ԿարևորՀասարակություն

Մեծ Հայրենականը չլիներ, Հայաստանի բնակչությունը 10 միլիոն կլիներ. պատմաբան

Հայ ժողովրդի կորուստները Երկրորդ աշխարհամարտում համադրելի են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կորուստների հետ:  Պատմաբան Լիլիթ Ասոյանը՝ հավաքելով անհատների պատմությունները, ուսումնասիրել է ժողովրդագրական պատկերը:  

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Ասոյանը Մեծ Հայրենականում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումների համահեղինակ է, Երկրորդ աշխարհամարտի ու հայ մասնակիցների մասին լավ գիտի:

Ամեն ինչ սկսվեց մանկությունից, երբ պապերն իրենց հերոսական անցյալի հիշողություններով էին կիսվում:

Գաղթի ճանապարհին ամուսնանալով տատի հետ՝ ունենում են 2 երեխա: Պատերազմը, կարծես, միջոց ու հնարավորություն է լինում Եղեռնի զոհերի վրեժը լուծելու և ռազմական գործում անփորձ երիտասարդը կնոջն ու երեխաներին վերադառնալու խոստում տալով՝ մեկնում է մարտի:

«Ամենաբարդ կետերից մեկում՝ Կերչում: Պատմությունից հայտնի է, այնտեղ ամենածանր մարտերն են տեղի ունենում: Այդ մսաղացից փրկվում է»,- պատմում է Լիլիթ Ասոյանը:

Փրկվում է, բայց ծանր վիրավորվում: Պատերազմական հիշողությունները տարբեր են:

«Հայտնի երաժիշտներն այդ ժամանակ ռազմաճակատում համերգներ էին կազմակերպում: Զինվորներից մեկն ուրախ-ուրախ, հավանաբար ազգությամբ ոչ ռուս, գալիս և արտաբերում է «կոնցերտ» բառը, այնքան հնչյունափոխված, որ զինվորները «կոնսերվա» են հասկանում, մեծ դժվարությամբ, բայց և ուրախ գալիս հավաքվում են ու հիասթափվում: Շատ հետաքրքիր պատմություններ կան՝ կապված նաև ամուսնուս տատիկի՝ Օլյա Կարապետյանի հետ։ Գյումրեցի կին օդաչու է եղել, այն էլ՝ պատերազմի տարիներին:  Ինչն էր հետաքրքիր, որ օդաչուական դպրոցում ծանոթացել էր իր ապագա ամուսնու՝ Կոլյա Հարությունյանի հետ, ով իր հրահանգիչն էր: Նրանք միասին են մեկնել ռազմաճակատ, կռվել Կրասնոդարի երկրամասում»,- պատմում է Ասոյանը:

 Հայրենական Մեծ պատերազմին, երբ հայերի թիվը ողջ Խորհրդային Միությունում մոտ 2 մլն էր, զենք վերցրեց 600 հազար հայ, նրանցից յուրաքանչյուր երկրորդը չվերադարձավ:

Հայ ժողովրդի կորուստները Երկրորդ աշխարհամարտում համադրելի են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կորուստների հետ:  Պատմաբան Լիլիթ Ասոյանը՝ հավաքելով անհատների պատմությունները, ուսումնասիրել է ժողովրդագրական պատկերը: 

«Յուրաքանչյուր պետություն փորձում է ավելի ազդեցիկ ներկայացնել իր պետության ներդրումը, սակայն, թվերն այլ բան են ասում։ Ես կարող եմ փաստել, որ ամենամեծ ներդրումը Հայրենական պատերազմում ունի Հայաստանը և հայ ժողովուրդը: 1941 թ.-ի ժողովրդագրական տվյալներով՝ Խորհրդային Հայաստանն ուներ 1 200 000 բնակչություն, իսկ ռազմաճակատ մեկնեց 600 000 հայ»,- նշում է պատմաբանը:

300 000 հայ չվերադարձավ, նրանք պետք է սերունդներ տային: Եթե վիճակագրական պարզ բանաձևով հաշվենք՝ արդեն չորրորդ սերունդն է պատրաստվում հերթափոխի, և միայն զոհվածների լույս աշխարհ չեկած սերունդների թիվը պետք է գերազանցեր 8 մլն-ը:  

«Պատկերացրեք, եթե չլինեին այս կորուստները, ապա 90-ականներին մենք 3.8 մլն-ի փոխարեն կունենաինք ավելի քան 10 մլն բնակչություն միայն Արևելյան Հայաստանում, և բանակցությունների սեղանին կդնեինք մեր պատմական երազանքը, Արևմտյան Հայաստանի՝ մեր Հայրենիքի վերադարձի հարցը, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ ունի կենսական տարածքի պահանջ և խնդիր, իսկ մեր պարագայում՝ հողերի վերադարձի պահանջը կդառնար առավել արդիական և ճիշտ»,- ասում է Ասոյանը:

Անհատական ճակատագրերն ու պատմությունները կազմեցին ազգի բնութագիրը:

Պատերազմից տուն վերադարձած հայերից շուրջ 70 հազարը պարգևատրվեց մարտական շքանշաններով ու մեդալներով:  

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման արժանացավ 107 հայ, ոմանք կրկնակի հերոսի կոչում ստացան:  27-ը դարձան Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվեց 64 գեներալ,  5 մարշալ, 10 ծովակալ ու փոխծովակալ:

Կարդացեք նաև
Close
Back to top button