ԿարևորՀասարակություն

Եթե միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք. Թորոսյան

Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները»,- գրել է նա:

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր՝ մայիսի 10-ին, մի քանի ժամով լինելու է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու է վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները։

Back to top button