ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս անշարժ գույքի շուկան կարձագանքի համավարակին

Ճգնաժամի պայմաններում տնտեսությունում ամենաարագ արձագանքող  ոլորտներից  մեկը անշարժ գույքի շուկան է։ Գործարքները նվազում են, գները իջնում։ Այս տարվա մարտին  փետրվարի համեմատ արդեն 6 տոկոսով նվազել են անշարժ գույքի գործարքները։  Անշարժ գույքի գործակալությունները մոտ երկու ամիս բնակարան գրեթե չեն վաճառել։

Ինչպե՞ս են նրանք աշխատել արտակարգ դրության օրերին, կարողացե՞լ են արդյոք բնակարանների հեռավար ցուցադրություն կազմակերպել։ Ընդհանապես, ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում։

COVID 19- ը  համաշխարհային շուկայում փոխեց անշարժ գույքի շուկայի գործակալների աշխատաոճը։  Հաճախորդներին նրանք բնակարաններ առաջարկում են հեռավար։ Օրինակ՝ Հյուսիսային Կարոլինայում բնակարաների   3D  պատկերներով,  վիրտուալ  շրջայցեր են կազմակերպում,  անօդաչու սարքերով  ցույց  տալիս  վաճառվող տները։  

Արտակարգ դրության ու տեղաշարժման սահմանափակումների այս օրերին   անշարժ գույքի վաճառքով ու դրա գնահատմամբ զբաղվող  «Ռեդ  ինվեստ   գրուպ» ընկերության գործակալները մեկ  կամ երկու անգամ են  բնակարանի ցուցադրության գնացել՝  գնացել են դիմակով, ձեռնոցով ու ալկոգելով։

Ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը փաստում է. «Շատ բացառիկ դեպքերում են անշարժ գույքի ցուցադրություններ տեղի ունեցել։ Նախ և առաջ ուզում են իրենց ապահովագրել բոլորը՝ գործակալը, գնորդը, վաճառողը։ Եթե մի այնպիսի սրված իրավիճակ է, որ գնորդի ստիպված է  բնակարան ձեռք բերել, ասենք` ստիպված է, քանի որ կորոնավիրուսից առաջ բնակարանը վաճառել է, այժմ պետք է  նորը ձեռք բերի, քանի որ բնակարանն ազատելու  ժամանակն է։  Վաճառողներն էլ են իրենց հերթին զգուշավոր։  Հետևաբար` կարող եմ վստահ ասել, որ այ ընթացքում մեկ-երկու ցուցադրություն ենք ունեցել»։ 

 Առաջնային շուկայի դեպքում կարողանում են աշխատանքը հեռավար կազմակերպել։ Ցուցադրությունների կարիք չկա։  Նախագծերը տեղադրված են օնլայն տիրությում.

«Անհրաժեշտ նյութերը հնարավոր է գնորդին հեռավար տրամադրել՝ նախագծերը, բնակարանների աշխարհագրական դիրքը, նախագծերը, նաև՝ հեռավար իրավաբանական խորհրդատվություն իրականացնել հնարավոր է»։ 

Այս օրերին նոր նախագծեր  չի արել նաև ճարտարապետ,  նախագծերի հեղինակ Հարություն Այվազյանը։  Պատվերները վերջին 1-1․5 ամսում մոտ  60 տոկոսով նվազել  են։ Աշխատում է օնլայն, սակայն ծանոթ պատվիրատուների հետ։  Հիմնականում հաճախորդների ճաշակի հետ է հարմարվում, սակայն խոստովանում է՝  լավ կլիներ, եթե  ստեղծագործելու հնարավորություն տային.

«Նոր  պատվիրատուի հետ  հնարավոր չէ ծանոթանալ, գործ անել։ Հիմնականում ծանոթ պատվիրատուներն են, որոնց գործը պետք է շարունակվի, օնլայն ենք աշխատում։ Եթե նոր պատվերի մասին է խոսքը` նոր պատվեր չկա»,- ասում է Այվազյանը։

Ամբերդ հետազոտական կենտրոնի  hրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանն արձանագրում է՝  մինչեւ  համավարակն անշարժ գույքի շուկայում որոշակի միտումներ նկատելի էին․ առաջարկը գերազանցում էր  պահանջարկին։ Սա շուկայի փոփոխությունների մասին էր վկայում։ Այս շուկայում երկար ժամանակ է, ինչ գները բարձրացել են։  Երևանում բազմաբնակարան շենքերի  բնակարանների գները մեկ տարվա ընթացքում բարձրացել են ավելի քան 12 տոկոսով։

«Անշարժ գույքի շուկայում գների նվազում է սպասվում։ Համավարակն ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, անշարժ գույքի շուկան անմասն չէր կարող մնալ։ Ուսումնասիրելով  վիճակագրական տվյալները՝ նկատում ենք, որ գործարքները նվազել են, սակայն, գների նվազում դեռ չի նկատվում»,- նշում է փորձագետը։ 

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում մոտ 43 հազար (42 720) գործարք է գրանցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 տոկոսից ավելի։ Իսկ ահա մարտին գրանցվել է մոտ 15․5 հազար (15 442) գործարք, որը փետրվարի համեմատ 6 տոկսով պակաս է։

«Սա բացատրվում է  այս փուլում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումներով ու անշարժ գույքի շուկայի մասնակիցների սպասողական տրամադրությամբ»,- ասում է Մերի Հովսեփյանը։

Այս պահին հատկապես տուժում են իրենց բնակարանները  զբոսաշրջիկներին  օրավարձով տրամադրողները։ Ակնկալվում է, որ այս բնակարանների մի մասն էլ առաջիկայում վաճառքի կհանվի, քանի որ հատկապես նվազել է անշարժ գույքի  վարձակալության պահանջարկը։  

Back to top button