ԿարևորՀասարակություն

Այսօր Եռատոն է

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր Եռատոն է` Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։

Այդ օրը, որպես կանոն, Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվում երկրի ողջ տարածքում։ Սակայն այս տարի նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ միջոցառումները մի փոքր կտարբերվեն։ Սակայն օդային շքերթ կկազմակերպվի։

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը` Հայաստանից, 200 հազարը` խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը` արտերկրից։

Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես հսկայական կորուստ է։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 107 հերոս։ Երկրորդ աշխարհամարտի դարաշրջանի խոշորագույն զորահրամանատարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Հայերը մասնակցել են պարտիզանական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում և ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը թշնամու թիկունքում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը։

Շուշիի ազատագրում

Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Պատերազմի ընթացքում բեկումնային դարձավ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքի, Ղարաբաղի պատմական և մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը։

1992 թ.–ի մայիսին արցախյան ուժերն արդեն գրեթե ոչնչացրել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերը, Արցախը լիովին ազատագրված համարելու համար պահանջվում էր թշնամուն դուրս շպրտել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը նախապատրաստեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան։ Քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց մայիսի 9–ին` Հաղթանակի օրը։

Օպերացիան ուներ ռազմական–ռազմավարական և հոգեբանական մեծ նշանակություն։ ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտն ամենօրյա գնդակոծումներից` պայմաններ ստեղծելով դեպի Հայաստան ցամաքային ճանապարհ բացելու համար։

Մի քանի օր անց արցախյան բանակն ազատագրեց Լաչինը` ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը և վերականգնելով ուղիղ կապը Արցախի և Հայաստանի միջև։

Ավելի ուշ մայիսի 9–ը հռչակվեց Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։

Back to top button