ԿարևորՀասարակություն

Հորդառատ անձրևները կրկին հիշեցրեցին Երևանի հեղեղատար համակարգի խնդիրների մասին

Երեւանի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը եւ սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երեւանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Այնուհանդերձ, Երեւանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետեւանքների վերացման գործում:

Երեկ, օրինակ, քաղաքային կոմունալ ծառայության աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրեւատար ուղիները: Քաղաքապետարանի առաջարկությամբ նաեւ նոր հեղեղատարներ են կառուցվում, եւ մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրեւը խնդիր չի առաջացրել:

«Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը եւս իր զգալի ազդեցությունը թողել է:

Օրինակ, Պռոշյան փողոցի անձրեւային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա: Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերեւս չէր լինի, եթե վերեւում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները եւ այլն:

Ամեն դեպքում, կրկնեմ, թեեւ խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մներ մասնագետները պարբերաբար զբաղվում են», — նշել է նա:

Back to top button