ԿարևորՄիջազգային

«Մնա տանը» կոչի փոխարեն նոր կարգախոս` «զգոն եղիր». Բորիս Ջոնսոն

Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով կորոնավիրուսի պատճառով մարտի վերջին սահմանված կարանտինային միջոցառումների մասնակի թուլացման մասին:

Ինչպես BBC-ին է գրում, երկուշաբթի օրվանից մարդիկ, ովքեր չեն կարող տանից աշխատել, օրինակ՝ շինարարները, կարող են գնալ աշխատանքի՝ հնարավորության դեպքում չօգտվելով հասարակական տրանսպորտից:

Չորեքշաբթի օրվանից լիովին հանվում են մաքուր օդում զբոսնելու և սպորտով զբաղվելու սահմանափակումները: Երկրի բնակիչները այժմ կարող են զբոսնել այգիներում կամ գնալ ինչ-որ տեղ մեքենայով, բայց միայն իրենց ընտանիքի անդամների հետ:

«Մնա տանը» կոչի փոխարեն շրջանառվում է նոր կարգախոս` «զգոն եղիր»: Պահպանվում են սոցիալական հեռավորության միջոցները, իսկ խախտողների համար սահմանվում են ավելի մեծ տուգանքներ, դրանց գումարը կարող է հասնել 3200 ֆունտի:

Սպասվում էր, որ կարանտինային ռեժիմի մեղմացումները կլինեն ավելի էական, բայց Ջոնսոնն ասել է, որ դեռ վաղ է խոսել սահմանափակումները վերացնելու կամ լրջորեն թեթևացնելու մասին:

Նրա խոսքով ՝ խանութներն ու դպրոցները կկարողանան բացվել ոչ շուտ, քան հունիսի 1-ը, իսկ պանդոկները, ռեստորաններն ու հյուրանոցները կվերսկսեն իրենց աշխատանքը հուլիսից ոչ շուտ:

Ջոնսոնի հայտարարությունը վերաբերում է միայն Անգլիային. Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները ինքնուրույն որոշում կկայացնեն: Ուելսի առաջին նախարար Մարկ Դրեյկֆորդն արդեն հայտարարել է, որ տեղական իշխանությունը չի վերացնի սահմանափակումները:

Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը քննադատել է Ջոնսոնի ծրագիրը՝ նշելով, որ ինքը չի հասկանում «զգոն մնալու» կարգախոսի իմաստը, «մնա տանը» հստակ ազդակի փոխարեն, բրիտանացիները ստանում են «շատ ավելի անորոշ» մի բան:

Ինչպես ընդգծել է Բրիտանիայի լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերը, Ջոնսոնի ելույթից հետո երկրի բնակիչների մոտ ավելի շատ հարցեր են ծագել՝ ուղղված կառավարությանը:

Back to top button