ԿարևորՄտքերի խաչմերուկ

Բարդ լուծումներ ենթադրող տնտեսական անկում․ ի՞նչ է կանխատեսում տնտեսագետը

Արդեն պաշտոնապես կանխատեսվել է, որ  Հայաստանը տարին կամփոփի 2 տոկոս տնտեսական անկմամբ։ «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, տնտեսագետ Կարեն Ավագյանը փաստում է, որ կանխատեսվող նվազումը բերելու է մի շարք խնդիրների․

«ՀՆԱ-ի նվազումը բերում է հարկերի նվազման, այսինքն՝ բյուջեի եկամտային մասի կրճատման, որն էլ իր հերթին առաջացնում է որոշակի խնդիրներ․  պետությունը նույն ծավալով ծախսեր կատարելու համար պարտավոր է ավելացնել իր ներքին կամ արտաքին պարտքը, կամ էլ՝  վերանայել ծախսերի ամբողջ ծավալը», — նշում է տնտեսագետը։ Հաշվի առնելով ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնողների մոտ  այս տարի ծագած խնդիրները՝ ծախսերի ծավալի նվազեցում չի նախատեսվի, և կառավարությունը կգնա պարտքի ավելացման ուղղությամբ` կանխատեսում է նա։

Տնտեսագետի խոսքով՝  եթե 169 միլիարդ դրամի չափ գնահատված պակասուրդին գումարվի  այն ֆինանսավորումը, որը պետության կողմից տրամադրվում է սոցիալական ծրագրերի, տնտեսությունը վերագործարկելու և տնտեսական ակտիվությունը պահպանելու համար  (մոտ 150 միլիարդ ), ապա պակասուրդը հասնում է բյուջեի  մոտ հինգ տոկոսին։ «Դա առայժմ՝  այսօրվա տվյալներով, փաստորեն լրացուցիչ 260 միլիարդ դրամի չափով ֆինանսավորման կարիք կլինի մոտ», — եզրակացնում է տնտեսագետը։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը, անդրադառնալով գլոբալ տնտեսական գործընթացներին և տնտեսական անկմանը, նշում է, որ կորոնավիրուսի համավարակն ընդամենը առիթ էր առկա տնտեսական ճգնաժամերի խորացման համար։

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես են տնտեսական կենտրոնները վարելու իրենց հետագա քաղաքականությունը, նրանց միջև կոնֆլիկտը մինչև ուր է հասնելու և հատկապես ինչ ոլորտների է վերաբերելու ու, ըստ այդմ, փորձել կառուցել մեր ներքին տնտեսական քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով տնտեսական կենտրոնների շահերին և այդ շահերի բախումներին»,- հավելում է տնտեսագետը՝ կանխատեսելով, որ մեկ թիմի համար շատ բարդ է լինելու գտնել ճիշտ  լուծումներ։

Անհրաժեշտ է հետևողական աշխատանք, ուսումնասիրություններ, բազմապիսի կապեր տարբեր երկրների, գործարար շրջանակների և քաղաքականություն թելադրող ուղեղային կենտրոնների, կշիռ ունեցող անհատների հետ։

Back to top button