ԿարևորՀասարակություն

Մեծ վեճ ԱԺ-ում. ինչպես և ինչու

Երկու տարի  առաջ նույն այս օրը հայրենի խորհրդարանը վարչապետ էր  ընտրում։ Ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանն էր։ Նա հենց այդ նույն ամբիոնից խոստացավ, որ նոր որակի  խորհրդարան ենք ունենալու, բացառվելու են քրեական ենթամշակույթի տարրերը, «շմայսների» ժամանակաշրջանն ավարտված ենք համարելու։  

Երկու տարի անց խորհրդարանում է  վարչապետ Նիլոլ Փաշինյանը։ Քննարկվում է 2019թ–ի կառավարության ծրագիրը։  Ամբիոնի մոտ ընդդիմադիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանն է, որն արձագանքում է   մինչ այդ ելույթ ունեցած պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Հենց հոպար բառն էլ դարձավ ծեծկռտուքի պատճառ։ Սասուն Միքայելյանը տեղից նստած ռեպլիկներ գցեց ամբոնի մոտ կանգնած Էդմոն Մարուքյանին, փորձեց անգամ վերցել իր դիմաց դրված ջրի շիշը, սակայն  դա կանխեց Անդրանիկ Քոչարյանը։

Բայց դա էլ  չխանգարեց ԵԿՄ նախագահին շարունակել  լեզվակռիվը, իսկ  հետո արդեն սկսվեց ձեռնամարտը։ Մարուքյանի գլխին հարվածեց «Իմ քայլը» խմբակցությունից  պատգամավոր Արտակ Մանուկյանը, ապա ընդդիմադիր պատգամավորի գլուխը ձեռքերի մեջ առավ, այս ու այն կողմ թափահարեց ՔՊ  անդամ Վահե Ղալումյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հորդոներից հետո Մարուքյանը կրկին վերադարձավ ամբոնի մոտ, բայց սկսվեց, այսպես ասենք, երկրորդ ռաունդը։ Պատգամավորներին անգամ չկաշկանդեց այն  հանգամանքը, որ դահլիճում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որքան էլ փորձեն իրեն հարվածել, սպառնալ, որ վիզը կկտրեն, ինքը միշտ խոսելու է, և անցել են ժամանակները, երբ որևէ պատգամավոր կարող է իրեն «Շմայսի պես պահել՝ ասաց Մարուքյանը:

Հայտարարվեց ընդմիջում։ Սակայն կոչնակը  տևական ժամանակ   դահլիճ   չհրավիրեց  պատգամավորներին։ Փոխարենը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատասենյակ հրավիրեց «Իմ քայլի» պատգամավորներին, կառավարության այն ներկայացուցիչներին, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ են։

Լրագրողներն արդեն ԱԺ նախագահի աշխատասենյակի  դռների մոտ  են։ Նիստի ընթացքում ելումուտ անող պատգամավորները    հրաժարվում են մեկնաբանություն տալ։ 

Պատգամավոր  Մխիթար Հայրապետյանն   ասաց, որ տրամադրություն չունի, հիմա մեկնաբանություն անել չի կարող, իսկ  Բաբկեն Թունյանը հայրենակիցներից ներողություն խնդրեց տեսարանի համար։

Երեք ժամ ընդմիջումից հետո սկսվեց  ԱԺ նիստը, ու ամբիոնի մոտ կրկին Էդմոն Մարուքյանն էր։ Ասաց, որ  ընդհատված ելույթը չի շարունակի, փոխարենը` կանդրադառնա տեղի ունեցած միջադեպին:

«Միջադեպից անցել է շուրջ 3 ժամ ու ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխությամբ հռչակված արժեքները և, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք՝ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, որքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին դեռ հետևից ու կողքից չեն խփել։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Իսկ «Լուսավոր Հայաստանը» լքում է ԱԺ նիստերի դահլիճը, և քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված կորոշի իր հետագա անելիքները»:

«Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ  ներողություն խնդրեց բոլորից, բայց նկատեց, որ «Լուսավոր Հայաստանն» արդեն տևական ժամանակ է սադրանքների է դիմում. դա սկսվեց այն ժամանակ, երբ ընդունվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որին «Լուսավոր Հայաստանը» կողմ  չքվեարկեց։

Արդեն եզրափակիչ  ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա եւս չխոսեց 2019-ին կառավարության կատարված աշխատանքների մասին, որի քննարկման համար էլ խորհրդարան էր եկել։ Վարչապետի անդրադարձը եւս տեղի ունեցած միջադեպի մասին էր։ Ասաց, որ տեղի ունեցածն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել  ու  քայքայել  քաղաքական մեծամասնությանը։ Նա բացեց որոշակի փակագծեր, թե երեկ ինչ են խոսել երբեմնի համախոհները` ինքը եւ Էդմոն Մարուքյանը սուրճի սեղանի շուրջ։

«Ես ուղիղ ասել եմ իրեն՝ մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք ու Ձեր գործունեությունը, այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները, և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պահը մի անբաժանելի մասն է: Այո, ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր, անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո»,- շեշտեց նա՝ հավելելով,- «Բայց սա որեւէ մեկին թող հուսավառ չանի»:

Ամփոփելով ելույթը՝ վերստին ընդգծեց, որ բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի։

Back to top button