ԿարևորՄշակույթ

Առցանց տարբերակը՝ թատրոնի նոր արտահայտչամիջոց

Արդեն տևական ընթացք թատրոնները ևս տեղափոխվել են առցանց հարթակներ։ Անմասն չի մնացել Կապանի դրամատիկական թատրոնը։ Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ թատերական կորոնադադարից հետո թատրոնը, հնարավոր է, արդեն նույնը չլինի։ Ստեղծված իրավիճակը թատրոնի մարդկանց նոր մտքեր ու գաղափարներ է տալիս։ 

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ 

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Կապանի դրամատիկական թատրոնում դերասաններից Տիգրան Ղուկասյանը պատրաստվում է կապանցի փոքրիկների համար հեքիաթ պատմել ու տիկնիկներ խաղացնել, սակայն երեխաներն այն կդիտեն  առցանց տարբերակով՝ առանց կենդանի շփման,  արձագանքի։

Հարցրինք, թե՞ դերասանը այս օրերին ի՞նչ խնդիր է դնում իր առջև, որպեսզի թատրոնը առանց հանդիսատեսի, առցանց տարբերակով ունենա միս ու արդյուն, լինի ավելի պատկերավոր։ 

«Պատասխանատվությունը ավելի մեծացրեց․ դու ավելի ես պատասխանատու դառնում  քո գործի նկատմամբ և անում ես առավելագունը, որպեսզի լավ տարբերակը գնա համացանց, քանի որ այնտեղ ոչ թե քեզ դիտում են քո թատրոնի դահլիճի չափով, այլ դիտում են հազարավոր մարդիկ։ Առցանցը  տարբերակը հնարավորություն է տալիս հանդիսատեսը, որտեղ որ ուզում է լինի՝ միանգամից միանա ներկայացմանը և մտնի այդ մթնոլորտի մեջ»,- ասում է Տիգրան Ղուկասյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանից էլ փորձեցինք պարզել, թե թատրոնի առցանց տարբերակը ո՞ւնի զարգացման հեռանկար։ 

«Վստահ եմ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ թատրոնը այլևս առաջվանը չի լինելու։ Ամեն դեպքում ինչ-որ մի բան փոխվեց, ինչ-որ մի բան անվերադարձ փոխվեց։ Մենք քաջ գիտակցում ենք, որ երկար ժամանակ հանդիսատեսին դժվար կլինի նորից բերել թատրոն։ Մենք մի տարբերակ ենք մտածել․ ներկայացումները արխիվացնել։ Ներկայացնել ֆիլմեր, թե ինչպես են ստեղծվել ներկայացումները»,- նշում է Ղարիբյանը։

Կապանի դրամատիկականը առցանց ներկայացումներ ունի ոչ միայն  փոքրերի, այլև մեծահասակների համար։ Հանդիսականի համար առցանց հարթակում  է օրինակ Աստրովսկու «Ամպրոպը»։ «Առանց ուղիղ շփման»  ներկայացումների մասին զրուցում եմ  թատրոնի մշտական  հանդիսականներից մեկի՝ Արմինե Հարությունյանի հետ։

«Ներկայացման ժամանակ  լինում  են շատ ծիծաղելի դրվագներ, որոնց պատասխանը դերասանը ստանում է հանդիսականից։ Բնականաբար դերասանը ոգևորվում է սրանից, քան թե դատարկ դահլիճի առաջ ներկայացում խաղալուց, թե ինչ-որ մեկը իրենց տան բազմոցին նստած դիտում  է իրենց ներկայացումը։ Որպես հանդիսատես ես կարծում եմ, որ այն տպավորություններն ու անկեղծությունը, որ դու ստանում ես անմիջապես բեմից անփոխարինեի է»,- ասում է Արմինե Հարությունյանը։

Իհարկե, թատրոնը առանց հանդիսատեսի, մեղմ ասած, կիսատ  է։ Մյուս կողմից, սակայն,  առցանցը տարբերակը կարող է թատրոնի համար նոր արտահայտչամիջոցներ գտնելու լավ հնարավորություն դառնալ։

Back to top button