեսնում են եռաշերտ է, հաստ է, լավ է։  Պետք է հաստ չլինի, որ շնչելուն հարմար լինի։ Հաստությունն էլ  նրբություններ ունի, բոլոր շերտերը պարամետրեր ունեն»,- ասում է բժշկական դիմակ արտադրող ընկերության տնօրեն ։ 

Ընկերությունը մանրածախ վաճառքով չի զբաղվում, մեծածախ շուկային տրամադրում  է  120 դրամով։  Փետրվարին՝ մեկ դիմակի գինը 25 դրամ էր։  Հումքը Ռուսաստանից էին ձեռք բերել մատչելի գնով։  Այժմ ամբողջ աշխարհում թանկացել է նաև հումքի գինը։ Այսուհանդերձ, այս  պահին  դիմակների արտադրությունն ամենաեկատմաբեր բիզնեսներից  է  աշխարհում։

Մի քիչ երևակայություն, որակյալ հումք, մասնագետներ  ու գուցե Հայաստանում էլ,  ինչպես աշխարհում, դիմակ դնելը դառնա գիտակցված, պարտադիր, միաժամանակ՝ նորաձեւ։ 

Back to top button