ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը ՝ առանց «Լուսավոր Հայաստան»–ի․ բոյկոտից ելք կա՞

Վեց օրում խորհրդարանը կարողացել է ավարտել լիագումար նիստերի աշխատանքը, բայց սահմանված օրակարգը չի սպառել։ «Լուսավոր Հայաստան»–ի  հեղինակած նախագծերը չեն քննարկվել խմբակցության բոյկոտի պատճառով։

Ուրբաթ օրվա հայտնի միջադեպից հետո հայտարարված բոյկոտը դեռ շարունակվում է։ Խորհրդարանական մեծամասնությունն արել է իր առաջարկները, ընդդիմությունը արձագանքել է դրանց, բայց «սայլը» տեղից առայժմ չի շարժվում։ Պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում է ստանալու իրավիճակը։  

Անցյալ շաբաթվանից սկսած լիագումար նիստերը խորհրդարանն ավարտեց՝ առանց սպառելու օրակարգը։  Երկու հարց այդպես էլ չքննարկվեց քաղաքական բոյկոտի պատճառով։ Երկու նախագծի հեղինակն էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն են, որոնք ուրբաթ օրվանից լքել են ԱԺ նիստերի դահլիճը։ Նման իրավիճակների համար լուծում է առաջարկվում  կանոնակարգով։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան․ «Մենք, ըստ էության, բոլոր հարցերը չենք սպառել, բայց հիմնական զեկուցողները ներկա չեն դահլիճում։ Կանոնակարգը այսպիսի դեպքերում նախատեսում է, որ եթե հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը բացակայում է,  քննարկումը ավտոմատ կերպով երկու ամսով հետաձգվում է։ Նախատեսվում են նաև հետագա դեպքերը»։

Հետագա դեպքերը ենթադրում են այլ զարգացում։ Հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ։ Եթե երկամսյա ժամկետից հետո հիմնական զեկուցողը քննարկմանը կրկին չի ներկայանում, ապա՝ նախագիծը հանվում է շրջանառությունից։ «Լուսավոր Հայաստան» –ի ներկայացրած 2 նախագծերն էլ պետք է քննարկվեին երկրորդ  ընթերցմամբ։ Ստացվում է, որ դրանց ճակատագիրը կախված է քաղաքական որոշումներից։

Քաղաքական բոյկոտից աշխատանքային ռեժիմին վերադառնալու համար քաղաքական փոքրամասնությունը պայմաններ է առաջադրում  մեծամասնությանը։ Չի ընդունում այն լուծումը և քաղաքական այն պատասխանատվությունը, որը ուրբաթ օրվա միջադեպի հարթման համար առաջարկել է  «Իմ քայլը» խմբակցությունը։

Ըստ ամենայնի, մանդատներ վայր չեն դնի ոչ «Իմ քայլը», ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ Էդմոն Մարուքյանն արդեն արձագանքել է Լիլիթ Մակունցի առաջարկին՝ 3–3 համամասնությամբ վայր դնել մանդատները։ Ըստ առաջարկի՝ պատասխանատվություն պետք է կրեն ուրբաթ օրը խորհրդարանում ծեծկռտուքի նախաձեռնողներն ու հիմնական մասնակիցները։

Էդմոն Մարուքյանը խորհրդարանական մեծամասնության կողմից ստացված առաջարկին արձագանքել է ոչ թե խորհրդարանում, այլ՝ Արցախից, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում։  

«Մանդատ եք ուզո՞ւմ, մանդատ չեք ստանալու։ Մենք բռնության զոհն ենք, իսկ դուք բռնության հեղինակներն ու նախաձեռնողները։ Մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում։ Դա բացառված է։ Հույս չունենանք, որ դուք կմնաք այս պայքարի մեջ նախկինների կռվի մեջ։ Նախկինները գնացել են, դուք էլ եք գնալու ու մենք ենք գալու։ Ախր, պարոն Միքայելյան, անգիր գիտեք ում հետ գործ ունեք, գիտեք, որ 1 հատ խփեք՝ 67 հատ ստանալու եք։ Ի՞նչ եք ամբիոնից խոսում»,- ասաց Մարուքյանը։  

«Իմ քայլը» խմբակցությունում որոշել են Էդմոն Մարուքյանի այս տեսաուղերձին չարձագանքել։ Գործընկերոջ 11 րոպեանոց խոսքում քաղաքական ընդամենը մեկ դրվագ են նկատել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վերջին անգամ է անդրադառնում ստեղծված իրավիճակին և ոչ Էդմոն Մարուքյանին պատասխանելու համար։

«Այդ դաշտ չեմ մտնելու, որովհետև դա քաղաքական դաշտ չէ։ Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ։ Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որևէ կերպ իր մեղքի մասնաբաժինը միջադեպի առնչությամբ չի ընդունում, մենք հնչեցրեցինք քաղաքական հայտարարություններ և ասացինք, որ նրանք զոհ չեն, այլ կոնֆլիկտի կողմ են։ «Իմ քայլը» խմբակցությունը դատապարտել  է տեղի ունեցածն իր մասով, նաև իր հետևություններն է արել։ Մենք լիահույս ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես կանի հետևություններ՝ թեկուզ ոչ հանրային, ոչ հրապարակային և մեր աշխատանքները կվերադառնան բնականոն, քաղաքական, բովանդակային դաշտ»,- նշեց Մակունցը։  

Ի՞նչ հանգուցալուծում  կստանա իրավիճակը, և  արդյո՞ք այն փակուղային է․ այս հարցերն առայժմ անպատասխան են։ Փաստ է միայն, որ 3 օր  խորհրդարանում աշխատում է երկու խմբակցություն, իսկ երրորդի վերադառնալու և իրավիճակը հարթելու շուրջ երկխոսությունն առայժմ չի ստացվում։  Խորհրդարանի հաջորդ լիագումար նիստը կգումարվի մայիսի 26–ին։

Back to top button