ԿարևորՀասարակություն

Նրանք ունեին մի խնդիր՝ հաղթանակ

Երկրապահ Կամավորականների միությունան Շիրակի բաժանմունքում տղաները կյանքից պատառիկներ են հիշում:

Յուրա Ալեքսանյան․ «Շիրակի մարզից կազմավորվել է Կումայրի ջոկատը, Ուրարտու, Չոռնի, դաշնակցության, Ամասիայի, Ախուրյանի, Ղուկասյանի, Անիի, Արթիկի ջոկատները»։

ԵԿՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Յուրա Ալեքսանյանը մեկ առ մեկ հիշում է նաև այն երիտասարդներին, ովքեր հայրենիքի առաջին իսկ կանչին զենք վերցրին, կամ, ճիշտ կլինի ասել, վերցրին՝ ինչ կարող էին: Հետո՝ զենքի հարցը լուծելու ամենահարմար տարբերակը գտան:

«Մի ջոկատում 1 կամ 2 ավտոմատ ունեինք, մնացածը՝ որսորդական հրացաններ էին, ինքնաշեն դանակ, բահ, եղան։ Այդ ժամանակ մենք հայթայթում էինք ամեն ինչ, որ սահման հասնենք»,- պատմում է Յուրա Ալեքսանյանը։

Տղաներն այսօր հումորով են վերհիշում պատերազմական դաժան տեսարանները ու թե ինչպես են միմյանց կյանք փրկել:

Ամեն ինչ սկսվեց  88-ին, Ռուսաստանում բնակվող Մկրտիչ Բաղդասարյանն Ադրբեջանում մեր հայրենակիցների հետ կատարվածի կադրերը տեսնելով՝ ընտանիքով Հայաստան է վերադառձավ:

Մկրտիչ Բաղդասարյան․ «Հարցը զենքով պետք է լուծվի, Հայրնիքի պաշտպանություան հարցը դիմումով ու թղթով չես լուծի»:

Արցախին առաջին օգնությունը սակայն զենքով չէր:

«36 000 հատ հայոց պատմության գրքեր տարանք, հետո՝ մեր ընտանիքներին, որ հետդարձի ճամփա չունենանք։ Կնոջս մի ատրճանակ էի տվել, որ եթե թուրքերը հարձակվեն ու ելք չունենա, իրեն գյուլլի, հետո՝ երեխուս»,- ասում է Մկրտիչ Բաղդասարյանը։

Մկրտչի կամ՝ Ծո Սամոյի նման 2 անուն ունի նաև մարտական ընկերը, մականունն էլ՝ վրադիր:

«Կարապետյան Ավետիք, Արսեն, մականունս էլ Ուդավ է»:

Արսենը հորեղբայն է եղել, թուրքերը սպանել են, Ավետիքը և՛ հորեղբոր վրեժը, և՛ պապի արցունքների դառնությունն է հիշում, որ Էրգիրը՝ Մուշն օտարին թողել եկել էին: Ինքը նահանջի ճամփա չուներ:

«Ես վրեժս լուծել եմ, հիմա՝ մի բան էնք տղերքով հիշում ու կարոտում՝ Շուշիի գրավման նախորդ օրը, երբ մեր ընկերները ողջ էին, 63 հոգի տղաները ողջ-առողջ ուրախանում էին։  Այդ պահերին 1 հոգին 100 հոգու դեմ էր կռվում»,- ասում է Ավետիք Կարապետյանը։

Շուշիի ազատագրմանը նախորդող օրերը, իրենց կատարած անհավանական հետախուզական արշավները, ամենավտանգավոր ու նույնիսկ զավեշտալի դեպքերը լավ է հիշում Մարտին Պետրոսյանը:

«Հավաքվանք, Ղարաբաղի սպաների հետ ֆուտբոլ խաղցանք, 2-1 գյումրեցիները կրին, ամսի 7-ին մինչև ժամը 6-ը։  Հետո՝ մարտի գնալուց առաջ կսեի «Կամանդոս, ինչքան քարտեզը կնայեմ․․․  մեզի ե՞րբ օգնություն գուկա․․․» Ըսավ՝ 6 ժամ, բոյի ժամանակ, որովհետև լրիվ շրջափակման մեջ կմտնինք։ Մենք բդի սաղ ադրբեջանական զորքին մեր վրա հավաքենք, բայց դե․․․ օգնությունը չհասցրեց գալու։ Օպերացիան փառքով պսակվավ, բայց՝ մեր տղերքի արյան գնով»,- պատմում է Մարտին Պետրոսյանը։

«Առաջադրանքը կատարված էր, Հարսանիքը լեռներում՝ փառքով պսակված, Շուշին մերն է, տղերքը չկան: Հայերս ինչե՜ր կարող էինք անել, եթե մեր պատմության ողջ ընթացքում համախմբված լինեինք»,- ասում է Իգիթ Զաքարյանը, ում պապը Անդրանիկի զինվորն է եղել:

«Առաջ միասին կռվելու ու հանուն հայրենիքին զոհվելու գաղափարը այսքան ուժեղ չի եղել։ 90 ականներին նույնիսկ մեր տերտերները մեզ հետ զենք վերցրին։ Չի կարելի մի ազգի հաղթել, երբ ազգովի բանակ ենք դառնում, դա ասել է մեր մեծ սպարապետը՝ Գարեգին Նժդեհը», — ասում է Զաքարյանը:

Նրանք ունեին մի հավատք՝ Հայրենիք
Նրանք ունեին մի համոզմունք՝ Հայրենիք
Նրանք ունեին մի խնդիր՝ հաղթանակ,
Նրանք շրջեցին պատմության անիվը:

Back to top button