ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզների վերաբացման հարցը քննարկման փուլում է

Աշխատող ծնողների համար մանկահասակ երեխաներին պահելը խնդիր է։ Քաղաքապետարանը փորձում է  հաշվառել  մանկապարտեզ  հաճախող երեխաների  աշխատող մայրերին՝ նախակրթարանների  բացման  տարբերակներ  փնտրելու համար։ Սակայն որոշ ծնողներ արդեն իսկ երեխաներին մանկապարտեզի վերաբացման զանգեր ստացել են։

«Երկու օր առաջ ինձ  զանգահարեցին  մեր մանկապարտեզից և ասեցին, որ փոքր թվով խմբեր են բացում և անհրաժեշտ է տեսնեն, թե  որքան ծնող  կհամաձայնվի իր երեխաներին մանկապարտեզ տանել»,- ասաց մեր զրուցակիցը, ում զանգահարել են մասնավոր մանկապարտեզից։

Մայիսի 15–ից  մանկապարտեզը  բացվում է՝ ծնողներին տեղեկացնում են, երեխաներին պարտեզ  տանելու մասին։ Վերջինս չցանկացավ  անուններ տալ, սակայն ասաց, որ տնօրենը  վստահեցրել է՝ պահպանվելու են  կանխարգելիչ բոլոր միջոցառումները։

«Տեսնենք, թե ինչպես կլինի։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, մինչև չգնանք,  չենք կարող հասկանալ, թե այդ կանխարգելիչ միջոցառումներն ինչպես են իրականացվելու»։

Սակայն մանկահասակ երկու երեխաների մայրիկն իրեն հուսադրում է, որ  փոքրաթիվ խմբում միգուցե հնարավոր լինեն  պահպանել կանխարգելիչ միջոցները։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ պետական մանկապարտեզներից էլ են զանգահարում ծնյողներին, սակայն  ոչ թե հաճախող երեխաների թվաքանակ ճշտելու, այլ ծնողների զբաղվածությունը հասկանալու համար։

«Ներկայումս որոշակի աշխատանքներ են  տարվում տարբերակներ գտնելու, հնարավորինս օպտիմալ տարբերակներ, որպեսզի և   հակամաճարակային  անվտանգության կանոնները  պահվեն,  և որոշակիորեն վերականգնվի  նախակրթական պրոցեսը։  Հիմա հաշվառվում են այն ծնողները, որոնք աշխատում են»,- Հակոբ Կարապետյանը։  

Մանկապարտեզների վերաբացման և աշխատանքային  ռեժիմի հետ կապված հարցերը  կորոշվի պարետատան ցուցումով միայն, ասաց մամուլի խոսնակը։ Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում դեռ չգիտեն` մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվե՞ն, թե՞ ոչ։ Սպասում ենք պարետի որոշմանը` «Ռադիոլուրին» ասաց Գյումրիի քաղաքապետի  մամուլի խոսնակ  Սոնա Առաքելյանը։

Արդյունաբերական Կապանում էլ դեռ անհայտ է, ինչ է լինելու մանկապարտեզների հետ։ Այստեղ էլ, ինչպես Գյումրիում, սպասում են պարետատան որոշմանը։

Թե արտակարգ դրության երկարացումից հետո պարետն ինչ է նախատեսում մանկապարտեզների գործունեության  հարցում,  փորձեցինք պարզել Պարետատնից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  հարցն օրակարգային է՝ քննարկման փուլում է։

«Ռադիոլուրը» փորձեց  պարզաբանումներ  ստանալ նաև  առողջապահության նախարարությունից, թե փոքրիկների շրջանում ինչպես են պահպանելու կանխարգելիչ միջոցները, ասենք օրինակ սոցիալական հեռավորությունը։ Մինչև ռեպորտաժի  պատրաստելը այս գերատեսչությունից  ևս պատասխան չստացանք։ Այնուամենայնիվ,  երկու մանկահասակ երեխաների  մայրիկը, բոլոր ռիսկերը հաշվի առնելով,  պատրաստվում է հունիսի մեկից երեխային  ուղարկել  մանկապարտեզ։

Back to top button