ԿարևորՄիջազգային

Դիմակ՝ ԱՄՆ դրոշի գույներով․ մեծ քաղաքականությունը վերադառնում է իրական շփումների հարթություն

Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցը մի քանի րոպեով  խաթարում է լռությունը, որում արդեն շաբաթներ շարունակ  ապրում է Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը։ Պետական քարտուղար Մայք Պոմպեոն ինքնաթիռից դուրս է գալիս պաշտպանիչ դիմակով. այն ամերիկյան դրոշի գույներն ունի։ Այդպիսի դիմակներ են կրում նաև ամերիկյան պատվիրակության մյուս անդամները։

Մայք Պոմպեոն ու ամերիկյան պատվիրակությունը Իսրայելում պարտադիր 14-օրյա մեկուսացման չեն ենթարկվի, այստեղ ուղևորվելուց առաջ բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել, շփումներում էլ պահպանում են սոցիալական հեռավորությունը։  Մերձավոր դաշնակից պետության արտաքին քաղաքականության պատասխանատուին դիմավորել են առանց ավանդական ջերմ գրկախառնությունների, անգամ առանց ձեռքսեղմման։ ԱՄՆ պետքարտուղարին օդանավակայանում Իսրայելում ԱՄՆ դեսպանը չի դիմավորում՝ ջերմություն ունի, վատառողջ է․ կորոնավիրուսի թեստը թեև բացասական է, բայց դեսպան Դեյվիդ Ֆրիմենը գերադասել է մնալ տանը։

Մայք Պոմպեոն դարձավ ոչ միայն առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը համավարակի պայմաններում այցելում է Իսրայել, այլ ընդհանրապես՝ վերջին կորոնավիրուսային շաբաթներին արտասահմանյան այց կատարող առաջին պետական այրը։

Թեև համամոլորակային կարանտինի պայմաններում ուշադրության կենտրոնում է Մայք Պոմպեոյի պաշտպանիչ դիմակն ու սոցիալական հեռավորությունը, սակայն  այցի քաղաքական օրակարգն ունի առանցքային նշանակություն․ Իսրայելի իշխանությունները մեկ օրով հետաձգել են դժվարությամբ ձևավորված Ազգային միասնության կառավարության երդմնակալության արարողությունը, որպեսզի դրան մասնակցի դաշնակից պետության պետքարտուղարը։ Մեկ տարվա ընթացքում անցկացված երրորդ խորհրդարանական ընտրություններից հետո Նեթանյահուին վերջապես  հաջողվեց կառավարություն ձևավորել, որում առաջին մեկուկես տարին ինքն է վարչապետ լինելու, իսկ հետո նույնքան ժամանակով երկրի ղեկը փոխանցելու է Բենի Գանցին։ Երդմնակալության արարողությանը  մասնակցելուց բացի Պոմպեոն փակ ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա նախկին քաղաքական մրցակից, այժմ՝ կոալիցիոն գործընկերներ Բենի Գանցի հետ։

Իսրայելում հատուկ ընդգծել են․ չափազանց բարձր են գնահատում այն փաստը, որ ԱՄՆ պետքարուղարը համավարակի պայմաններում իր առաջին այցը կատարում է հենց Իսրայել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն շեշտել է, որ դա դաշնակցային հարաբերությունների ներուժի ցուցիչն է, ինչպես նաև` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայել պետությանը հավատարմության ապացույցը։

Պոմպեոյի հանդիպումներն Իսրայելի ղեկավարության հետ, ինչպես նաև կառավարության երդմնակալության արարողությունը տեղի են ունենում ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում։ Իսրայելա-ամերիկյան բանակցությունների օրակարգում կորոնավիրուսի բռնկման խնդիրներն են,  տարածաշրջանային լարվածությունը, Իրանի հետ խնդիրները։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ քննարկվում  է նաև մերձավորարևելյան կարգավորման Թրամփի նախաձեռնությունը, այսպես կոչված «Դարի գործարքը», որը միջազգային հանրության կողմից արդեն որակվել է իսրայելամետ և մերժվել Պաղեստինի կողմից։

Կարանտինային շաբաթները իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ դարձել են  «կորոնահրադադարի» շրջան․ չի եղել ոչ մի կրակոց, հարձակում կամ ահաբեկչություն։ Բայց կորոնավիրուսից բուժվելուց հետո տարածաշրջանը կվերադառնա հին սովորույթներին․ մեծ քաղաքականությունը կրկին տեղափոխվում է իրական շփումների հարթություն։

Back to top button