ԿարևորՏնտեսական

Փող վերադարձնողը ջուրն է, իսկ այստեղ կառավարման խնդիր կա. ֆերմեր

Որոշ գյուղատնտեսներ խուսափում են դիմել գյուղվարկերի օգնությանը՝ մտահոգվելով դրա վերադարձելության խնդրով: Ոմանք կարծում են, որ թեկուզ անտոկոս վարկերի վերադարձելիության խնդիրը երբեմն իրենցից դուրս հանգամանքներով են պայմանավորված, օրինակ՝ ոռոգման ջրի խնդրով, որտեղ շատ դեպքերում ոչ թե ջրի պակասության հարց է լինում, այլ եղած համակարգի հնարավորությունների ճիշտ ու մասնագիտորեն կառավարման:

Պարզվում է, որ վարկերի վերադարձելիության հարցում ռիսկերը գնահատող առաջին կարեւոր օղակը հենց բանկերն են, ընդ որում՝ այստեղ մարդկային գործոնը գրեթե հավասարեցված է զրոյի:            

Բանջարաբույծ Արամ Պողոսյանը սովորաբար խուսափում է վարկերի օգնությանը դիմելուց:  

«Ցանկացած վարկի համար, որ գյուղացին դիմում է բանկ, պետք է եռակողմ կնքի պայմանագիրը, որ պետությունը նախ գյուղացուն պարտավորեցնի, եւ բանկին պարտավորեցնի՝ տվյալ բիզնեսը ֆինանսավորելու համար: Մասնագիտորեն է պետք այդ ամենին  մոտենալ, որովհետեւ մարդ կարող է չիմանալով գնա ինչ-որ մի բանի համար վարկ վերցնի ու «էդ փողի տակից չկարողանա դուրս գա» ,- ասաց Արամ Պողոսյանը:

Արամը, միակը չէ, որ խուսափում է վարկերի օգնությանը դիմելուց: Մեկ այլ ֆերմեր՝ Ռաֆայելը, որը նույնպես հողագործությամբ է զբաղվում Արմավիրի մարզում, ասում է, որ խնդիրը ոչ այնքան թեկուզ անտոկոս վարկ վերցնելն է, որքան դրա վերադարձնելության հնարավորությունը գնահատելը: Գնահատելու առումով էլ իր համար առաջնայինը ոռոգման ջրի խնդրի առկայությունն է, ինչից էլ առավելաբար կախված է կոնկրետ իր բերքի ծավալները:

Ֆերմերն ասում է, որ ոլորտում լուրջ մասնագիտական կառավարման խնդիր կա.

«Մենք գնացինք, ասենք թե, 50 մլն վարկ վերցրեցինք, դրեցինք հողի մեջ ու ջուր չունեցանք, ի՞նչ ենք անելու, լավ: Ո՞նց ենք վերադարձնելու պետության էդ փողը կամ ո՞նց ենք վճարելու մեր աշխատողներին: Սա է ամբողջ խնդիրը: Մեր խնդիրը ոռոգումն է՝ ջուրը: Փող վերադարձնողը ջուրն է էսօր»,-ասում է ֆերմերը:  

Բանջարաբույծի այս մտահոգությամբ կիսվեցինք բանկերից մեկի վարկային մասնագետի հետ: Այնպես չէ, որ բանկերի վարկային մասնագետները վարկ տրամադրում են՝ առանց հաշվի առնելու գոյություն ունեցող այդ ռիսկերը՝ ասաց նա: Շեշտեց, որ վարկային հայտերն էլ, սովորաբար քննարկում-վերլուծում են ոչ թե ելնելով, եթե կարելի է ասել, մարդկային գործոններից ու արժանիքներից, այլ՝ շատ հստակ չափորոշիչներից բխող տնտեսական հաշվարկներից:

Ընդ որում՝ այդ ամենը կատարվում է ավտոմատ եղանակով՝ համակարգչային ծրագրի միջոցով: Ի պատասխան մեր կեսկատակ հարցադրմանն էլ ասաց, որ խիղճը եւ մարդկային այլ նմանօրինակ զգացումներն այստեղ անելիք չունեն, քանի որ մասնագետն ինքն էլ ունի իր չափաբաժին պատասխանատվությունն այնպես, ինչպես, օրինակ, վարկառուն՝ իր ստացած վարկը վերադարձնելու հարցում:       

«Վարկ տրամադրելու կամ չտրամադրելու հարցում  անգամ վարկային մասնագետի գործոնն է գրեթե հավասարեցված զրոյի: Բանկային ավտոմատ համակարգչային ծրագիրն ինքն է հաշվարկը կատարում՝ հաճախորդի հայտնած տվյալների հիման վրա: Իհարկե, վարկային մասնագետը, անհրաժեշտություն տեսնելու դեպքում, ստուգում է նաեւ հայտնած տվյալների համապատասխանությունը իրականությանը: Օրինակ, գյուղվարկավորումների պարագայում, ենթադրենք, հաճախորդն ասում է, որ ունի x թվով կով, իսկ ընտանիքն էլ բաղկացած է y թվով անդամներից եւ ցանկանում է ստանալ z չափի գումար: Ներմուծված այդ տվյալներով բանկային համակարգչային ավտոմատ ծրագիրն ինքը վերլուծություն է կատարում՝ հաշվելով կովերի պահելու ծախսերը, ընտանիքի անդամների համար կատարվող ծախսերն ու այլ ծախսերը եւ գնահատում հաճախորդի վարկունակությունը, թե որքա՞ն գումար կարելի է տալ տվյալ հաճախորդին: Այդ գումարը կարող է ե՛ւ բարձր լինել հաճախորդի ցանկացած գումարի չափից, ե՛ւ ցածր: Այս դեպքում հաճախորդն է որոշում վերցնել, թե՞ չվերցնել: Ավտոմատ ծրագիրը կարող է նաեւ մերժել եւ վերջ»,- ասում է վարկային մասնագետը:  

Բանջարաբույծ-գյուղատնտես Արամ Պողոսյանն ասում է նաեւ, որ  այսօր աշխատանքները նույն կերպ է կազմակերպում ու առաջ տանում, ինչպես մինչեւ, այսպես ասած, կորոնավիրուսային պայմանները: Խոսքը զուտ աշխատանքների  ու պլանավորած բերքի ստացման մասին է: Բանջարաբույծը, սակայն, մտավախություն ունի՝ ստանալիք բերքը որտե՞ղ եւ ինչպե՞ս է իրացնելու: Գյուղատնտեսը կարծում է, որ իրացման խնդիրներում  պետք է օգտակար լինի պետությունը:

Դրա համար, ըստ նրա, վարկավորումը պիտի լինի եռակողմ, որպեսզի պետությունն էլ հստակ իմանա ի՞նչ եւ ի՞նչ չափի է անհրաժեշտ, որ իրենք արտադրեն:

«Պետությունը նախ պետք է ունենա բոլոր վերամշակող գործարաններից տվյալները՝ ինչքան պտուղ-բանջարեղեն իրանք կարող են մթերել: Պետությունը նաեւ պետք է վերահսկի, որ չստացվի շուկայում այնքան ավելցուկ լինի, որը բերի գնի անկմանը եւ չլինի ապրանքի դեֆիցիտ, որը կբերի արհեստական գնի բարձրացմանը»:

Ընդհանրապես նման հարցը միջազգային պրակտիկայում լուծվում է տարբեր բորսաների միջոցով: Մինչեւ ցանք անելը գնորդն ու ֆերմերը պայմանավորվում են գնի եւ արտադրանքի ծավալի մասին: Հենց այդ կերպ էլ՝ առաջարկ-պահանջարկից կախված, ձեւավորվում է գինը: Եթե պետական աջակցությամբ նման հարթակ ձեւավորվի մեզ մոտ, ապա խնդիրը կլուծվի:

Բանջարաբույծ Արամ Պողոսյանն ասում է, որ իրականում նման պայմանագրեր մեզ մոտ նույնպես կան: Իրենք պայմանագրեր կնքում են գործարանների հետ, որոնց պետությունն էլ դրա համար էժան փող է տալիս՝ իրենց արտադրանքը գնելու համար:

Բայց գյուղատնտեսը միաժամանակ նկատում է.  «Երբ մենք գնում ենք պայմանագիր կնքելու՝ մարտ-ապրիլ ամիսն է: Այն փուլը, երբ մեզ անհրաժեշտ է գումար՝ հողի վրա ներդնելու համար, իսկ ահա վերամշակողը, ունենալով այդ գումարը եւ իմանալով, որ մեզ խիստ անհրաժեշտ է, ինքն է, կոպիտ ասած, գին թելադրում: Դա էլ է լուրջ խնդիր»:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն էլ պիտի կարողանան քեզ ճիշտ ուղղորդել՝ արդյունք ստանալու համար, իսկ դրա համար նաեւ պրակտիկ գիտելիքներ են հարկավոր, ասաց ֆերմերը՝ եզրափակելով.

«Կաբինետներում նստելով գյուղատնտեսություն չեն կառուցում: Մենք ինչ հիշում ենք վերջին 8-10 տարիներին՝ մենակ խոսում են կոոպերացիաներ ստեղծել եւ խելացի գոմեր ստեղծել: Ուրիշ ոչ մի բանից ես չեմ հիշում, որ խոսվի: Հայտնի էլ չի, թե էդ խելացի գոմերն ինչո՞վ են անհրաժեշտ. արդյոք մեզ պե՞տք են այդ խելացի գոմերը, թե՞ պետք չեն»։

Back to top button