ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը` նաև հնարավորություն. ինչպես ընդլայնել «փլուզված» բիզնեսը

Բիզնեսի վերափոխման, կորոնավիրուսի հետ համերաշխ  ապրելու  հնարավորությունների մասին վերջին շրջանում   հաճախ են խոսում, խորհուրդ տալիս  ոչ թե սպասել մինչեւ ամեն ինչ կավարտվի, այլ փնտրել ու  աշխատելու նոր ոլորտներ գտնել։

«Ռադիոլուրը» փնտրել ու գտել է երկու՝ վերաձփոխված բիզնես, մի դեպքում պետք էր գումար աշխատել, մեկ այլ դեպքում էլ ՝ օգնել հաճախորդներին։

Արտակարգ դրության այս օրերին Հայաստանի տուրիստական կազմակերպություններն այսպես են   բնորոշում իրենց վիճակը՝ փլուզված ու ջարդված։ Միայն թե փլուզվեցին  ոչ թե երկրաշարժից, այլ կորոնավիրուսից։ 

Համավարակից ամենաշատը տուժած ոլորտի  ներկայացուցիչ Վահե Շահվերդյան․

«Մի թիմ կա, որ միլիարդներ է ծախսել (ճիշտ է՝ իրենց ընկերությունների համար), ու հիմա ոչ մի բան չունենք։ Ներդրածը անվերադարձ գնացել ու ջուրն է թափվել։ Հիմա մասնագետը կամ տուրիստականի տնօրենն ինչ անի, որ  մեր տուրերը հիմա պիտի եռային ու մենք մեր վարկերը փակեինք։ Հիմա բոլորս վալերյանկայով  վաղվան ենք սպասում, տեսնենք՝  ինչ է լինում»։

Այս պահին էլ սրտատրոփ սպասում են, որ հանրային տրանսպորտն աշխատի։

Փլուզման շոկից  հետո պետք էր քայլեր ձեռնարկել․ նորից բիզնես հիմնել։ Մասնագիտությամբ ծրագրավորող Վահեն երկար մտածեց․ ինչպես պահել բիզնեսը, աշխատողներին․ սնանկացման շեմին պետք էր նաև  այնպիսի բան մտածել, որ  ռեսուրս քիչ պահանջի։

Գտավ․ «Beauty of Armenia Tour» -ին զուգահեռ ստեղծեց  «Shahverdyan’s Digital Marketing» ընկերությունը, ներդրեց մանկության տարիների ձեռք բերած բլոգերության ոլորտի գիտելիքներն ու ծրագրավորողի մասնագիտությունը։

Հոբբին օգնեց, որ բիզնեսը  կյանքի կոչվի։ Մարկետինգով են զբաղվում։  Դեռ եկամուտ չեն ստացել, բայց պատվերներ ունեն, մրցույթների են մասնակցում․ պատվերի՝  ոսկու կճուճն են փնտրում.

«Սննդի ամբողջ ցանցի մարկետինգը մեզ տան, դա հավասար է մի հատ ոսկու կճուճ գտնելուն։ Դեռ չենք գտել։ Մեր ծառայությունները դեռ պետք է տեսնեն, հասկանան։ Մասնակցել ենք մրցույթին, անցել ենք երկրորդ փուլ։  Հայտարարում են մրցույթ, որին մասնակցում են  1000-ից ավելի կազմակերպություն, և նրանցից են ընտրում մեկին, որ ամբողջ ցանցի մարկետինգը կառավարի։ Համարյա տնօրինությունն են տալիս, քանի որ ամբողջ ցանցում կառավարում են քո մասնագետները։ Կոպիտ ասած, ոնց որ «խոպանից գալիս են, մարդիկ են տանում, որ աշխատեն» սկզբունքը համարյա նույնն է»,- նշում է Վահեն։  

Կորոնավիրուսը նաև 4u․am ընկերությանը  ստիպեց  բիզնեսն ընդլայնել։  2018-ին չորս աղջիկներ որոշեցին տղամարդկանց կյանքը թեթևացնել ու օնլայն նվերներ առաջարկել։ Սկսեցին ծաղիկներից, հետո՝  նվերներ ու քաղցրավենիք։ Մարտի կեսերից արդեն  որոշեցին  նոր առաջարկ ներկայացնել, այս անգամ ոչ միայն տղամարդկանց։ Չորս կանանց հիմնադրած ընկերության տղամարդ տնօրեն  Լևոն Գալստյանն է պատմում.

«Որոշեցինք մի սերվիս մտցնել. առաքում ենք ամեն ինչ։ Մեր հաճախորդները  կարող են զանգել ու մենք մեր հաճախորդների համար ամեն ինչ կարող ենք ցանկացած տեղից վերցնել ու տանել  իրենց տալ։  Նաև սարքեցինք  տարբեր զամբյուղներ՝ մթերային ու տնտեսական ապրանքների, որ մարդիկ  կարողանան 4u․am-ի միջոցով այդ ապրանքները պատվիրելու հնարավորություն ունենալ»,- ասում է Գալստյանը։

Բիզնեսի վերափոխման, կորոնավիրուսի  ընձեռած  հնարավորությունների մասին վերջին շրջանում   հաճախ են խոսում։ Մեկ  մասնագիտություն ունենալը քիչ է` ասում է  զարգացման ու կառավարման խորհրդատու  Կարեն Սարգսյանն ու կարևորում   մասնագիտությունների  և  բիզնեսի  վերապրոֆիլավորումը, առաջարկում է դրամաշնորհներ տրամադրել, մասնագիտությունները դիվերսիֆիկացնել․

«Covid-ից առաջ էլ արդեն կային ուսումնասիրություններ, որ ապագայի աշխարհը ավելի շատ որոշակի հատկանիշներ ունեցող մարդկանց խմբի կարիք է ունենալու, օրինակ, խնդիր լուծողի։ Հենց այս այն  կազմակերպությունը, որն ունի այդ հատկանիշներով աշխատակից, ինքը շահել է»,-նշում է Սարգսյանը։

Մասնագետները հորդորում  են չվախենալ, ռիկսի դիմել նոր ու  համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար։   

Back to top button