ԿարևորՄիջազգային

300 հազար վարակակիր՝ միայն Մոսկվայում․ ՌԴ մայրաքաղաքն ապրելու է արտակարգ պայմաններում

Ռուսաստանում արդեն հինգերորդ օրն է կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդների թիվը։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակված  է 177 հազար 160 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը պաշտոնապես հաստատվել են 2020 թվականի հունվարի վերջին։ Սկզբում թվերն ավելանում էին համեմատաբար ցածր տեմպերով։ Բայց  ապրիլի վեցից թվերը սկսեցին աճել կտրուկ՝ մեկ օրում հայտաբերվում է ավելի քան  10 հազար վարակակիր, այսօր արդեն՝ 11 հազար։

Սակայն մայիսի 7-ի առավոտյան Մոսկվայի քաղաքապետը հայտնել է մի թիվ, որը գրեթե  կրկնակի ավելին է, քան ընդհանուր վարակակիրների թիվը ամբողջ Ռուսաստանում՝  խոսելով  միայն Մոսկվայում 300 հազար վարակակրի մասին, դա դաշնության մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 2-2,5% տոկոսն է։ Սերգեյ Սոբյանինը ճշգրտել է․ մայրաքաղաքում միանգամից կտրուկ աճ չի արձանագրվել, սա պարզապես տարբերությունն է հայտնաբերված և փաստացի դեպքերի միջև։

 «Մեր գերխնդիրն է բացահայտել հնարավորինս շատ հիվանդների` ուղարկելու նրանց կարանտինի, որպեսզի չվարակեն ուրիշներին», —  մանրամասնել է Մոսկվայի քաղաքապետը՝ հայտնելով նաև, որ վարակակիրների թվով Ռուսաստանի մայրաքաղաքը մոտեցել է և նույնիսկ անցել Նյու Յորքից։ Սա նշանակում է, որ մենք դեռ երկար ժամանակ ապրելու ենք նոր՝ գուցե մեզ համար ոչ հարմարավետ իրականության մեջ, եզրափակել է Սերգեյ Սոբյանինը։

Արդեն մի քանի ամիս է՝ իր բազմանդամ ընտանիքի հետ նոր, ոչ հարմարավետ  իրականության մեջ է ապրում մեր հայրանակիցը՝ Արմենակ Սառիկյանը։ Նա  ինժեներ է մոսկովյան նախագծող ընկերությունում,  աշխատում է տնից՝ հեռավար։

«Մինչև մայիսի 11-ը հրամանով տնից դուրս գալու իրավունք չկա։ Դուրս գալու դեպքում անցաթուղթ պետք է լրացնել, և դրա առկայության դեպքում նոր միայն տնից դուրս գալ։ Բայց սահմանափակ հնարավորություն են տալիս անցաթղթերը, կա դրանց երեք տարբերակ՝ աշխատանքի, բժշկի և անհատական։ Անհատականը տրվում է շաբաթը երկու անգամ։ Եթե չեք աշխատում, պարզ է՝ փող չի լինի, եթե կա հեռավար աշխատանք, կլինի։ Բայց  որքան կլինի, դժվար է ասել։  Չէ՞ որ հիմա բոլոր բնագավառները փոխկապակցված են և եթե մեկը չի գործում, դա անդրադառնում է մյուսի վրա»,- պատմում է մեր զրուցակիցը: 

Մեր զրույցի պահին Արմենակը դուրս էր եկել գնումների, պատմեց, որ  խանութի այցելուների կեսը դիմակով էր, մյուսը՝ ոչ։ Նույնիսկ խանութի աշխատակիցների ու վաճառողների մի մասն էր հանել դիմակը, քանի որ ժամեր շարունակ փակ տարածքում  դժվար է  մնալ դիմակով։

Մոսկվայում ապրիլի 12-ից թույլատրվելու է արդյունաբերական, շինարակական ձեռնարկությունների գործունեությունը։ Տնտեսական սահմանափակումների թուլացմանը զուգահեռ՝ խստացվելու են քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները, որպեսզի  մարդկանց հոսքի ավելացմանը զուգահեռ չաճի նաև վարակվածների թիվը։ Օրինակ՝ հասարակական տրանսպորտում ձեռնոցներ և դիմակներ կրելը լինելու է պարտադիր, հակառակ դեպքում՝ տուգանք չորս հազար ռուբլու՝ մոտ 30 հազար դրամի չափով։ Ուժի մեջ կմնան նաև էլեկտրոնային անցաթղթերը։

Մոսկվայի քաղաքապետն այսօր նաև կոչ է արել մոսկվացիներին հետաձգել բժիշկներին այցելությունը, համբերել՝ մինչ համավարակի ալիքը կթուլանա։

Կարդացեք նաև
Close
Back to top button