ԿարևորՀասարակություն

Շարքայինից մինչև գեներալ. նա բոլորին նորից ստիպում էր քայլել

Բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի օգնությամբ շատերն են ոտքի կանգնել։ Նրա օգնությամբ և՛ արցախյան, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ վերջույթները կորցրած զինվորներն այսօր քայլում են, վերադարձել են լիարժեք կյանքի։

«Նա մարդ էր, ով մեզ քայլել էր սովորեցնում մեծ տարիքում, այն էլ  զրոյից»,-զրուցակիցներս տարբեր տարիներին մարտի դաշտում վիրավորում ստացած զինվորականներ են։ Նրանք այսօր չեն պատմելու, թե երբ և ինչպես վիրավորվեցին, այլ խոսելու են մի անձնավորության մասին, ով բառացիորեն նրանց ոտքի է կանգնացրել։

Մայիսի 5-ին հանկարծամահ եղավ բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը։

Նրա մասին չի կարելի խոսել անցյալով, ասում են զրուցակիցներս։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատմում է՝ բժշկի հետ ծանոթությունը սկսվեց 1992թ.–ին, երբ նա վիրավորում ստացավ մարտի դաշտում։ Հետո նրանց բժիշկ–պացիենտ հարաբերությունները վերածվեցին ընկերական հարաբեությունների։

Պատմում է՝ Արցախյան պատերազմի ծանրագույն օրերին, վերադարձավ Գերմանիայից  ու  կանգնեց  ամպուտացված վերջույթներով վիրավորների՝ զինվորների ու հրամանատարների կողքին։

«Բացի մասնագիտական աշխատանքից այն հույսը, որ տալիս է․․․ դու ախր կարող ես, մի հատ էլ փորձի, որ մի քիչ էլ աշխատես, ոչնչով չի երևա, որ դու այդ խնդիրն ունես։ Դրանք իր լավագույն խոսքերն էին։  Ու դա ասում էր ոչ միայն ինձ, այլև այն բոլոր  վիրավորված զինվորականներին, ովքեր անցել էին արցախյան պատերազմով, ապրիլյանով  և այլն»։

Ֆեյսբուքյան իր էջում Սեյրան Օհանյանը հրապարակել է իրենց վերջին լուսանկարը և գրել․  «Նա օգնեց ապրել, մրցել ու հաղթել․․․ և այսօր էլ մեզ հետ է։  Սա մեր վերջին լուսանկարն է․ կարծես երեկ լիներ, երբ նրանց հյուրընկալել էինք մեր տանը»։

Փոխադարձ այցելություններ հաճախ էին ունենում, խոսում էին աշխատանքից, հայրենիքից, մարդկային փոխհարաբերություններից։ Օհանյանն ասում է, որ նա բոլորիս սովորեցրեց չհանձնվել, ձեռնոց նետել ցավին, սովորեցրեց հպարտ կանգնել արհեստական ոտքի վրա և քայլ անել դեպի առաջ՝ անցյալում թողնելով ծանր ապրումներն ու դժվար օրերը։

Անցյալ տարի, երբ Սեյրան Օհանյանը մեկնել էր Գերմանիա պրոթեզավորման, բժիշկը 7 օր շարունակ նրա կողքին է եղել։ Ասում է՝ մի միտք ուներ ու միշտ կրկնում էր։

«Ֆիզիկական հաշմանդամություն բոլորն էլ կարող են ունենալ, բայց  կարևորը մարդ հոգեպես հաշմանդամ չլինի։ Եթե հոգեպես հաշմանդամ չլինես, կհաղթահարես  ցանկացած խնդիր, ցանկացած բարձունք, ու կկատարես քո առջև դրված նպատակները»։

Նրանց վերջին զրույցը եղել է դեպքից մեկ օր առաջ, երբ Գինոսյանը հրապարակել էր լուսանկար ԶՈւ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանի հետ։

ԶՈւ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս, վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից՝ կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: 

Պատմում է․ ասում են, որ վիրահատության ժամանակ սիրտը մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: 

«Երբ բժիշկները կռիվ  էին  տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում, իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»:

Վիրավորումից ամիսներ անց ոչ միայն սկսեց քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: 

Սարգիսն ասում է, որ այդ տարիքում իրեն քայլել սովորեցրեց հենց Մկրտիչ Գինոսյանը։

«Երբ Գինոսյանը առաջին անգամ եկավ ինձ մոտ, առաջին հարցը, որ տվել եմ,- «Ե՞րբ եմ քայլելու»։ Ասաց,- «Քեզանից է կախված ամեն ինչ»։ Իր այդ վստահ խոսքը ինձ արդեն քայլերցրել է։ Ինքը եղել է մեզ ծնող, մենք հազարներով ենք եղել։ Ո՞նց է ծնողը երեխային քայլել սովորեցնում ու ամեն քայլով ուրախանում։ Նա հենց այդպիսն է եղել։ Ինքը մեզ մեծ տարիքում է քայլել սովորեցրել։ Ու մեր ամեն քայլի հետ ուրախանում ու ոգևորվում էր»։

Գինոսյանն  ուներ անսահման հումորի զգացում։ Ամենադժվար պահին էլ նա իր հումորներով, հոգեբանական զրույցներով տղաներին միշտ դուրս էր բերում դժվար վիճակից։

«Պրոթեզներս պատրաստ էր, կրում էի։ Ասաց՝ Սարգիս ջան լավ կլինի մի 2-3 սմ կարճ անեմ, գետնին մոտիկ լինես, որ ավելի հեշտ ընտելանաս պրոթեզին։ Ասեցի չէ, թող իմ հասակը պահպանվի։ Ասաց՝ նայի, երբ ինչ ուզես, ինչքան ուզես հասակադ կարող ենք բարձրացնել, իջացնենք։ Չգիտեմ նրա ամեն խոսք ոգեշնչող էր ու ապրեցնող»։

«Հոգեբանորեն շատ դժվար է կանգնել  արհեստական ոտքի վրա ու երեխայի պես երկչոտ ու վախվորած  փորձել քայլել:  Հաճախ է եղել,  երբ տղաներից շատերը  դեն են  նետել պրոթեզը՝ այն այլևս չկրելու վճռականությամբ: Բայց այդ պահին դու չպետք է հանձնվես, այլ պետք է բռնել ձեռքը, որպեսզի ցավն ու հուսահատությունը  չհաղթի»,-հարցազրույցներից մեկում ասել է բժիշկը։

Մտնում ես առանց ոտք ու դուրս ես գալիս  երկու ոտքով։ 2017 թ.–ին Արցախում մարտական հերթապահություն իրականացնելու  ժամանակ երկու ոտքից վիրավորվեց Ալեքսան Ավանեսյանը։

«Ես մեծ դժվարությամբ եմ սկել քայլել, չէի հավատում, բայց Գինոսյանի  շնորհիվ զրոյից քայլեցի։ Ինքը այնպիսի հումորներ ու հոգատար խոսքեր էր ասում, որ իր դիմաց կանգնած տղամարդը հանկարծ չնեղվի», — ասում է Ալեքսանը։

Նա անընդհատ կապի մեջ էի բժիշկի հետ, վերջին անգամ զանգահարեց մայիսի 4 ին։ Ասաց, որ  ավելի ուշ կզանգահարի, բայց․․․․

«Միշտ ծիծաղը երեսին էր, գնում էր հիվանդանոց քիմիա էր ստանում ու չէր գնում տուն հանգստանալու, այլ գալիս էր պրոթեզարան մեկին ոտքի կանգնացնելու», — ապատմում է Ալեքսանը։

Պաշտպանության նախարարությունն իր ցավակցական խոսքում գրել էր, որ նա հայրենիքի նվիրյալ զինվոր էր, որ երբեք չլքեց առաջնագիծը:

Back to top button