ԿարևորՀասարակություն

Շուշիի սովորական մեկ օրը․ մայիսի 9-ը՝ առանց հյուրերի

Շուշիի մեկ սովորական օրը, Շուշին՝ ներկայի ու ապագայի քաղաք։ Շուշին երիտասարդանում է,  կորոնավիրուսի համավարակից  հետո էլ, ինչպես դրանից  առաջ, Շուշին զբոսաշրջիկների ամենացանկալի քաղաքներից է լինելու։ Այսօր՝  2020 թվականի մայիսի  9-ին առաջին անգամ թերևս վերջին տարիներին Շուշիում միայն տեղացիներն են, մի քիչ տխուր, մի քիչ՝ անսովոր է։ Խճանկար` Շուշիից։ 

Շուշին ապրում է  սովորական կյանքով։ Մի քիչ տխուր, մի քիչ ուրախ, բայց՝  երիտասարդացած։ Լեռների  լանջին հպարտ կանգնած բերդաքաղաքն այսօր  շատերի սրտերն է գերել։   Այստեղ առավոտները խաղաղ են, փողոցները՝  դատարկ, գիշերները՝ լուսավոր։ 

Լույսն անհրաժեշտ է հատկապես առաջին անգամ այստեղ այցելողին։ Խորհրդավոր լռության մեջ  գիշերային Շուշին ավելի գայթակղիչ է։ Առավոտյան մի պահ կարող ես սարսռալ, երբ քնաթաթախ  հյուրանոցի վարագույը մի կողմ քաշես ու պատշգամբից միանգամից մզկիթը տեսնես։

Բայց  բարձրադիր վայրում փռված քաղաքի թարմ օդը մոռացնել է տալիս  սարսուռը․.․ Ազատագրված  Շուշիի փողոցներում եթե շրջես` պատերազմի կնիքն  անպայման կտեսնես։ Ազերիների  հետքերը դեռ կան, բարեբախտաբար, դրանք թարմ հետքեր չեն։ Շուշիի Ռեալական դպրոցի քարուքանդ շենքը  պատերազմից մնացած  վկայություններից է։  Ազերիները  դպրոցի  շենքը  այրել էին տանիքից։ 

Ռեալական դպրոցի քարերը ամեն վայրկյան կարող են պոկվել ու  գլխիդ թափվել։ Բայց ներսում զգացողությունը այլ է․  մոռանում ես, որ մահվան վտանգի առաջ ես կանգնած, որ ամեն վայրկայն  ահռելի քարերը կարող են փոքր գլուխդ  պարզապես  ջարդուխուրդ անել։  Միայն հիացմունք, որ կարողացել են հենց 20- րդ դարի սկզբին (1901-1908 թթ)  նման մի կառույց շինել, ու ափսոսանք, որ այսօր այն այս   վիճակում է։  Այստեղ մի քանի տարի առաջ կենդանացավ մշակույթը՝  բացօթյա օպերա  «Սասունցի Դավիթ»  օպերան, Շուշիի այս հատվածում այսօր լռություն է․․․

 Շուշիի  բերդից ներս  բազմադարյան ավանդույթները  երիտասարդներն են  շարունակում, պարիսպներից երեկոները  աշխույժ են  և  ուրախ։ Պարիսպ գաստրոբակի հիմնադիրները ամեն ինչ արել են, որ  Արցախյան համուհոտը զգան այցելուները՝ ժենգյալով հացից մինչև արցախյան գինի ու հյուրասիրություն։  

Շուշիում հեռվից հեռու լսվում է Ղազանչեցոց եկեղեցու զանգերի ձայնը։

Զբոսաշրջիկների պակաս այստեղ միայն այս օրերին է նկատվում։ Իսկ ընդհանրապես պատարագից հետո եկեղեցու բակն աղմուկի  պակաս չունի։

Շուշիի պատմությունը հուշերի տեսքով տիկնիկագործ Բելան է ներկայացնում։  Իր ձեռքերով պատրաստած տիկնիկներին, խոզուկներին ու ավանակներին  արդեն քանի տարի շարում է  կողք կողքի ՝ եկեղեցու մուտքի  մոտ։  Նրանք  կանչում են  զբոսաշրջիկներին։  Բելան  և  գործում է, և վաճառում։  Ամենասիրուն աչքերը  Բելլայի գործած տիկնիկներն ունեն։ Զբոսաշրջիկները մոտենում են՝ տիկնկներով հետաքրքրվելով։

 Բելլան նախ մարդ գործել է սովորել, հետո՝  ինքնուրույն ավանակ ու խոզուկ։ Սկզբում դժվար էր, թելերը հաճախ էին խճճվում, հիմա արդեն գաղտնիքները գիտի, ապրում է՝ տիկնիկները վաճառելով․

«Իմ հետ երկու կանայք էլ են սովորել, բայց իրենք ինձ պես չեն կարողանում անել»,- պատմում է Բելլան։

Նա համացանցը չի սիրում․  կենդանի շփումներին ոչինչ  չի փոխարինի։ Մերժել է տիկնիկները համացանցով վաճառելու ընկերուհիների խորհուրդները։ Կենդանի շփումներն է նախընտրում։

«Տիկնիկը 5 հազար դրամ է, շատերը վերցնում են,  մանրը չեն վերցնում, շատերին էլ էժան եմ տալիս»,- ասում է։

Այս օրերին  Շուշիում անսովոր լռություն է։ Պարիսպ գաստրոբակի համահիմնադիր Հայկ Ավաննեսյանն ասում է՝  մնացել են տեղացիներով, անգամ Հայաստանից  մարդ չկա Շուշիում։  Պատճառը գիտենք` համավարակն է․

«Այս տարին շատ ռիսկային է, հույս ունենք, որ  նորմալ կլինի։  Ամեն տարի մայիսի 9-ին Շուշիում ասեղ գցելու տեղ չկա, այս տարի անգամ Հայաստանից չեն եկել։ Շատ համեստ է լինելու»,- ասում է Հայկ Ավաննեսյանը։

Իրենք իրենցով՝  առանց  զբոսաշրջիկ-հյուրերի,  եռատոնն են նշում։ Հյուրերն այստեղ միշտ  սպասված են, միայն թե համավարկը  շուտ անցնի։

Back to top button