ԿարևորՀասարակություն

Ի՞նչ էին գրում թերթերը մեկ դար առաջ համաճարակների մասին

Մեկդարյա մամուլը թերթելով՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է համաճարակներին. ի՞նչ համաճարակներ էին տարածված մեկ դար առաջ, ինչպե՞ս էին պայքարում հիվանդությունների դեմ եւ ինչպե՞ս հաղթեցին վարակի տարածմանը:

Անցյալ դարասկզբին տարածված հիվանդություններից է եղել ժանտատենդը, որն իր ժամանակին խլել է բազմաթիվ կյանքեր և թողել իր ծանր հետևանքները: Այդ է պատճառը, որ պարբերաբար մամուլում տպագրվել են հոդվածներ՝ հիվանդության կանխարգելման կամ նպատակային պայքարի համար: Կ. Պոլսում տպագրվող հայերեն «Դարման» բժշկա-առողջապահական գիտական ամսաթերթի 1920 թ. 5-րդ համարում տպագրվում է բժիշկ Մութաֆյանի «Ժանտատենդը ու իր պատուաստը» վերնագրով հոդվածը, ուր նշվում է հետևյալը. «Ժանտատենդը անյիշատակ ժամանակներէ ի վեր մարդկութեան աղէտ մը եղած է, վասնզի փոխանցիկ է և հետեւանքը ընդհանրապէս վտանգաւոր»: Ըստ հեղինակի՝ հիվանդությունն ակտիվանում է գարնանն ու աշնանը՝ դառնալով համաճարակ: Հիվանդությունը մարդուն անցնում է ջրից, այդ պատճառով, եթե հիվանդությունն առկա է տվյալ տանը, հարկավոր է ջուրը միշտ փոխել: Հիվանդին պետք է մեկուսացնել, պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները: Հեղինակը պարտադիր է համարում այս հիվանդության դեմ պատվաստվելը: http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Darman/1920/5.pdf

Հիվանդության մի տեսակի՝ բծավոր ժանտատենդի մասին մանրամասն խոսում է նաև բժիշկ Հայկ Նազարեթյանը Կ. Պոլսի «Հայ բժիշկ» ամսաթերթի 1919 թ. 5-րդ համարում՝ վերնագրելով իր հոդվածը հենց այդպես՝ «Բծաւոր ժանտատենդ»: Նա գրում է. «Ընդհանրապէս համաճարակի ձեւով տարածուող այս հիւանդութիւնը ինչպէս միշտ, նոյնպէս այս վերջին պատերազմի ընթացքին եւս երեւան եկաւ՝ պատերազմի զոհերէն ինքն ալ իր մեծագոյն բաժինը պահանջելու: Այս հիւանդութիւնը պատերազմներու միջոցին է որ կերեւնայ, որուն պատճառն է զորանոցներու մէջ խճողուած կեանքը, հետեւաբար մաքրութեան պակասը»: Հոդվածում մանրամասն տրվում է հիվանդության բնութագիրը, բնորոշ նշանները, ինչպես նաև առանձնացվում են որոշ վիճակագրական տվյալներ: Միակ կանխարգելիչ և պաշտպանող միջոցը համարվում է մաքրությունը: http://tert.nla.am/…/NLA%20AM…/Hay%20bjishk/1919/1919(5).pdf

Նույն հիվանդության մասին տեղեկատվություն գտնում ենք նաև Կ.Պոլսի «Հայ բուժակ» ամսաթերթի 1920 թ. 7-րդ համարում՝ «Պոլսոյ առողջապահական վիճակը» խորագրի ներքո: Հոդվածն ունի նաև ենթավերնագիր. «Մէկ շաբթուան ընթացքը»: Ներկայացված է ժանտատենդ հիվանդության վիճակագրությունը մեկ շաբաթավա կտրվածքով, ըստ որի՝ միայն Կ. Պոլսի մեջ վարակվել է 4 հոգի: Ներկայացվում են նաև այդ շրջանում տարածված մի շարք այլ հիվանդություններ՝ իրենց մեկշաբաթյա վիճակագրությամբ: Ըստ այս հոդվածի՝ տարածված են եղել նաև կարմրախտը, տենդավոր հարբուխը, թոքատապը և այլն: Վերջում նշվում է. «Մէկ շաբթուան ընթացքին թաղապետական զանազան կեդրոններ դիմած են 830 հիւանդներ և ծաղկախտի դէմ պատուաստուած են 238 հոգի»: http://tert.nla.am/…/NLA%20AMS…/Hay%20bujak/1920/1920(7).pdf

Ավելի վաղ նույն ամսաթերթի 1920 թ. 5-րդ համարում «Տարափոխիկ հիւանդութիւնները Պոլսոյ մէջ» հոդվածից պարզ է դառնում, որ այս հիվանդությամբ վարակվածների թիվը ավելի շատ է եղել: Միայն թե այս անգամ վիճակագրությունը ներկայացված է մեկ ամսվա կտրվածքով: Եվ այսպես՝ Բծավոր ժանտադենտից վարակվել է 228 հոգի, գրանցվել է մահացության 6 դեպք, սովորական ժանտատենդից վարակվածների թիվը եղել է 56, մահացության դեպքերը 8: Հոդվածում ներկայացված են նաև ծաղկախտի, թոքատապի, հյուծախտի վիճակագրական տվյալները:
Նույն համարի մեջ խոսվում է նաև Կ. Պոլսում ժանտախտ և խոլերա հիվանդությունների տարածման մասին՝ «Ժանտախտը վերսկսաւ», «Քօլէրա եւ ժանտախտ» խորագրերի ներքո: Ըստ այս նյութերի՝ Կ. Պոլսում գրանցվել են ժանտախտի դեպքեր, նույնիսկ արձանագրվել է մահվան դեպք: Այս հիվանդությունները տարածված են նաև շրջակա վայրերում, այդ պատճառով ամսաթերթը գրում է. «Եկողները բժշկական քննութեան պիտի ենթարկուին»: Բոլոր նյութերում առկա է բնակչությանն ուղղված կոչը՝ պահպանել զգուշություն և մաքրություն: http://tert.nla.am/…/NLA%20AMS…/Hay%20bujak/1920/1920(5).pdf

Ժանտախտ հիվանդությանն անդրադարձել է նաև Կ. Պոլսի «Հայ բժիշկ» ամսաթերթը 1919 թ. իր 9-10-րդ համատեղ համարում՝ «Ժանտախտը կը գործէ» վերնագրով հոդվածում: Դեռ մեկ դար առաջ լույս տեսած նյութի մեջ պարբերականը գրում է. «Հակառակ Առողջապական վարչութեան ձեռք առած լուրջ միջոցներուն, ժանտախտը տակաւին կը յամառի մնալ մասնաւորապէս մայրաքաղաքի աղտոտ թաղերուն մէջ: Դժբախտաբար կը պակսին պաշտօնական վիճակագրութիւններ, որ կարողանայինք որոշ գաղափար մը կազմել պատահած դէպքերուն և մահերու թիւի մասին»: Հոդվածում նշվում է, որ կազմված են բազմաթիվ հանձնախմբեր, տարվում է միասնական պայքար հիվանդության դեմ, կատարվում են պատվաստումներ, որոնք պարտադիր են հատկապես 50-ից բարձր մարդկանց համար: http://tert.nla.am/…/NLA%2…/Hay%20bjishk/1919/1919(9-10).pdf

Back to top button