ԿարևորՀասարակություն

Կարեն Կարապետյանը լրագրողներին կարոտել էր, Անդրանիկ Քոչարյանը՝ նեղսրտել

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նիստն, ի տարբերություն նախորդների, կարճ է տևել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դրա ավարտից հետո լրագրողներին ասել է, որ հետաքրքրող հարցերի պատասխանները հանձնաժողովականները ստացել են։

Կարեն Կարապետյանը  հերթական նախկին պաշտոնյան է,   որը  հրավիրվել  էր  մասնակցելու   Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։  Ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մասնակցությամբ  նիստերը տևում էին  4, նույնիսկ` 6 ժամ, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը կարճ տևեց՝ 1 ժամից էլ պակաս։

Իսկ Կարապետյանին հրավիրվել էր հանձնաժողովի նիստին, քանի որ իր վարչապետության  ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ ապրիլյան դեպքերի ժամանակ ունեցել ենք  բազմաթիվ դեպքեր, երբ  մեր ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով։

«Շատ աշխատանքային քննարկում  էր, ես պատասխանում էի հանձնաժողովի հարցերին, քանի որ հանձնաժողովի նիստերը փակ  են  ու պարունակում են պետական գաղտնիք,  ավելին` ասել չեմ կարող»,- ասաց Կարապետյանը։

Ավելին` չասաց  նաև հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը։ Նշեց,  որ Կարապետյանից հանձնաժողովի անդամները ստացել են հետաքրքրող հարցի պատասխանը։

«Ուրիշ բան է, որ հանձնաժողովը միայն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովն ունի իր հետազոտությունները, և այս հարցում շատ կարևոր է ՊԱ հրամանատարի բացատրությունը: Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ Պաշտպանության բանակի սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ»,- ասաց Քոչարյանը։

Ո՞վ է հաջորդ նախկին պաշտոնյան, որ հրավիրվելու է հանձնաժողովի նիստին։ 

Հանձնաժողովը  դեռ հստակ որոշում չունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրելու վերաբերյալ, բայց արդեն հստակ է, որ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյան է։

«Նամակն արդեն ուղարկել եմ։  Նալբանդյանն այս պահին Մոսկվայում է,  անհրաժեշտության դեպքում  պատրաստ ենք հանձնաժողովի նիստին նրա մասնակցությունն ապահովել տեսակապի միջոցով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա խոստովանեց, որ հանձնաժողովի նկատմամբ ինչ-որ պահից սկսած փոխվել է վերաբերմունքը՝ թե՛ ընդդիմությունը ներկայացնողների, թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ:

«Սա արդյունք է նրա, որ հանձնաժողովը քաղաքական որևէ նպատակ չունի ապրիլյան դեպքերն ուսումնասիրելիս, կա ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու ցանկություն, և այդ ցանկությունը բավարարվել է: Եվ այսօր չկա մեկը, որ չի ցանկանում գալ, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Խաչատուրովը ինքը թող որոշի՝ գալ, թե  չգալ»,- նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը, սակայն,  լրագրողներին մեղադրեց,  որ իրեն խանգարեցին  մի քանի հարցեր ուղղելու Կարեն Կարապետյանին, բայց հարցերը ոչ թե վերաբերում էին հանձնաժողովի նիստին,  այլ թե ինչու է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցը   փոխելուն։  Փոխարենն այդ հարցը Կարապետյանին ուղղեցին  լրագրողները։

«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում»,- ասաց Կարապետյանը։

Նախկին վարչապետը մեծ դժվարությամբ դուրս եկավ լրագրողների  շղթայից, հարցերը շատ  էին, բայց Կարեն Կարապետյանը շտապում էր։

Back to top button