ԿարևորՀասարակություն

Գյուղացիների բերքը բադերի հետ լողում է․ ինչու է բարկացել Սևջուրը

Սևջուր գետը բարձրացել ու ողողել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի ափամերձ հողամասերը։ Կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ ․ գյուղացիների բերքի մեծ մասը ջրի տակ է։  Գյուղացիներն ասում են՝ այս տարի գետն արդեն երրորդ անգամ է բարձրանում,  եթե ավելի վարարի, արդեն տներն է լցվելու։ 

Արարատի մարզի Ռանչպար գյուղի  բադերը արդեն մի քանի օր է լողալու նոր վայրեր են գտել։ Ռանչպարում  միայն բադերն են  հանգիստ շորորում, բնակիչներն  անհանգիստ են։ Սևջուր գետը բարկացել ու ափերից դուրս է եկել, ափամերձ  հողամասերն  ու ջերմոցները ՝ ջրի տակ առել։ Բադերը գոհ են,  գյուղացիները՝ դժգոհ ու մտահոգ։  Կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ․ գյուղացիների բերքը բադերի հետ   լողում է։

Ռանչպարի բնակիչ Արսեն Մկրտիչյանը օրը մի քանի անգամ ջերմոց է մտնում,  բայց ոչ թե աշխատելու, այլ ՝ ջուրը ստուգելու համար․ 630 քառակուսի մետր ջերմոցի մի մասն արդեն ջրի տակ է։  Եթե այսպես շարունակվի, ջուրը տուն կհասնի։

«Այսօր արդեն երրորդ անգամ է բարձրանում։  Գիշերը մեկին նայել եմ, գետը բարձր չէր։ Առավոտյան նորից բարձրացել էր։ Ժամ առ ժամ ջուրը բարձրանում է, թե մինչև երեկո ինչ կլինի, չեմ կարող ասել։ Սևջուրը միշտ եղել է ու կա։ Անցյալ տարի նման բան եղավ մի անգամ, բայց վտանգ չկար։ Սա այս տարի երրորդ անգամն է»։   

Նաիրի Թամոյանի  կարտոֆիլի դաշտն է ջրի տակ մնացել։  Անցյալ տարի էլ  ձմերուկն էր  վտանգի տակ, հիմա կորցրած բերքի վնասներն է հաշվարկում։  Ջրի տակ մնացած կարտոֆիլի դաշտին չի էլ կարողանում մոտենալ։  Ջրի տակ են նաև  հարակից տարածքի  չորացած ծառերն ու  կանաչ խոտը.

«Գետի  կողքն է իմ  հողամասը,  բայց   այդ հատվածը չենք մշակում, որ վնաս չտա։ Այն էլ այս տարի ամբողջը տարավ ջուրը։ Եթե բերքը ամբողջությամբ մնար, 1 մլն դրամ կունենայի։  Վարկ ենք վերցրել, որ գործերը ավարտենք, բանկին չի հետաքրքրում ինչ է եղել։  Ասում է, բեր վճարի։ Իրեն հետաքրքիր չէ՝ ջուրն է  տարել, ինչի է տարել»։ 

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը չի հիշում, թե էլ երբ է այսքան տեղումնառատ  տարի եղել։ Գետը վարարել է անձրևների պատճառով,- ասում է։ Գետն էլ սահման ունի․ երբ լցվում է, ափերից դուրս է գալիս։  Սակայն նշում է, որ Ռանչպարի հատվածում գետի վարարումն անսպասելի էր։

«Միշտ էլ վտանգ կա, որ առատ տեղումների ժամանակ գետը   վարարելու է։  Չէինք սպասում, որ միանգամից բոլոր տեղերից  ջրերը կուժեղանային, բնական երևույթ է, ցանկացած պահի էլ կարելի է սպասել, նոր բան չէ։ Դրենաժներ լցվել են, մյուս գետերն էլ եկել, գետը փակել են, բնականաբար հունը բարձրացել է։ Այնտեղ կային նաև դիմհարներ, որ մարզպետի միջամտությամբ շաբաթ օրը կարողացանք բացել։ Երկար տարիներ չէին բացվել։ Այսօր  մի քիչ բարձրացել է, նորից աշխատանքներ ենք տանում»։

Գյուղացիները  գետի բարկանալու  ու ափերից  դուրս գալու  իրենց տարբերակն ունեն․ գետն ամբողջությամբ   տիղմի մեջ է՝ ասում են.  «Կանխելու միակ ձևը գետը մաքրելն  է, ամբողջ գետը տիղմով է լցված։   

«Գետերը մաքրված են, բայց ոչ անհրաժեշտ աստիճանի»,- ասում է Արարատի մարզպետարանի  գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Հայկազ  Տերտերյանը։  Ընդգծում է՝  վերջին տարիներին սկսել են  գետերի մաքրումը։   

 «Հիմնական պատճառը տեղումներն են։ Ինչքան էլ մաքրենք, կա ինչ-որ սահման, որը անցնում ու աղետի է վերածվում։ Հինգ-վեց տարի առաջ նման դեպք ունեցել ենք Սայաթ –Նովա, Նորամարգ համայնքներում։  Լինում են նման դեպքեր։ Մասիսի տարածաշրջանում այդ խնդիրը ունենք»։

Դեռ  կորցրած բերքի  հաշվարկների ժամանակը չէ: Գետը հանգստանա,  կհաշվարկեն։  Ռանչպարցի Նաիրի Թամոյանն ասում է՝ եթե բերքն ապահովագրած լիներ, հիմա հանգիստ կլիներ, գլխացավանքից ազատված։ Խոստովանում է՝ բերքը կամավոր ապահովագրելու մասին չի էլ մտածել։ 

Ռանչպարցիների կորցրած բերքը ապահովագրելու մասին դեռ խոսք չկա։  Սակայն, կարկուտից ու հրդեհից ապահովագրելու համար  գյուղացին դեռ մինչև մայիսի 15-ը   ժամանակ ունի։   Ապահովագրվում են ծիրանը, խաղողը, դեղձը, աշնանացան ու գարնանացան  ցորենն ու գարին։  

Ծիրանի ու խաղողի ապահովագրությունը հրդեհից ու կարկուտից ընդգրկում է վեց մարզ՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, Վայոց Ձոր։ Խնձորն ու դեղն ապահովագրվում են բոլոր մարզերում։ Պետությունը  փոխհատուցում է ապահովագրավճարի 50-65 տոկոսը, երկու ռիսկերի ապահովագրման դեպքում ևս  10 տոկոս փոխհատուցում է ավելանում։

Back to top button