ԿարևորՀասարակություն

Լանզարոտեի կոնվենցիան վավերացվեց

Հակաազգային ու վտանգավոր․ ընդդիմախոսներն այսպես են որակում ԱԺ-ում այսօր վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ –ի կոնվենցիան, որն ավելի հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անվամբ։

Փաստաթղթի կողմնակիցները վստահեցնում են՝ երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից սա անհրաժեշտ ու արդյունավետ գործիք է։

79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ–ի կոնվենցիան։ Իսկ այդ ընթացքում   ԱԺ-ի մուտքի մոտ կոնվենցիայի դեմ բողոքի ցույց էր։ Ցուցարարները  պահանջում էին՝ չվավերացնել կոնվենցիան, քվեարկությունը հետաձգել ու այն նորից քննարկել արտակարգ դրության ավարտից հետո: Ցուցարարների մեջ էր «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը:

 «Ինչի՞ եք էդպես շտապում, արտակարգ դրության պայմաններում ինչի՞ եք շտապում։ Փորձում են ժողովրդի թիկունքում, ժողովրդի անվան տակ հակաժողովրդական, հակապետական և հակաազգային կոնվենցիա վավերացնել։ Ի՞նչ է նշանակում՝ անկախ սեռական կողմնորոշում, երեխաներին դպրոցներում պետք է նման բաներ քարոզեն, սա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Չախալյանը։

Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ  Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանի մտահոգություններն առնչվում են երկու հիմնական սկզբունքների․

«Մեկը վերաբերում է խտրականության արգելման սկզբունքին։ Այդ հոդվածով նոր հասկացություն է ներառվում մեր իրավական դաշտ՝ սեռական կողմնորոշում  հասկացությունը։ Ինչումն է մտահոգությունը, քանի որ կոնվենցիան վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաներին, ստացվում է , որ պետությունը պետք է որոշակի քաղաքականություն մշակի և կիրառի, որպեսզի պարզի երեխան ինչ սեռական կողմնորոշում ունի»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Նրա մյուս մտահոգությունն առնչվում է կոնվենցիայի 6-րդ հոդվածին, որը վերաբերում է երեխաների կրթությանը․

«Այս կետի համաձայն՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, այդ թվում օրենսդրական, որպեսզի երեխաները  տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական դաստիարակություն՝ սեռական շահագործման, սեռական բռնության մասին։ Առնվազն վեց տարեկանից պետք է սկսվի այս կրթությունը։ Ճիշտ է՝ կոնվենցիայի մեջ ասվում է, որ նրանց զարգացող կարողություններին համապատասխան պետք է այդ կրթությունը ապահովվի, բայց այստեղ եվրոպական երկրների պրակտիկայի հետ կապված եմ ես մտահոգվելու առիթ  տեսնում»,- ասաց Զոհրաբյանը։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանից փորձում ենք ճշտել՝ ինչով էր անհրաժեշտ Հայաստանին այս փաստաթղթի վավերացումը։

«Կոնվենցիան կարգավորում է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու հարցերը․ թե ինչպես պետք է կանխարգելել նման բռնությունները, ինչպես քննել, որ հանցագործությունները պետք է քրեականացնել և այլն։ Այսինք սա համակողմանի մի գործիք է»,- ասաց Գրիգորյանը։ 

Կոնվենցիայի համաձայն՝ տարրական դասարաններից սկսած, երեխաների ընկալման կարողություններին համապատասխան, նրանց  պետք է տեղեկություններ տրամադրվեն սեռական բնույթի ոտնձգություններին առնչվող ռիսկերի վերաբերյալ։  Քրիստինե Գրիգորյանի դիտարկմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ թե պարտադիր, այլ  ծնողների հետ քննարկման արդյունքում իրականացվող ոչ ֆորմալ  կրթությանը։ Կոնվենցիան առաջնորդվում է այն սկզբունքով, որ ծնողինն է  երեխայի սեռական դաստիարակության պարտականությունը։ Միաժամանակ նկատում է․

«Կարող են լինել դեպքեր, երբ ծնողը ինքն է բռնություն գործադրողը կամ ծնողը  չունի պատշաճ կարողություն երեխային ներկայացնելու։ Այդ դեպքում՝ մասնագետների և ծնողների ներգրավմամբ  ու նրանց հետ տեղեկությունները մշակելով՝  երկրները իրենք են որոշում՝ ինչպես դա անել»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը։

«Լանզարոտեի կոնվենցիայի» հետ կապված՝ Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ. սա ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի գնահատականն է կոնվենցիայի շուրջ մեզանում ստեղծված իրավիճակին, որը նա հնչեցրել էր ԱԺ-ում փաստաթղթի ընդունումից հետո։ Անդրադառնալով հարցին, թե վավերացված կոնվենցիան որքանո՞վ կնպաստի, որպես օրենսդրական մեխանիզմ կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, մարդու իրավունքների պաշտպանը նշել է․

«ԵԽ 47 պետությունների թվում կոնվենցիան չեն վավերացրել միայն Հայաստանը և Իռլանդիան։ Ցանկացած միջազգային պայմանագիր, որ վավերացվում է, չի կարող հակասել ՀՀ սահմանդրությանը։  Իսկ մեր Սահմանադրությունը , կարծում եմ, նախատեսել է բավարար երաշխիքներ»,- նշեց Թաթոյանը։

ՄԻ պաշտպանը հույս հայտնեց, որ  կոնվենցիան կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը:

Back to top button