Առողջությո՞ւն, թե՞ տնտեսություն․ համաշխարհային երկընտրանքը` նաև Հայաստանի առաջ


Նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 180: Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվն արդեն 3,718 է, մահվան դեպքերը՝ 48:
Կառավարությունում կարծում են, որ արտակարգ դրության երկարաձգումը այլընտրանք չունի, բայց նաև անհնար է շարունակել տնտեսական սահմանափակումների ռեժիմը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց՝ սահմանափակումների ավելի մեղմ ռեժիմով։
Մարտի 16-ից գործող արտակարգ դրությունն ավարտվում է վաղը՝ ժամը 17-ին։ Եթե այն ևս մեկ ամսով երկարաձգվի, Հայաստանում կսկսվի արտակարգ երրորդ միամսյակը։
«Լինե՞լ , թե՞ չլինել»․ Համլետի մենախոսության հայտնի հարցը արտակարգ դրության պայմաններում դարձել է՝ շարունակե՞լ, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրավիճակն աննախադեպ է․ ամբողջովին բացվել չի լինում, փակվել նույնպես։
«Այս իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»։


Վարչապետն այսօր որոշել էր մոտ 15 րոպե շրջել մայրաքաղաքում ու պարզել, թե կորոնավիրուսի և սահմանափակումների վերաբերյալ ինչ մոտեցումներ ունեն մեր համաքաղաքացիները։ Մարդկանց կարծիքները տարբեր են։ Ոմանք կորոնավիրուսի գոյությանն ընդհանրապես չեն հավատում և համավարակին վերաբերվում են ի միջի այլոց։ Շատերը ցանկանում են, որ հանրային տրանսպորտը վերսկսի աշխատանքը։ Որոշներն էլ կարծում են, որ առանց դիմակի փողոց դուրս գալու համար պետք է տուգանք սահմանվի։
«Մենք, ցավոք, այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները։ Եվ դրա համար մենք պետք է վարչական լծակներ օգտագործենք»,- նշեց վարչապետը։
«Մենք կիսակյանքով չենք կարող ապրել, քանի որ մեկ տարի կորոնավիրուսը մեզ հետ կլինի»,–ասում է վարչապետը։ Կիսակյանքով ապրելուն կողմնակից չէ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ եթե պետությունը շարունակի սահմանափակել տնտեսվարողների գործունեությունը, ապա տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ։


«Եթե թվերը լինեն այնպիսին, որ առողջապահական վտանգի առջև կանգնենք, ապա նորից հետ կգնան սահմանափակումների: Պետք է բացել, հետո խստագույնս պահանջել գործատուներից ապահովել այն պայմանները, որոնք պետք են մարդկանց անվտանգության համար»,- նշեց Մելքումյանը:
Իսկ ի՞նչ են կարծում մասնագետները, ինչպե՞ս լուծել «առողջությո՞ւն, թե՞ տնտեսություն» երկընտրանքը։
Արտակարգ դրությունը կարելի է վերացնել յուրաքանչյուր ոլորտում համակարգված քայլեր ձեռնարկելու դեպքում՝ կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։


Նրա գնահատմամբ՝ լուրջ անիլիք ունի ոչ միայն կառավարությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները։
«Ցավալիորեն կառավարման համակարգը այսօր արդյունավետությամբ աչքի չի ընկնում, ու այստեղ մեծ դերակատարություն ունի ոչ միայն էկոնոմիկայի,այլև Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։ Ու այս դժվարին ժամանակաշրջանում մենք պետք է հասկանանք, թե որ ոլորտներից մենք նվազագույն վնասներով դուրս կգանք»,-ասաց Մանասերյանը։
Այս պահին դեռ հստակեցված չէ, թե որքան ժամանակով ու ինչ պայմաններով կերակարաձգվի արտակարգ դրությունը, հավանաբար որոշումը կկայացվի վաղը՝ կառավարության նիստում։