ԿարևորՀասարակություն

Լանզարոտեի կոնվենցիայի «երկու երեսը»

Երկու օր առաջ  մեր երկրի խորհրդարանը վավերացրեց  միջազգային շրջանակներում ավելի հայտնի Լանզարոտեի անվամբ կոնվենցիան։ Փաստաթուղթն առաջարկում է նոր  և համապարփակ գործիքակազմ երեխաներին սեռական բռնությունից ու շահագործումից պաշտպանելու համար։ Բայց փաստաթուղթը միանշանակ չի ընդունվել։

Տեսակետները, հատկապես որոշ դրույթների մասով, իրարամերժ են։ Խոսքը վերաբերում է հատկապես տարրական դասարաններում երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող նորմին, որն ըստ կոնվենցիայի՝ պարտադիր է։

ԱԺ-ն օրերս ընդունեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ –ի կոնվենցիան․ հանրության մի մասի համար խիստ անհրաժեշտ, մեկ այլ հատվածի համար՝  վտանգավոր փաստաթույթ։   Տեսակետների բախմամբ փորձելու ենք  հասկանալ  նախ՝ որն է այս փաստաթղթի բուն առաքելությունը։ Ինչով էր պայմանավորված  այն ընդունելու անհրաժեշտությունը։

Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյան․

«Եվրոպայի խորհրդի անդամ երկրներն  այդ արժեքներին են հետևում, իսկ արժեքներից առաջինը անվտանգ և ապահով մանկությունն է։ Մենք սովորաբար խոսում ենք երևույթների մասին՝ մոռանալով, որ ժամանակակից հասարակությունը բոլորովին այն չէ, ինչ տասը տարի առաջ էր, այսինքն՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները երեխայի պաշտպանության առումով, պահանջում են նոր լուծումներ»։

Երեխաների պաշտպանության ոլորտում ինչ նոր գործիքներ է առաջարկում կոնվենցիան, գործիքներ, որոնք  չուներ Հայաստանում գործող օրենսդրությունը։ Հովակիմյանի խոսքով՝ մենք  չունենք երեխաների բռնության կանխարգելման վերաբերյալ համապարփակ իրավական ակտ։ Օրինակ է բերում․

«Երեխաների նկատմամբ դպրոցում ամենատարբեր բռնություններ են կատարվում, ուսուցիչը պարտավորված չի այդ մասին գրանցել և հայտնել ոստիկանությանը։  Երկրորդ՝  կոնվենցիայի ընդդիմախոսները կարծում են, որ երեխան վաղ տարիքից չպետք է ծանոթանա սեռական դաստիրակությանն առնչվող տեղեկատվությանը։ Հարց՝ քանի՞ տարեկանից է երեխային մատչելի դառնում համացանցը։ Տեղեկատվության սահմանափակման միֆը վաղուց մեր ժամանակների համար չէ»։

Եթե երեխայի սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունը չենք ներկայացնում  պատշաճ, իր տարիքին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով, ապա բացը լրացնում է համացանցը և շրջապատը, կարծում է  Գայանե Հովակիմյանը։

Բժիշկ-սեքսոլոգ, նաև մանկահասակ երկու երեխաների մայր Նարինե Նազարյանը վեց տարեկան երեխայի հետ սեռական հարցերի շուրջ  խոսելը առհասարակ անընդունելի է համարում․

«Սեռի մասին խոսել, սեռի գիտակցում արթնացնել։ Այս գիտելիքները նրանց մոտ վաղաժամ սեռական  հիվանդագին հետաքրքրություն կարթնացնեն։ Կսեքսուալիզացվի  ամբողջ հոգեկան աշխահը։ Ինչ վերաբերում է սեռական շահագործումից երեխային պաշտպանելուն, կարծում եմ, որ դա ոչ թե սեռական դաստիարակության անելիքն է , այլ  ինքնապաշտպանության, այսինքն՝ առարկայի, որը կսովորոցնի՝ ինչպես ինքնապաշտպանվել»,- ասում է Նազարյանը։

Նրա խոսքով ՝բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ վաղ տարիքում  սեռական դաստիրականությանն ուղղված դասընթացները նպաստում են հենց անչափահասների կողմից երեխաների սեռական շահագործմանը։ Կոնվենցիան  վավերացրած բազմաթիվ երկրներում  ծնողները ահազանգում են․

«Երեխաները կորցրել են իրենց մանկությունը, երեխաները դադարել են երեխա լինել, 9 տարեկանից երեխան արդեն տարբեր բնույթի սեռական հետաքրքրությունների մեջ է»։

Սեռական կրթությունը լավ բան է, բայց միայն ավագ դպրոցում, դեռահասության տարիքում, կածում է բժիշկ-սեքսոլոգը։  Ինչ վերաբերում է համացանցում երեխային պաշտպանելու անհրաժեշտությանը, ապա համոզված  է՝ հիմնական անելիքը այստեղ ծնողինն է։ Ի վերջո, ծնողի վերահսկողություն գոյություն ունի, ասում  է։ Նաև համոզված է՝ երեխայի սեռական դաստիարակությունն ապահովելու համար պետք է հենց ծնողին կրթել, օրինակ, հղիության կոնսուլտացիաների ընթացքում։

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը կարծում է, որ կոնվենցիային կողմ և դեմ  կողմերից յուրաքանչյուրն ունի ճշմարտության իր բաժինը։ Մասնավորապես․

«Եթե դասընթացի ժամանակ շեշտադրությունը սխալ լինի, կարող ենք ունենալ բոլորովին այլ պատկեր, բայց, ես չեմ կարծում, որ այդ դասընթացներին կխոսեն բռնության, բռնության տեսակաների մասին։ Այլ՝ իմ կածիքով,  երեխաներին կսովորեցնեն՝ ինչպես զգուշանալ, ինչպես ծնողներն են հաճախ ասում ՝ եթե կանչեն քեզ, որպեսզի կոնֆետ տան, չգնաս»,- ասում է Ապիտոնյանը։

Ըստ հոգեբանի, երբեմն ծնողների սխալ մոտեցումն է, որ կպչուն մտքերի առիթ — տալիս և երեխան շրջապատի հետ հարաբերվելու վախ է ունենում։ Այդ իսկ պատճառով կարծում է, որ համակարգված մոտեցումն այս խնդիրներին անհրաժեշտ է։

Հոգեբանի համոզմամբ՝  սեռական դաստիարակությունը ցանկացած տարիքում ընդունելի է, եթե շեշտադրումները ճիշտ են։

Back to top button