Ստարտափ Հայաստան

Ինչպես ծրագրավորողը դարձավ խաղալիքագործ․ «Ստարտափ Հայաստան»

Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին հասցրել է հռչակվել որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հետո քաղաքն այլ տիտղոս ունեցավ՝ «Երիտասարդական մայրաքաղաք»:

Եվ անկախ նրանից, այդ տիտղոսը հետագա տարիներին որ քաղաքին բաժին կհասնի, մեկ է, Գյումրու երիտասարդները միշտ էլ աչքի են ընկնում իրենց հատուկ աշխուժությամբ, արտիստականությամբ և էնտուզիազմով։ Իրենց գտնում են տարբեր ոլորտներում, տարբեր քաղաքներում, անգամ տարբեր երկրներում, բայց նրանցից հաղթողները հենց Գյումրիում են ապրում և արարում։

24 տարեկան Գևորգը տիպիկ օրինակ է այն բանի, որ այսօրվա երիտասարդին կանգնեցնելը եթե ոչ անհնար, ապա դժվար կլինի։ Գևորգը ճիշտ ժամանակին կարողացել է հայտնվել ճիշտ վայրում և ճիշտ մարդկանց մեջ։ Այդ պատճառով է ադրենալինը հասել սահմանագծին և ականջին շշնջացել՝ հանկարծ հաջողություններիցդ խելքդ չկորցնես, տես կողքիդ էլ ինչ հնարավորություններ կան, վերցու ու անցիր գործի։


Գևորգը բիզնես է սկսել գիտակցված և պատասխանատվությունը միշտ աջ գրպանում պահած։ Հաշվի է առել ամեն մանրուք։ Բիզնեսը՝ բիզնես, բայց քանի ստեղծում ես երեխաների համար, պետք է հնարավորինս մանրակրկիտ և զգուշավոր լինես։

Նա տանն է աշխատում։ Հաստոցը, մնացած գործիքները տեղավորել է տան մի սենյակում ։ Ասում է՝ տան անդամները դեմ չեն, ճիշտ է, աղմուկ էլ է լինում, փոշի էլ, բայց հնարավորինս արագ վերացնում է հետքերը։ Ընտանքն աջակցում է իրեն, հասկանում են, որ բիզեսը դեռ տնային խնամքի կարիք ունի, բայց ամենամեծ աջակիցը, խորհրդատուն և ուսուցիչը հայրն է։

Գևորգը հաղթել է իր ցանկություններին և վախերին։ Սկսել է զբաղվել իր մասնագիտությամբ, հետո հասկացել, որ ճիշտը սիրած գործով զբաղվելն է ու կարևորը հենց քո բնակավայրում։ Այսօր Գյումրին երիտասարներին քիչ հնարավորություններ չի տալիս, չնայած դրան, նրանց մեծ մասն իրենց կյանքը գտնում է մայրաքաղաքում, կամ արտերկրում։

Երիտասարդ բիզնեսմենը հաճախ է հետևում, թե ինչպես են իր պատրաստած խաղալքիներով խաղում երեխաները։ Այդպես իր համար բացահայտումներ է անում, սովորում, զգում երեխաների վերաբերմունքը և հաջորդ անգամ պատրաստում նրանց նախասիրություններին ավելի մոտ խաղալիքներ։

Մեկուսացման օրերը բիզնես ունեցող մարդիկ տարբեր կերպ օգտագործեցին։ Գևորգն ու իր հայրն այս օրերը անիմաստ չեն անցկացրել։ Նոր մոդելներ են ստեղծել, նոր գաղափարներ իրականացրել, որ երբ այս ամենն ավարտվի, նոր թափով սկսեն աշխատանքները։

Գևորգն ամեն ինչ անում է, որ իր քաղաքում, Հայաստանում և ինչու չէ նաև արտերկրում հայտնի դառնա որպես խաղալիքագործ գյումրեցի, որը իր հաջողված բիզնեսն սկսել է հարազատ քաղաքում, շարունակել է և շարունակելու է այնտեղ։
Էլ ի՞նչ է պետք Հայաստան աշխարհին, եթե ոչ այնպիսի երիտասարդներ, որոնք մնում են, արարում են և զարգացնում իրենց երկիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button