ԿարևորՀասարակություն

Հաղթանակ, որ ավարտվելու էր հարսանիքով

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին դարձել էր Արցախի մայրաքաղաքն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների թիրախում պահելու ռազմավարական հենակետը։

Արցախում ստեղծված իրավիճակը պարտադրում էր պարզապես  լռեցնել Շուշիի կրակակետերը, իսկ խնդրի միակ լուծումը  քաղաքը գրոհով վերցնելն էր:

Շուշիի ազատագրումն իրականացվեց  4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով։ 1992-ի մայիսի 8-9-ին Շուշին ազատագրվեց: Քանի որ քաղաքը բարձունքի, լեռների վրա է,  գործողությունն անվանել էին  «Հարսանիք լեռներում»։  Անվանումը նաև նախապատմություն ուներ:

92-ի մայիսյան այս օրը Երևանում անձրևոտ,  մռայլ եղանակ էր։ Ստեփանյանների ընտանիքում Շուշիից ամեն րոպե նորության էին սպասում: Վերջապես լուրը հասավ` տղաներն արդեն Կարմիր շուկա են հասել։ Տղաների թվում Արմինեի եղբայրն էր` Վարդան Ստեփանյանը, նույն ինքը` Դուշման Վարդանը։

«Ընթացքում դուրս եմ եկել, աղջկաս գրկած տուն եմ գալիս, նայում եմ՝ մարդիկ մտախոհ, անտարբեր, դե,  երևի թե չգիտեին, ապշում էի՝ ինչպես կարելի է այսպես անտարբեր շրջել, երբ տղաներն այնտեղ կյանք են տալիս, պատրաստվում են ազատագրման։ Ու չգիտես ինչու՝ համոզված էինք, որ հաղթելու ենք»։

Շուշի մտնելու երազանքը Վարդանին 88-ից էր հետապնդում, քանի որ գիտեր` ով տիրեր Շուշիին, կտիրեր նաև Արցախին: Շուշի ազատագրման գործողությունը կոչվում էր «Հարսանիքը լեռներում»։

«Ինչու «Հարսանիքը լեռներում», որովհետև նախ՝ Վազգեն Սարգսյանը Արկադի Տեր- Թադևոսյանի հետ պայմանավորվել էր, որ պիտի ամուսնանա Շուշին ազատագրելուց հետո։ Որովհետև՝ տղաների մեծ մասը չամուսնացած էր, մենք էլ հույս ունեինք, որ Վարդանը  կամուսնանա Շուշին ազատագրելուց հետո»։

Վազգեն Սարգսյանի հետ իր պայմանավորվածության մասին «Ռադիոլուրին» պատմում  է հենց ինքը՝ Կոմանդոսը։ 

«Ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ  մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղե՛րք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Վախենամ՝ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, — մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:

— Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- հարցրել էր Վազգեն Սարգսյանին: Նա էլ ժպտալով պատասխանել էր․ «Հա՛, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք»։ Ու  քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշել էին  գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում»։

Ռազմական արվեստի բոլոր կանոններով Շուշիի ազատագրումն անհնար էր։ Գրոհի համար ուժերը չափազանց անհավասար էին։ Բարձրագույն ղեկավարության կողմից հարցը դրված էր այսպես՝ առայժմ չշտապել և միայն պատրաստվել։ Սա ընդունում էր նաև Կոմանդոսը։

«Ես իրենց հետ համաձայն էի, բայց Երևանից գալիս էի Ղարաբաղ ու տեսնում, որ ամեն օր գրադով վերևից խփում էին Ստեփանակերտին։ Մի ամիս էլ  սպասեինք, Ստեփանակերտը չէր լինի, մարդ էր չէր լինի։ Էլ ի՞նչ սպասեին, ու՞մ սպասեին»։

Շուշին ազատագրվեց 26․ 5 ժամում, մայիսի 9-ին, առավոտյան 4․30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին՝ քաղաքն ազատագրված է։ Հաղթանակի բերկրանքն այդ պահերին ամենատպավորիչն էր, բայց բերկրանքին գումարվել էր զինակից ընկերների կորստի ցավը։ Շուրջը մի տեսակ խառնաշփոթ էր, որից դեռ պետք էր գլուխ հանել։

«Մի օր առաջ նստել ես սեղանի շուրջ, խոսել ես, հաջորդ օրը  ասում են, որ զոհվել է։ Այդ հաղթանակը առաջին հերթին դու սկսում ես հաշվել զոհերով։ Շուրջդ տարբեր բաներ են կատարվում, չես հասցնում խելքի գալ,  մեկ էլ մի բան է կատարվում, որ չես հասկանում՝ ինչ է դա․ Շուշին մեր ձեռքում է, բայց տեսնում եմ, որ ամբողջ քաղաքը վառվում է»։

Հրամանատարը հետո միայն պարզեց՝  տեղացի հայերն այսպիսի ավանդույթ ունեն․ թուրքի հետևից այրում են նրանց տները, որպեսզի այլևս չվերադառնան։ Կոմանդոսը ստիպված էր ուժեր կենտրոնացնել ու պայքարել այդ հրդեհների դեմ նույնպես։ Ամբողջ այդ խառնաշփոթի մեջ հայ զինվորականը մի հոգս էլ ուներ՝ հետևել, որպեսզի զգացմունքային պոռթկումներին զոհ չդառնա Շուշիի ադրբեջանական մզկիթը։ Չէ որ դա մշակութային արժեք էր, ասում է գեներալը՝ այնպիսի մի հայացքով, որ ոչ միայն բացառում, այլև կարծեք չի էլ պատկերացնում մշակութային  արժեքի հանդեպ վերաբերմունքի որևէ այլ ձև։

Back to top button