ԿարևորՔաղաքական

Սասուն Միքայելյանը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնի մանդատը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ԱԺ իր ելույթի ժամանակ հայտնել է, որ մանդատը վայր կդնի այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս վճռի դա անել: 

Միքայլելյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվել է դահլիճում, կատարվել է Մարուքյանի մեղքով:  Նա կարծում է, որ կարող են իրենք երկուսով մանդատները վայր դնել: «Իսկ կուսակցությունները շարունակեն իրենց գործը»,-ասաց պատգամավորը, ըստ էության շեշտելով, որ եթե Մարուքյանը մանդատը վայր դնի, ինքն էլ կդնի:

Նա ակնկալում է նաև, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը ներողություն կխնդրի՝ իր մոր հասցեին սոցիալական ցանցի էջում հրապարակային գրառմամբ արված վիրավորական արտահատության համար:  Միքայելյանն առաջարկեց նաև, որ Էդմոն Մարուքյանն էլ նույն կերպ ներողություն խնդրի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից:

«Մարուքյանի մայրը սուրբ է ինձ համար։ Ես զինվոր եմ եղել, բոլորի մայրերն ու քույրերն ինձ համար սրուբ են»,- նշեց Միքայելյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտնեց, որ մանդատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, բայց մեկ պայմանով․

«Իրավիճակը հարթելու համար և հետագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար պետք է իրավիճակն ունենա քաղաքական հետևանք: Այդ հետևանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը:  Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր դնել պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ իրենց մանդատները վայր են դնելու նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, և սա է արդարությունը, և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,-նշեց Մակունցը։

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո երկու թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես իր ելույթում նշել էր, որ միջադեպը պետք է ստնանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը:

Back to top button