ԿարևորՀասարակություն

«Փորձել են ազդել վկայի վրա»․ «Մարտի 1»–ի գործը վերսկսվել է

Երկարատև դադարից հետո այսօր վերսկսվել է Մարտի 1- ի գործով «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» դատական նիստը։ Դադարի ընթացքում առողջական խնդիրներ են ունեցել թե դատավոր Աննա Դանիբեկյանը, թե առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան այսօր դատարանի շենք են բերել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է ապրիլի 28–ից։

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշել է, որ հորը հիվանդանոց տեղափոխելը որևէ կապ չի ունեցել նոր կորոնավիրուսի վարակի հետ։ Քոչարյանի որդին նաև հերքել է տարածվող լուրերը, թե հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Վեց ամսվա դադարից հետո այսօր կրկին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու մի քանի միջնորդություն։

Հինգ նախկին վարչապետ Հայաստանից և Արցախից այսօր միաժամանակ գտնվել են դատարանում։ Չորսը ներկայացել էին որպես երաշխավորող՝ մեկի խափանման միջոցը փոխելու համար։  Ռուսաստանում խորհրդականի աշխատանք ունեցող Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ բնակվում է Երևանում,  կրկին խորհրդական աշխատող Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նույնպես բնակվում է Երևանում։

Հայաստանի ևս երկու նախկին վարչապետ պատրաստ են անձնական երաշխավորությամբ՝ յուրաքանչյուրը գրավի որոշակի գումար վճարելով, պատասխանատվություն կրել մարտի 1–ի իրադարձությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու և նրա հետագա գործողությունների համար։

Խոսրով Հարությունյան, մշտապես բնակվում եմ Երևանում, ներկայումս դասավանդում են Կառավարման ակադեմիայում։

Վազգեն Մանուկյան, մշտապես ապրում եմ Երևանում, թոշակառու եմ, ԱԺՄ կուսակցության նախագահ։

Նախկին վարչապետերը ինչպես եկան դատարան հետնամասով, այդ ճանապարհով էլ հեռացան։ Դատական նիստին մասնակցեցին մոտ 10 րոպե՝ այդ ընթացքում տեղեկանալով, թե օրենքով ինչ պատասխանատվություն են ստանձնում երաշխավորություն ներկայացնելու դեպքում։ Որևէ մեկը դիմումը հետ չվերցրեց։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար պաշտպանները ևս մեկ միջնորդություն էին պատրաստել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ վկայակոչում էին միջազգային կազմակերպությունների հորդորները՝ համավարակի պայմաններում անազատության մեջ գտնվողների պահման պայմանների հետ կապված։

Ապրիլի 28–ից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը հաշվարկել է, թե այդ հաստատությունում մեկ շաբաթվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի քանի աշխատակցի հետ է շփում ունենում։ Անընդհատ վերահսկողության տակ գտնվելը պայմանավորված է կալանքի պայմանները պահելու անհրաժեշտությամբ։   


«Անձնակազմը միշտ փոփոխվում է։ Ոչ թե նույն մարդուն են ուղարկում, այլ՝ նույն քրեակատարողականից մի օր մեկն է, մյուսը, մյուսը, հերթով է, այսպես ասենք, ամբողջ անձնակազմը։ Ես ոնց որ հանրակացարանում ապրեմ։ Ի դեպ, սենյակում անպայման մարդ է գտնվում, պարբերաբար փոխվում է այդ «ամենը»՝ 5 հոգով քանի րոպեն մեկ փոխվում են։ Իմ շփման մակերեսն այսօր մոտավորապես մի 70 մարդ է շաբաթվա ընթացքում։ Եթե սա նորմալ է, ինչ ասեմ, ուրեմն թող այսպես մնա»։

Կորոնավիրուսի պայմաններում 66 տարեկանի և բժշկական կենտրոնից՝ հրապարական ոչ ենթակա կոնկրետ ախտորոշում ունեցող անձի համար սա վտանգավոր է՝ շեշտում են ամբաստանյալի պաշտպանները։

Համավարակը թելադրում է դատական նիստի նոր կանոններ՝ ոչ մի քաղաքացու, բացի նիստի անմիջական մասնակիցներից, այսօր չթույլատրեցին մտնել դատարանի շենք։  

«Իզմիրլյան» կենտրոնում Քոչարյանին՝ խնամողի կարգավիճակով ամեն օր այցելող որդին՝ Լևոն Քոչարյանը կողմնակիցների հետ դատարանի որոշմանը սպասում էր դատարանի շենքից դուրս։

Լևոն Քոչարյան«Քանի անգամ խոսել ենք, որ հայրս լինելով նույն այս պրոցեսի ընթացքում գրեթե 5 ամիս անազատության մեջ, ոչ մի բան չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ՝ երկրից դուրս է եղել ու հետ է վերադարձել։ Իմիջիայլոց, հիմա շատ են խոսում, թե այն մարդիկ, որոնք չեն գալիս՝ ինչո՞ւ չեն վերադառնում։ Եթե ճիշտ լինեին՝ հետ կգային։ Այդ մարդիկ, ենթադրում եմ, տեսնելով, թե հորս հետ ինչ է կատարվումս չգիտեմ մարդ կուզենա՞ վերադառնա երկիրս էլի»։

Բոլորովին այլ տեղեկություններ ունեն մեղադրող կողմի դատախազները։ Հակառակ պաշտպանների պնդումներին, որ ամիսների ընթացքում նվազել է գործին՝ ամբաստանյալի միջամտելու վտանգը, հակադարձում են, որ պաշտպանական կողմի շարունակական միջնորդությունների պատճառով մինչ այս պահը տեղի չի ունեցել դատավարական ոչ մի գործողություն, որևէ անձ դատարանում չի հարցաքննվել, հետևաբար խոչընդոտելու ոչ մի ռիկս չի նվազել։

«Կալանավորման կիրառման հիմքերը որևէ կերպ չեն նվազել։ Դատարանին կարող եմ ներկայացնել մեկ հանգամանք, որով պայմանավորված կարելի է փաստել, որ այդ ռիսկերը գնալով ավելանում են։ Այս գործի շրջանակներում, մասնավորապես 2008 թվականի մարտի 1–2 Երևանում տեղի ունեցած իրադարձությունների քննվող քրեական գործերի շրջանակներում անցնող տուժող վկաների նկատմամբ  անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքներ են ի հայտ եկել, դրանց վերաբերյալ  քննվում է քրեական գործ, գործը գտնվում է արդեն դատարանում, ուղիղ առնչվում է այս գործի շրջանակներին և դրանով պայմանավորված այդ ռիսկերն ավելի քան բարձր են»։

Մարտի 1–2-ի իրադարձությունների ժամանակ 10 զոհերից 9-ի իրավահաջորդների  փաստաբան Տիգրան Եգորյանը կասկածի տակ է դնում դատարան ներկայացած 4 վարչապետերի երաշխավորության վստահելիությունը։

«Նրանցից մեկը անձ է, որն զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը և ազատվել է այդ պաշտոնից ՀՀ նախագահի կողմից այն պատճառով, որ թույլ է տվել էթիկական և մասնագիտական այնպիսի խախտում, որը հանդուրժելի չի եղել այդ պաշտոնը զբաղեցնողի համար։ Խոսքը Խոսրով Հարությունյանի մասին է։ Նա 98 թվականին այնպիսի հանգամանքներում է զբաղեցրել Աժ նախագահի պաշտոնը և կատարել է այնպիսի գործողություն, մասնավորապես, ՀՀ նախագահի հրաժարականից հետո հրաժարվելով լիազորությունները ստանձնելուց՝ դրանք թողնելով Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։ Տարբեր հրապարակումների շրջանակներում գնահատվեց համաձայնեցված քայլ և տվեց հնարավորություն Ռոբերտ Քոչարյանին հանդես գալու արդեն ավելի բարձր լծակներով»,- ասում է Տիգրան Եգորյանը։  

Փաստաբանը հստակ վերապահումներ ունի նաև երաշխավորագիր ներկայացրած մյուս նախկին երեք վարչապետերի հետ կապված։ Այլ անձի դեպքում հնարավոր է, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպանը բավարար չի համարում այդ վարչապետերի երաշխավորագիրը։ Միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում դեռ չի կայացրել։

Back to top button