ԿարևորՀասարակություն

ԱԺ–ում պատրաստ են մանդատներ վայր դնել․ հնչել են անուններ և նախապայմաններ

Հատուկ Քննչական ծառայությունը կզբաղվի շաբաթավերջին խորհրդարանում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքով։ Միջադեպի տեսանյութն ու ԶԼՄ հրապարակումները գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար։

ԱԺ–ն այսօր շարունակել է լիագումար նիստերի  աշխատանքը՝առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության։ Նրանց քաղաքական բոյկոտը շարունակվում է՝ պահանջում են քաղաքական գնահատական կատարվածին։

«Լուսավորականները» այսօր ոչ նիստերի դահլիճում էին, ոչ էլ՝ ԱԺ շենքում։ Խմբակցությունը Արցախի խորհրդարանում է, հանդիպել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է  տարածվել։  Հայաստանի խորհրդարանում չեն սևեռվել ուրբաթ օրվա միջադեպի վրա, բայց քաղաքական մեծամասնությունը միջադեպի քաղաքական հետևանքի լուծումը գտել է։

Առաջարկով հանդես են եկել Սասուն Միքայելյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Սասուն Միքայելյան. «Այս դահլիճում դեպք է պատահել․ այն, ինչ արվել է այս դահլիճում Մարուքյանի մեղքով է կատարվել։ Եթե այդքան տղա է ինքը՝ մենք երկուսով մանդատները դնում ենք։ Թող այս կուսակցությունները իրենց գործը շարունակեն»։

«Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։ Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը,  և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե, այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից , իսկապես այդ արժեքների կրողն են»։

Խորհրդարանական մեծամասնությունը սպասում է օրվա վերջում հրապարակված առաջարկի արձագանքին։ Սասուն Միքայելյանը սպասում է նաև ներողությունների՝ Էդմոն Մարուքյանի եղբոր կողմից։ Նա սոցցանցում գրառման միջոցով վիրավորել է Սասուն Միքայելյանի մորը։

Ատելության խոսքն այսօր խորհրդարանում ավելի գլոբալ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նրան, սակայն, խորհրդարան է բերել ոչ թե հայտնի միջադեպը, այլ՝ նախորդ տարվա ։  Դեռ 2019–ին  ՄԻՊ–ն  արձանագրել է՝ ատելության խոսքը գեներացվում է և սոցցանցերը արդեն բաժանվել են երկու բանակի։

Մարդու իրավունքների պաշտպանը որևէ քայլ չի ձեռնարկել խորհրդարանում վարչապետի այն հայտարարության հետ կապված, թե երկու տարի մեծամասնության անդամները հոգեբանական ճնշման են ենթարկվում, հատկապես կին պատգամավորները ստանում են սպառնալիքներ։

Արման Թաթոյան․ «Եթե կոնկրետ իրավիճակներ կան, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, միգուցե, հատուկ իրավիճակներ կան։ Բայց այն, որ սպառնալիքը կամ առհասարակ վիրավորանքը կա, տարածում ունի այդ արատավոր երևույթը,  փաստ է։ Մթնոլորտի հետ կապված, լարվածության թուլացման հետ կապված մշտապես ես աշխատանքներ տանում եմ»։

Խորհրդարանի քաղաքական մեծամասնության անդամները տպավորություն ունեն, որ մարդու իրավունքների պաշտպանը ընտրողաբար է  մոտենում միջադեպերին։ Արման Թաթոյանը շատ արագ արձագանքեց  և քննադատեց Ալեն Սիմոնյանի՝ Անի Սամսոնյանին ուղղված խոսքը՝ սեռի հիմքով վիրավորանք նկատելով, ՄԻՊ արագ արձագանքման խումբը միանգամից այցելեց «Ադեկվադ» միաբանությունից Արթուր Դանիելյանին՝ նույն Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո։  

Այս ամենին «իմքայլականները» հավելում են՝ ՄԻՊ–ը սեռի հիմքով վիրավորանք չնկատեց, ասենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին ուղղված խոսքում, կամ էլ ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբը շատ ուշ այցելեց Ալեն Սիմոնյանին՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրի հետ միջադեպից հետո։ Այս ամենը խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը կասկածելու առիթներ է տալիս։

Արթուր Հովհաննիսյան. «Ինչպե՞ս է ստացվում, պարոն Թաթոյան, որ օրինակ, Աժ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից հնչող սեռական բնույթի հայհոյանքը Ձեր կողմից որևէ արձագանքի չի արժանանում, և հետո այդ հայհոյանքը տրանսֆորմացվում է փողոց և կոնկրետ բռնության դեպք է արձանագրվում, սակայն, Ձեր կողմից պաշտոնական հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ, և դա ձեր կողմից բնորոշվում է որպես կնոջ՝ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք»։  

Քրիստինե Պողոսյան. «ՄԻՊ գրասենյակը իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, այդ պատճառով շատ կարևոր են իր հայտարարությունները։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում, ձեր գրասենյակը»։

Գայանե Աբրահամյան. «Պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք և խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է։ Այն, որ ՀԿ–ները ամիսներով վերբալ բռնության ներքո էին, դուք դրան չէիք արձագանքում, սակայն, արձագանքեցիք, երբ նույն այդ «խմբակի» նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց։ Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում։ Սա ինձ համար ցավալի արձանագրում է»։  

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի ընդունում հնչած կասկածները։ Բացատրում է, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում իր աշխատանքում։

«Ես չեմ առաջնորդվում իմ նախասիրություններով, վերաբերմունքով, այլ օրենքով եմ ղեկավարվում։ Որպես մարդ՝ ես ունեմ իմ վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ։ Թույլ տվեք ամենայն հարգանքով, բայց չհամաձայնել ձեզ հետ։ Ինչ է նշանակում պատճառին ես չեմ անդրադարձել։ Ես կարծում եմ՝ միշտ եմ անդրադառնում պատճառին։ Դա աշխատանք է օբյեկտիվ։ Ինչ վերաբերում է երկու պատգամավորների՝ վիրավորական արտահայտություններ իրար հնչեցնելուն, իմ հայտարարությունը քաղաքական հենք կունենար և նշանակություն, հետևաբար շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել։

Տաթևիկ Ռևազյանի հետ կապված․ ՄԻՊ–ի պաշտոնը նրա համար է, որպեսզի ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ՝ պաշտպանի քաղաքացուն, որոշ դեպքերում ընդդիմությանը, եթե խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին։ Գոյություն ունի միջազգային կանոն, այդ կանոնը ամրագրված է սահմանադրական օրենքում, որը արգելում է ՄԻՊ–ին և արգելում է պետական կառավարման մարմիններին դիմել մարդու իրավունքների պաշտպանին»,- նշեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել է նախորդ խորհրդարանի կողմից՝ 2016 թվականին 6 տարի ժամկետով։ Սա նրա  տարեկան չորրորդ զեկույցն է։  Քննարկվելուց հետո այն  ընդունվում է ի գիտություն՝ առանց քվեարկության։

Back to top button