ԿարևորՄշակույթ

Երբ Սալվադորը դարձավ Դալի

Այսօր բոլոր ժամանակների ամենահայտնի սյուռեալիստը կդառնար 116 տարեկան։ Սալվադոր Դալին ու Պաբլո Պիկասոն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում են։ Նրանց ցուցադրությունը բացվեց մարտի 7-ին ու փակվեց մեկ շաբաթ անց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված։

Եկեք երկու բան պատկերացնենք. Սալվադոր Դալին ու Պաբլո Պիկասոն ողջ են, և երկու իսպանացիները եկել են Հայաստան՝ Դալիի 116–ամյակը նշելու Ազգային պատկերասրահում։

Այս միտքն այնքան սյուռեալիստական է, որքան Դալին, որքան այս երկուսի ընկերությունը ու որքան այն իրավիճակը, որում հայտնվեց նրանց համատեղ ցուցադրությունը Երևանում։

Ազգային պատկերասրահում նրանք առանձին դահլիճներում են, բայց երևի այս օրը միասին կնշեին։ Դալին կգնար Պիկասոյի մոտ, ինչպես 1926–ին՝ Փարիզում։ Մեկ ժամ շուտ, անհանգիստ, կարծես Հռոմի պապի հետ է ժամադրված ու սպասողական, կարծես Լուվր է գնում։

Ներս մտնելիս կասեր ճիշտ այն,  ինչ ասաց Փարիզում սրանից մոտ մեկ դար առաջ.

–Ես ձեզ մոտ եկել եմ ավելի շուտ, քան Լուվր։

–Եվ շատ ճիշտ եք արել,– կպատասխաներ Պիկասոն։

Դրանից հետո նրանք կնստեին սեղանի շուրջ, որի վրա մի–մի ձվի փոխարեն ծննդյան տորթ կդնեին ու կխոսեին նվերների մասին։ Դալին  հաստատ կհիշեր այս մեկը։

«Պիկասոն, որ հանճար է, միակն էր, որ ինձ փող տվեց, ինչի շնորհիվ ես կարողացա ճամփորդել Ամերիկա»,– Դալին է ասում։

Իր առաջին ճանապարհորդությունը Դալին կարողացավ  կատարել 1934–ին  հենց  Պաբլո Պիկասոյի  տված  500 դոլարով։ «Դալիի աշխարհ» հիմնադրամի նախագահ Բենջամին Լևին մի առիթով ասել է, որ Դալին փողի արժեքը չէր հասկանում, ու գրպանն էլ միշտ դատարկ էր։

Կարծում եմ՝ եթե ծննդյան արարողությունն այս նվերի պատմությամբ սկսվեր, Պիկասոն իր արածի համար ոչ միայն չէր փոշմանի, այլև գուցե ևս մի 500 դոլարանոց դներ Դալի գրպանում։ Բայց եթե Դալին Պիկասոյից 500 դոլարանոց ստանար, անտարբեր կլիներ՝ նախ, որովհետև այդպիսինն էր դեռ 1934–ին  ու որովհետև ծախսելու տեղ առանձնապես չկա։

Այս երկու նկարիչների անուններն իրար կողք կողքի դնելուց առաջ պետք է հիշել, որ նրանք իրար դեմ առ դեմ են, հակադրվող տրամաբանության մեջ, ինչպես  Պիկասոյի խոսքն է ֆրանսերենով։

Ես կասկած անգամ չունեմ, որ Ազգային պատկերասրահում անցկացրած ծննդյան օրը Դալին կխոսեր իսպաներեն, իսկ Պիկասոն՝ ֆրանսերեն։ Ու նա, հենց ֆրանսերենով, կմիացներ հեռուստացույցը, որն այնքան էլ շատ չէր սիրում, ու կպատմեր, թե ինչպես այն նվեր ստացավ.

«Ես մի հեռուստացույց ունեի։ Այն ինձ նվիրել էին, որ դիտեմ արքայադուստր Մարգարետի հարսանիքը։ Տեսա, թե նա ինչպես է քայլում, ու դրանից հետո շարունակեցի դիտել այդ հարսանիքը  միայն նրա քայլվածքի համար»,– Պիկասոն կպատմեր։

Իսկ Պիկասոյի ֆրանսերեն խոսքին ի պատասխան Դալին կասեր. «Պիկասոն իսպանացի է, ես նույնպես, Պիկասոն հանճար է, ես նույնպես։ Պիկասոն 72 տարեկան է, ես՝ 48։ Պիկասոն աշխարհահռչակ է, ես նույնպես։ Պիկասոն կոմունիստ է, ես՝ ոչ»։

Հենց այս խոսքերով ինքը՝ Դալին, կդառնար առաջինը, որ կգծեր իր ու Պիկասոյի հակադրության ու հանճարեղության սահմանը։

Հետո կհիշեին իրենց ռուս կանանց, մի լավ կխմեին, քանի դեռ պատկերասրահի աշխատակիցները չեն եկել։

«Ցուցահանդեսը չի գնացել, այստեղ է։ Հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս վիճակը կարգավորվելուց հետո որոշ ժամանակ ցուցահանդեսը կշարունակվի: Բայց երբ ու ինչքան, հայտնի չէ»,-  ասում է Ազգային պատկերասրահի հանրային կապերի բաժնի վարիչ Անուշ Նիկողոսյանը:

Այս խոսքերն իսպանացիները կլսեին, հայերեն այս խոսքից կհասկանային միայն իրենց անուններն ու 20-րդ դարի ամենահայտնի սյուռեալիստն ու կուբիստը կանցնեին իրենց սենյակները՝ սպասելով արտակարգ դրության ավարտին։

Back to top button