ԿարևորՀասարակություն

Ո՞վ ո՞ւմ մարդն է խորհրդարանում․ հնչում են անուններ

Խորհրդարանի լիագումար նիստերի աշխատանքը թեև ավարտվեց երեկ, բայց ԱԺ միջանցքները, այսպես ասենք, «չեն հանդարտվել»։ Այսօր այնտեղ կրկին աշխույժ էր՝ նոր թեմաներով, նոր «բացահայտումներով» և նոր մեղադրանքներով։ Ապրիլի 28- ից «Իմ քայլը»–«Լուսավոր Հայաստան» բանավեճը անընդհատ նոր երանգներ է ստանում։

Քաղաքական ուժերը այսօր գնացել էին խորհրդարան՝ իրավիճակը հնարավորինս հարթելու կամ գոնե լարվածությունը թուլացնելու մտադրությամբ։ Կատարվածի համար քաղաքական  պատասխանատվության հարցը թեև օրակարգում է, բայց նաև հնչել են «ներողություններ»։ Բայց սա, ըստ էության, չի լուծել խնդիրը՝ ծագել են նորերը։   

Ով ում մարդն է խորհրդարանում․ վերջին աղմկոտ օրերից հետո փոխադարձ  կասկածները խորանում են և անուններ են հնչում։ Կարծիքներն արդեն բարձրաձայնում են թե լրագրողների հետ զրույցներում, թե խորհրդարանի միջանցքներում՝ միմյանց ուղղված մեղադրանքներում։

Ռուբեն Ռուբինյան. «Ես կարծում եմ, որ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ»։

Էդմոն Մարուքյան. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ»։

Էդմոն Մարուքյանի և Ալեն Սիմոնյանի վեճը՝ ստորև․

-Սերժ Սարգսյանը ձերն է։
-Մե՞րն է։
-Այո, ձերն է, բա ինչո՞ւ նստած չի։ Ասում էիք՝ կնստացնեք։
-Մի շտապեք, պարոն Մարուքյան, կարող է և այդպիսի բան լինի՝ ո՞վ իմանա։ Դեռ այնքան մարդ կարող է նստել, բայց դուք կգաք այստեղ և այլ կարծիք կարտահայտեք։ Կպաշտպանեք, վստահ եմ։

Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև հերթական վեճը տեղի ունեցավ խորհրդարանում այսօր՝ ճեպազրույցներից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին, որ խոսակցությունը փակված է և անցնում են բովանդակային աշխատանքի փուլ։

«Լուսավորականները» հաստատել էին՝ ներողություն են խնդրում բոլորի «սրբություններից», այդպես են ձևակերպում վերջին օրերի հայհոյանքների թիրախները, բայց սպասում են կատարվածի քաղաքական  գնահատականին։ Ամեն դեպքում Մարուքյանը հասցրեց ճշտել՝ այն, ինչ անում են վերջին օրերին, քաղաքական բոյկոտ չէ, օրերից մի օր վերադառնալու են։

 «Մենք բոյկոտ չենք հայտարարել և բոյկոտ չենք անում։ Մենք սպասում ենք, որ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի։ Եթե չլինեն էլ երաշխիքներ, էլի մենք գալու ենք։ Ամեն դեպքում` մեր ակնկալիքը դա է։ Երբ կվերադառնանք. կոնկրետ նման հարց չենք քննարկել, որովհետև այս հարցի մեջ դա երկրորդական է»,- ասաց Մարուքյանը։  

Խորհրդարանի վերջին օրերի ոչ օրենսդրական զարգացումները մեծամասնությունը կապում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ընդունված օրենքի հետ։ «Իմ քայլ»–ում ենթադրում են, որ «Լուսավոր Հայաստան»–ի կեցվածքը և դիրքորոշումները կապված են դրա հետ։ Դրա հետ են կապում նաև Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ վերջերս հաճախակիացած տեսաուղերձները և դրանցում ներկայացվող «բացահայտումները»։

 «Դուք խոսում ենք վիդեոների մասին, որոնք նկարահանել է Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսան։ Ահա այն ամենը, ինչ ես ունեմ ասելու այս ամենի մասին»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Միքայել Մինասյանը երեկ փորձել է «բացահայտել» «ծխախոտային սկանդալ»–ը, երբ Երևանից Աֆղանստան ուղևորվող ինքնաթիռը ապրիլի 25–ին վայրէջք է կատարել Կրասնոդարում, որտեղ էլ հայկական ինքնաթիռը կալանավորվել է՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով։ Ըստ հրապարակումների՝ բռնագանձվել է 40 տոննա կամ 2 700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է հենց Երեւանից։ Բեռի մոտավոր շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 300 մլն ռուբլի։ Մամուլում արդեն հրապարակումներ եղել, թե ում հետ կարող է կապված լինել մաքսանենգ բեռը՝ նշվել են «նախկինների» անուններ։

Միքայել Մինասյանի տեղեկությունները այլ են, նա ներկայացրել է սխեմա՝ համաձայն որի այդ մաքսանենգ ապրանքի հետ կապ ունի վարչապետի ընտանիքը։  

 «Միջազգային մաքսանենգները գիտեն, որ ամբողջ փաթեթների մեջ պետք է գրված լինի Աֆղանստան, որովհետև Աֆղանստանը չի ենթադրում ակցիզային դրոշմանիշեր։ Հետևաբար՝ դու կարող ես ասել, որ ես արտահանում են այնտեղ, որպեսզի քեզ քո մաքսայինը թույլ տա, որ արտահանես։ Այն, ինչ որ ես ասում եմ, ռուսական հատուկ ծառայությունները ունեն դրա փաստերը։ Նաև Հայաստանի հատուկ ծառայությունները ունեն դրա փաստերը, եթե արդեն չեն ոչնչացրել»,- ասել էր Մինասյանը։

Նա կասկածներ ունի, որ այս խնդիրն առնչվում է Ազգային անվտանգությանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հստակեցնում է՝ գործը հարուցվել է Ռուսաստանում և այնտեղի իրավապահները չեն դիմել Հայաստանին։

 «Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը հաստատ տիրապետում է նմանատիպ՝ նախկինում օգտագործված սխեմաների։ Եթե դուք ուսումնասիրած լինեք՝ սկսած ծխախոտի արտադրողներից, կտեսնենք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլն։ Նրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ, և եթե շատ խորանանք, շատ բաներ պետք է բացահայտվի։ Իհարկե, ուսումնասիրությունները պետք է գնան ամբողջության մեջ, որպեսզի այս թեման ոչ միայն բացահայտվի, այլեւ չշահարկվի։ Ընթացքը ՌԴ–ում պետք է իրացվի, որովհետև մաքսանենգ ապրանքը, եթե դա այդպես է, պետք է ՌԴ–ից տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ, բայց այդպիսի գործընթաց մենք չենք տեսնում»,- նշեց Քոչարյանը։

Այս թեմաներից որևէ մեկի մեջ խորհրդարանական ուժերից «Բարգավաճ Հայաստան»–ը փորձում է չմտնել՝ զարգացումներին հետևում են դիտորդի կարգավիճակով՝ սահմանափակվելով միայն կառուցողական դաշտ վերադառնալու կոչերով։

Back to top button