ԿարևորՀասարակություն

Լինել շրջահայաց ու ճկուն․ նոր բիզնես սկսելու խորհուրդներ՝ տնտեսագետից

Գործարարների մեծ մասը  հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ են սկսել աշխատել, ճգնաժամը հնարավորություն է տվել շատերին առեւտուր անել հեռավար։ Տնտեսական վերլուծություններով զբաղվող կենտրոնում այս օրերին զանգերը չեն դադարում։ Մարդիկ փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։ «Ինչ անել» հարցին կենտրոնում տալիս են կոնկրետ պատասխաններ` հաշվի առնելով մի քանի հանգամանքներ։

«Ի՞նչ»-ով սկսվող հարցերն այս օրերին ամենաշատն են։ Ի՞նչ անել, ինչպե՞ս սկսել, ի՞նչ է սա, ինչքա՞ն կտեւի. այս հարցերը ամենից շատ առաջանում են փնտրտուքի մեջ գտնվող մարդու մոտ, թեեւ լավ ժամանակների սպասողներին նույնպես հետաքրքրում են այս հարցերի պատասխանները։ Այժմ վերադասավորումների կամ երազելու ժամանակաշրջան է։  Հոգեբանները կասեն, որ երազանքը հենց այնպես չի տրվում մարդուն, դա էլ թերեւս պարգեւ է, որին ոչ բոլորն են արժանանում։

Իսկ ինչպե՞ս վարակվել երազելու, ապա եւ երազանքը իրականություն դարձնելու կարողությամբ: Գործարարները կհուշեն, թերեւս, որ պետք է քայլ գցել, գործել, հետո արդեն ճանապարհը կբացվի։

Տնտեսական վերլուծություններով զբաղվող «Մոդեքս» խորհրդատվական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը մինչ կոնկրետ գործնական առաջարկներ անելը, հիշեցնում է, որ նման իրավիճակներ տնտեսական պատմության մեջ էլի են եղել։

 «Նախկինում եւս նման փորձ եղել է։ Խոսքը 1918-20թթ-ի իսպանական գրիպի ընթացքում նաեւ տնտեսական ճգնաժամի մասին է։ Այնպես որ, տնտեսական պատմության մեջ մենք նման իրավիճակ ունեցել ենք։ Ճգնաժամը լավ հնարավորություն է  սեփական բիզնեսի թերությունները բացահայտելու եւ ավելի մրցունակ բիզնես ձեւավորելու համար։ Հիմնական խորհուրդը՝ շրջահայաց լինելն է, փորձել լինել ադապտիվ։ Փորձել հասկանալ, թե ինչ նոր բիզնես ուղղություններ կան, որ կարող են գրավիչ լինել։  Ու պետք չէ կենտրոնանալ կարճաժամկետ ծրագրերի վրա, որ կարող են այս պահին հաջողակ լինել, բայց երկարաժամկետ առումով՝ անարդյունավետ։ Օրինակ, եթե գործարարը որոշի զբաղվել բժշկական դիմակների արտադրությամբ, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ այդ բիզնեսի երկարաժամկետ հեռանկարը 1,5 տարի է։ Լուրջ հնարավորություններ են ստեղծված գյուղատնտեսության համար, քանի որ կառավարությունը  սուբսիրդավորում է։ Օրինակ` ոչխարաբուծությունը հեռանկարային է եւ արդյունավետ, անսահմանափակ քանակությամբ արտահանելու հնարավորություն կա Պարսից ծոցի երկրներ։ Օդանավով փոխադրումներ են իրականացվում Կատար, Հորդանան ․․․  Սննդամթերքը միակ ապրանքն է, որի պահանջարկը միշտ կա։ Խմիչքներին սա չի վերաբերում»,- նշում է Հայկազ Ֆանյանը։

Այս օրերին շատերը մտածում են այգեգործության մասին, սակայն Հայկազ Ֆանյանը հուշում է, որ այգեգործությունը կարող է արդյունավետ լինել, եթե այն արդյունաբերական է։   Խորհուրդներ սակայն ճիշտ կլինի կոնկրետ դեպքերի համար՝ ասում է․

 «Մոդեքս» խորհրդատվական կենտրոնին այս օրերին ավելի շատ են դիմում։ Բիզնես ծրագրեր, խորհրդատվություն. բոլորն ուզում են հասկանալ, թե ինչպես  արդյունավետ գործ ձեռնարկել։ Այս հարցում էլ ուղղորդումը գյուղատնտեսությունն է:

Այս օրերին զարգանում է նաև առցանց առեւտուրը։ Ալկոգելի արտադրությունը կարող է հաջող բիզնես լինել, քանի որ ճգնաժամը վարքականոն է ձեւավորում՝ հուշում է զրուցակիցս։

Մինչ գիտական միտքը ողջ աշխարհում օր ու գիշեր տքնում է գտնել վիրուսի դեմ պայքարի միջոցը,  դուք երազեք և, ինչպես տնտեսագետն է ասում,  օգտվեք ընձեռված հնարավորությունից ու քայլ արեք։

Back to top button