ԿարևորՀասարակություն

Սահմանադրական հանրաքվեի ճակատագիրը

Նոր կորոնավիրուսի համավարակը խաթարեց իշխանական ծրագիրը՝ ապրիլի 5–ին նշանակված հանրաքվեի միջոցով լուծել խնդիրներից մեկը՝ ՍԴ ճգնաժամը։ Ինչ է լինելու սահմանադրական այդ հանրաքվեի հետ՝ այժմ քննարկումներ են ընթանում, փորձում են լուծման տարբերակներ գտնել, քանի որ, ըստ Սահմանադրության, այդ որոշումը դեռ ուժի մեջ է, իսկ համավարակի պայմաններում համապետական ընտրություն կազմակերպելը՝ խնդիր է։ 2021–ին, սակայն, մեկ այլ սահմանադրական փոփոխություն է սպասվում՝ այսօր ԱԺ- ում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Մինչ պատրաստվում էինք սահմանադրական հանրաքվեին` կորոնավիրուսը խափանեց ՍԴ ճգնաժամը հաղթահարելու իշխանության ծրագրերը։

Մարտի 12–ին, երբ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԸՀ–ն արդեն սահմանադրական հանրաքվեն կազմակերպելու կես ճանապարհին էր։

2 հազար տեղամասային հանձնաժողովներից մի մասում արդեն տեղադրվել էին տեսախցիկները, իրականացվում էր կահավորումը, ձևավորվել էին տեղամասային հանձնաժողովների կազմը, սարքավորումներն աշխատացնող մասնագետների թիմը։ Ընդհանուր առմամբ՝ 17–18 հազար քաղաքացի էր աշխատելու տեղամասերում։ Նրանց վերապատրաստման դասընթացը տևեց մեկ օր, հետո սկսվեց կարանտինը։

Այժմ իշխանական թիմում քննարկում են՝ ինչ լուծում տան նշանակված հանրաքվեին։ Քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգի պայմաններում նոր լուծումներ են պետք։

Համազասպ Դանիելյան․ «Ակնհայտ է, որ այս համաճարակը կարճաժամկետ չի լինելու որևէ երկրում, խոսում են տարիների մասին և շատ երկրներում քննարկվում է, թե ինչպես իրականացնել քվեարկություն կարգից սկսած մինչև տեղամասի կահավորում և այլն, և այլն։ Կան հաջողված դեպքեր, և կան ոչ այնքան հաջողված դեպքեր»։

Այս պահի դրությամբ իրավիճակը հետևյալն է․ արտակարգ դրության ավարտից հետո պետք է նշանակվի նոր հանրաքվեի օր։ Այդպես է ասում «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո:

Այս դրույթն է վկայակոչում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  

«Որքանով որ գիտեմ, քանի դեռ ԱԺ որոշումը կա, այսինքն՝ գործող որոշում է, հետեւաբար հանրաքվեն անբեկանելի է և արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո օր պետք է նշանակվի։ Մենք ինչ էինք ասել, մի հատ հիշենք՝ պետք չի, ուրիշ լուծումներ կան։ Հիմա եթե որոշեն, որ ուրիշ լուծումներ կան, իրենք գիտեն»։

Օրենքը հուշում է, որ հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Դա նշանակում է, որ որոշումները պետք է կայացվեն մինչև մայիսի 14–ը, հակառակ դեպքում` արտակարգ դրության ավարտից հետո նախագահը հանրաքվեի նոր օր պետք է նշանակի։     

Այս դեպքում, սակայն, կան չհստակեցված հարցեր՝ քարոզարշավը պետք է սկսվի ընդհատվա՞ծ տեղից, թե՞ ամեն ինչ սկսվի զրոյից։ Կան նաև օրենսդրական այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։  Այս ամենին զուգահեռ պետք է պատկերացնել նաև համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման նոր կարգը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսում է նոր խնդրի մասին, որը ի հայտ եկավ համավարակի առաջին օրերից․   

«Հայտարարվեց ռեժիմ և բնական է, դադարեցվեցին բոլոր գործընթացները, բայց պետք է նկատենք, որ նույնիսկ այդ ժամանակ արդեն բավականին ահազանգեր կային քաղաքացիների կողմից, որոնք տեղամասային հանձնաժողովի անդամներ էին կամ մասնագետներ էին, որոնք հրաժարվում էին, խնդրում էին իրենց փոխարինել այլ անձով, որովհետև իրենք վտանգ էին տեսնում, վախենում էին առողջության պահպանման հետ կապված և չէին ցանկանում ընդհանրապես մասնակցել գործընթացին։ Մի կարևոր խնդիրը սա է, որպեսզի իրականում ապահովվի, որ հանձնաժողովները, դրանցում աշխատող սարքեր սպասարկող մասնագետները, իսկ դա փոքր թիվ չէ՝ մոտ 17–18 հազար, քաղաքացիների կազմակերպում պետք է տեղի ունենա և երկրորդ կոմպոնենտը, իհարկե, ընտրողների մասնակցության հետ կապված խնդիրն է»։ 

Հավասար պայմաններ ապահովելու համար ԿԸՀ–ն պետք է կարողանա ապահովել նաև հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների քվեարկությունը շրջիկ արկղերով։ Կորոնավիրուսի պայմաններում այս կետը, բնականաբար, խնդրահարույց է։  

Այս ամենին զուգահեռ, պատրաստվում է Սահմանադրական փոփոխությունների ավելի մեծ փաթեթը։ Աշխատանքային հանձնաժողովը նիստեր չի գումարում, բայց մասնագիտական քննարկումները չեն դադարում։ Հայեցակարգը հանրային քննարկման կներկայացվի հավանաբար սեպտեմբերին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան․ «Քանի որ կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապի միջոցով ամեն շաբաթ նիստերը ընթանում են բավականին ինտենսիվ բոլոր ուղղություններով, բավական մեծ շրջանակ են արդեն ընդգրկելու սահմանադրական փոփոխությունները, արդեն հիմա նշմարվում է, որպեսզի հայեակարգը պատշաճ տեսքով պատրաստ լինի քննարկումների համար»։

Back to top button