ԿարևորՀասարակություն

1941 թվական․ Սեւծովյան նավատորմի «Արմենիա» նավի առեղծվածը

1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված «Արմենիա» ջերմանավը հայտնաբերվել է՝ խորտակվելուց  79 տարի անց, Սեւ ծովում։ Երբ ռուսական ԶԼՄ–ները հայտնեցին, որ «Ռուսական աշխարհագրական ասոցիացիայի ջրասուզական հետազոտությունների կենտրոնի» ջրասուզակները հայտնաբերել են հայկական անունով նավ, առաջին հարցը, որ հետաքրքրեց` ովքե՞ր են եղել կործանված նավում, եւ ի՞նչ  գաղտնի տեղեկություններ է ծովի հատակում  խնամքով թաքցրել «Արմենիան»։ 

 «Արմենիա» նավը Տիտանիկից երկու անգամ փոքր էր, իսկ նրա խորտակման ժամանակ զոհերի թիվը «Տիտականիկից» երեք անգամ ավելի։ «Տիտանիկի» կործանումը խլեց 1496 մարդու կյանք, իսկ «Արմենիա» ջերմանավում գտնվել է դեռեւս չհաստատված թվերի համաձայն՝ անձնակազմի 96 անդամն ու 5-7 հազար վիրավորներ ու քաղաքացիական անձինք։ Սառցաբեկորը կործանեց «Տիտանիկը», նացիստական հարձակումը` «Արմենիան»։

Ջերմանավում զինվորներ չեն եղել, կամ ավելի ճիշտ վիրավոր զինծառայողներ են եղել։ Ըստ էության` «Արմենիան» սանիտարական նավ էր։ Բայց նաեւ այս նավը ռազմական գաղտնիքներ է պահում իր խորքերում։ «Արմենիա» ջերմանավն այսօր Սեւ ծովի հատակում է։

Պատմաբան Կլիմենտ Հարությունյանը 50 տարի փնտրել է նավի մասին պատմող ցանկացած փաստաթուղթ։ Եթե ինֆորմացիան թերի լինի, հարգելի ընթերցող, պատճառն այն է, որ նավը հաղթական պայմաններում չի կործանվել, այլ՝ արտակարգ, եւ այս դեպքում տեղեկատվությունը խիստ գաղտնի է պահվել խորհրդային իշխանությունների կողմից։

 «Արմենիա» նավը պատկանել է «Կարմիր դրոշ» շքանշանակիր Սեւծովյան նավատորմին եւ փոխադրանավ է եղել։ Երբ սկսվեց Երկորդ համաշխարհային պատերազմը, «Արմենիա» նավը շատ կարեւոր դեր կատարեց Նովոռասիյսկից դեպի Օդեսա մարդկանց եւ զինամթերք փոխադրելու գործում։ 1941 թվականի սեպտեմբերի 17-18–ը Օդեսա հասցվեցին 57–րդ դիվիզիայի զորամասերը։ Երբ «Արմենիան» Օդեսայից նավարկել է, գերմանական ջրասույզները եւ օդային կործանիչները նավը խոցել են»,- պատմում է Կլիմենտ Հարությունյանը։

Ի՞նչ  գաղտնի տեղեկություններ է Սեւ ջրի տակ խնամքով թաքցրել «Արմենիան», հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ այն գտնվել է Ղրիմի ափից 15 ծովային մղոն հեռավորության եւ 1500 մետր խորության վրա։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կենտրոնական արխիվում. «կործանված նավերի» բազմահատոր հունացած թղթերի ֆոնդում է պահվում ջրի երես հանող պատմությունը։

Ամեն տարի հայ պատմաբան Կլիմենտ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի ամենամեծ ծովային արխիվ, եւ ամեն անգամ փնտրել «Արմենիա» նավի կործանման պատմության մասին հիշատակող անգամ փոքր դետալ։ Ասում է, արխիվի ֆոդում կարմիր եւ սեւով գրված երկու բաժին կա՝ «կործանված նավերի հերոսական պատմություններ» եւ «կործանված նավերի արտակարգ պատահարներ»։ «Արմենինան» արտակարգ պատահար է համարվել։

«Երկար ժամանակ նավը փնտրել են, չեն գտել։ «Արմենիան» իր փառքը պատվով է կատարել, բայց շատ նավեր են ջրասույզ արվել ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Հայեր, իհարկե, եղել են, բայց չեմ կարող այլ մանրամասներ ասել։ Նավապետի օգնականը հաստատ հայ է եղել»,- ասում է Հարությունյանը։

Այս պահին հայտնի եւ հասանելի տեղեկություն է,  ջերմանավը կառուցվել է Բալթյան նավատորմի կառուցարանում՝ 1927 թվականին։ 1941 թվականի սեպտեմբերի 18-ին նավը հարձակման է ենթարկվել գերմանական ուժերի կողմից Օդեսայից վիրավորներ տեղափոխելու ժամանակ։ Նավի անձնակազմում հայրեն նույնպես եղել են, հայ է եղել նաեւ նավապետի օգնականը։ Անձնակազմն ամեն ինչ արել է փրկելու նավի վրա գտնվող անձանց։ Մակույկներ են իջեցրել, մարդկանց փորձել տարհանել, վիրավորներին փրկարարական բաճկոններ հագցրել, բայց փրկվողներ չեն եղել։ Նավը սպասվածից արագ է հայտնվել Սեւ ծովի ալիքների գերության մեջ։

Արդեն պատերազմից հետո «Արմենիան» երկար են փնտրել, չեն գտել։  Նավը հայտնաբերած հետախուզող անձնակազմի ղեկավար Ռոման Կիրյուխինն ասում է՝ կռիվ են տվել ոչ թե ալիքների, այլ սեւ եւ պղտոր ջրի հետ։ Իսկ այսօր տեխնիկական նորագույն միջոցների օգնությամբ վստահ կարող են ասել, որ գտնված նավը «Արմենինան» է։

«Սա սենսեցիա է։ 79 տարի նավի գտնվելու վայրը անհայտ է եղել շատ մասնագետների համար։ Այսօր արդեն Սանկտ Պետերբուրգի ծովային մասնագետներն արձանագրում են, որ սխալմունք չկա, 1500 մետր խորության վրա հայտնաբերված նավը «Արմենինան» է»,- նշում է Կիրյուխինը։

Ինչպես է գերմանական մամուլն արձագանքել այս նավի կործանմանը։ Երկար որոնումներից հետո գտա տեղեկություն Սեւծովյան նավատորմի նավերի պատմության, որտեղ մեկ տողով նշված էր «Արմենիայի» մասին։ Ի զարմանս ինձ՝ այս ջերմանավի կործանումը ներկայացվում էր որպես «պատերազմական հանցագործություն»։ Ինչո՞ւ։ Քանի որ պատերազմի ժամանակ, ըստ մարդասիրական օրենքի, զենք չի կիրառվում քաղաքացիական նավերի նկատմամբ։

Գերմանական մամուլը «Արմենիայի» կործանումը նույնացնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած մեկ այլ նավի` բրիտանական «Լուզիտանիայի» ողբերգական ճակատագրի հետ։ 1915-ի մայիսի 7-ին, գերմանական ուժերի կողմից տորպեդահարված ուղեւորատար նավը խորտակվել է 18 րոպեում։ Աղետի զոհ է դարձել 1000- ից ավելի ուղեւոր` տղամարդ, կին և երեխա։ Նավի կործանման վերաբերյալ վեճերը դեռ չեն դադարում:

Վերադառնալով «Արմենիա» ջերմանավին, ըստ Կլիմենտ Հարությունյանի ենթադրության, նավը տեղափոխել է արժեքավոր իրեր։

«Անհայտ էջեր չի բացահայտվի հայտնաբերված նավից։ Բացի նրանից, որ մարդիկ է փոխադրել, չի բացառվում, որ Օդեսայից, Սեւաստոպլից փոխադրվել է տարադրամ, ոսկի, կամ գաղտնի փաստաթղթեր»,- նշում է Կլիմենտ Հարությունյանը։

Ինչպես է արձագանքել «Արմենիայի» կործանմանը հիտլերյան կամ խորհրդային վերնախավը, հայտնի չէ։ Նշեմ, որ 1941- ի սեպտեմբերին Սեւծովյան նավատորմը ղեկավարում էր ծովակալ Օկտյաբրսկին։ Նրա անմիջական ղեկավարն էր` Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի շտաբի պետ ծովակալ Իսակովը։ Պատմությանը հայտնի չէ նաեւ հայ ծովակալի արձագանքը։

Back to top button