ԿարևորՄիջազգային

Կորոնավիրուսի քողի ներքո․ Անկարան պարպում է տարածաշրջանային հավակնությունները

Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մի շարք երկրներ օգտագործում են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տարբեր հակամարտությունների շրջանակներում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով:

«Oրինակ՝  Թուրքիան, որը որոշ երկրներին առողջապահական բնույթի  ապրանքների վաճառքը ներկայացնում է որպես մարդասիրական քայլ, բայց մյուս կողմից օգտագործում է այն փաստըոր միջազգային հանրությունը  զբաղված է շատ ավելի առարկայական մարտահրավերների հանգուցալուծմամբ։ Երբ համավարակը տարածման գագաթնակետին էր, Անկարան կտրուկ  ընդլայնեց իր ներգրավվածությունը լիբիական հակամարտության մեջ ու  բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է  իր հովանավորյալ  լիբիական  ուժերին՝ չանսալով անգամ ՄԱԿի գլխավոր քարտուղարի՝  աշխարհի տարբեր ծայրերում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորին»,- փաստում  է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Գեներալ Խալիֆա Հաֆթարի  ղեկավարությամբ Լիբիական ազգային բանակի դեմ ռազմական գործողություններ մղելու համար Անկարան մայիսի 10-ին, տարբեր տվյալներով, մի քանի հազար վարձկան է ուղարկել  հյուսիսաֆրիկյան պետություն։ Դրանց  զգալի մասը վարձկաններ են Սիրիայի Արաբական հանրապետությունից և աջակցություն են ցուցաբերում Անկարայի հովանավորյալ Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը, որը շարունակում է վերահսկել մայրաքաղաք Տրիպոլին և թուրքական աջակցությամբ զգալի առաջխաղացում  գրանցել  երկիշխանության պայմաններում ապրող երկրում։

«Լիբիայում ռազմական ներգրավվածությամբ Անկարան միանգամից մի քանի խնդիր է լուծում,- շարունակում է արաբագետը,- առաջինը ներքաղաքական է տարբեր ոլորտներում խնդիրներ ունեցող Թուրքիայի իշխանությունները հասարակությանը հրամցնում են արտաքին հաջողությունները՝ մեղմելու հնարավոր ճգնաժամերի առաջացումը։ Ուստի սիրիական հակամարտությունից բացի, որտեղ կնախատեսվում է իրավիճակի բարելավում կամ մեղմացում, Անկարային անհրաժեշտ էր բացել նոր ճակատ»։

Փորձագետի խոսքով, երկրորդն արտաքին է՝ Անկարայի տարածաշրջանային հավակնությունների համատեքստում․ լիբիական հակամարտությանն անմիջական ներգրավվածությունը  խոստումնալից  է Թուրքիայի համար, քանի որ հյուսիսաֆրիկյան երկիրը շատ կարևոր է ինչպես աշխարհագրական դիրքով, այնպես էլ էներգետիկ ռեսուրսներով։

Լիբիական հակամարտությանն ակտիվ ներգրավվածության մոտավորապես նույն պատճառներն ունի Մոսկվան, որը պաշտպանում է Թուրքիայի հովանավորյալներին հակադիր ուժերի՝  ցուցաբերելով  նրանց ինչպես քաղաքական, այնպես էլ անուղղակի ռազմական աջակցություն, որի մասին խոսվում է արդեն ՄԱԿ-ի մակարդակով։

«Ռուսաստանը աջակցում է Lիբիայի ազգային բանակին, այդ թվում՝ ռազմական հարթությունումև դա իրականացնում է մասնավոր ռազմական կառույցների, «Վագների» խմբավորման զինյալների միջոցով: Ռուսաստանի ներգրավվածությունը ունի նույն պատճառներն ինչ Թուրքիայի դեպքում՝  կարևոր դերակատարություն ունենալ հետպատերազմական Լիբիայում»,- շարունակում  է Արմեն Պետրոսյանը։

Միջազգային հանրությունը  առողջապահական արդի մարտահրավերներին դիմակայությամբ պայմանավորված  աչք է փակում  Լիբիայում Թուրքիայի գործողությունների վրա։ Բայց, փորձագետի կարծիքով, կրավորական կեցվածքի համար կա ևս մեկ պատճառ։

«Ինչ վերաբերում է միջազգային դերակատարների և հատկապես Արևմուտքի կրավորական կեցվածքին, ապա Թուրքիայի գործողություններն այս պահին բխում են նրանց շահերից, քանի որ նաև Լիբիայում ռուս-թուրքական շահերի բախումը ձեռնտու է արևմտյան երկրներին»,- նշում է փորձագետը։

Միևնույն ժամանակ փորձագետը չի կանխատեսում ռուս-թուրքական առճակատում  Լիբիայի տարածքում․ կա արդեն երրորդ երկրում համագործակցության, այն ազդեցության գոտիների բաժանման հաջողված փորձ, և Անկարան ու Մոսկվան սիրիական սցենարը  կարող են տեղայնացնել նաև Լիբիայի տարածքում՝ ինչ-որ փուլում հասնելով նաև իրավիճակի կայունացման և պահպանելով այդ երկրում իրենց ծանրակշիռ ներկայությունը։

Back to top button