ԿարևորՀասարակություն

Հայկական ռոբոտը՝ ամերիկյան հիվանդանոցում. ո՞ր ՏՏ ընկերություններն աջակցություն կստանան

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը։ Այն աջակցություն է ՏՏ ոլորտին։ Այս ոլորտի ընկերությունների  մի մասը տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

ՏՏ ոլորտի ընկերությունների մի մասն էլ վերամասնագիտանալու, նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն կստանա։ 

Expper Technologies ընկերությունում, օրինակ, սկսել են ամերիկյան շուկայի համար  Robin ռոբոտներ ստեղծել, որոնք  կօգնեն բուժանձնակազմին` նրանց փոխարեն հիվանդանոցներում շփվելով երեխաների հետ։ Robin ռոբոտ նաև Երևանում կա։

Հայկական Ռոբին ռոբոտն աշխարհում եզակիներից  է, նա արհեստական բանականության միջոցով զրուցում է հաճախորդների հետ, ընտրում նրանց ցանկացած ապրանքը։ 

Ավելին, Ռոբին էմոցիաներ ունեցող ռոբոտ է, սրտացավ ու զգացմունքային։  Միայն թե նրա  սիրտը էլեկտրոնային է։ Նա Երևանի հիվանդանոցներից մեկում օգնում է բժիշկներին,  ազատ ժամանակ` էլ բուժվող երեխաներին գիտելիքներ սովորեցնում։

Կորոնավիրուսի համավարակի այս օրերին  առաջիկայում հայկական Ռոբինը  ԱՄՆ բժիշկների փոխարեն կմտնի հիվանդասենյակներ՝ երեխաների հետ խոսելու, նրանց ստրեսից  հանելու համար։ 

Ռոբինին ստեղծում են  Expper Technologies ընկերությունում, ընկերության  համահիմնադիր տնօրեն Կարեն Խաչիկյանը «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչու են ընտրել ԱՄՆ-ն․

«Երբ երեխան հիվանդանոցում է գտնվում,  ԱՄՆ-ում շատ մեծ ուշադրություն են դարձնում  երեխայի հոգեբանական վիճակին»,- ասում է Խաչիկյանը։

Ռոբինը կօգնի բժիշկներին, նրանց փոխարեն կշփվի հիվանդների հետ։ Ռոբինը  հեշտ է ախտահանվում՝ այսպիսով կանխելով նաև համավարակի տարածման վտանգը։

Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է: Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ:  Ռոբինը  պրպտող տեսակ է, նրա հարցերի շրջանակը լայն է։ Նրան հետաքրքում է երեխայի հետ կապված ամեն ինչ՝ տրամադրությունից մինչև նախասիրություն։ 

Իսկ ինչու Ռոբին․ «Քանի որ մեր գաղափարն այն է, որ ինքը ուղղակի սարք չի,   էակ է, համապատասխան անուն էինք ուզում ընտրել։  Ռոբինը այն տեսանկյունից է շատ լավ անուն, որ ոչ իգական, ոչ արական սեռի է, նայեք իրեն, ինքը հենց Ռոբին է»։ 

Այս ընկերությունը ՏՏ ոլորտի եզակի կազմակերպություններից է, որը ոչ թե հավելվածներ կամ ծառայություններ է ստեղծում, այլ՝ արտադրանք։ Մինչդեռ, ոլորտի կազմակերպությունների մեծ մասը, հատկապես այս օրերին, պետք է փորձի նոր տիպի արտադրանք ստեղծել։ 

Կորոնավիրուսի  համավարկի այս օրերին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  հարցումներ է անցկացրել՝ հասկանալու համար, թե ՏՏ ոլորտի վրա ինչ ազդեցություն է թողել կորոնավիրուս։ 

Նախարար Հակոբ Արշակյանն ասում է, որ 185 ընկերություններից կեսից ավելին ֆինանսական խնդիրներ ունի, մի մասի մոտ էլ կադրերի խնդիր է առաջացել։ Ընկերությունների 74 տոկոսը պատրաստ է նոր արտադրանք ստեղծել, վերամասնագիտական ու ապրանքների ստեղծման մեջ ներդրումներ կատարել։ Սրանք հիմնականում  ծառայություն մատուցող ընկերություններն են։ ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի շուկաների հետ են աշխատում։ Եվ ահա, կառավարությունը  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով ՏՏ ոլորտի ընկերություններին դրամաշնորհներ է առաջարկում․

«Նորարարական դրամաշնորհներ 10.0 մլն ՀՀ դրամ։  Ընկերությունները պետք է վերջին 2 տարում  ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողներ լինեն։ Առաջարկում ենք նաև  դրամաշնորհներ կայացած ընկերություններին՝ 20.0 մլն ՀՀ դրամ։ Այս դեպքում ընկերությունները  2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ  պետք է լինեն (տնտեսավարողներ), որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ։ Համաֆինանսավորման դրամաշնորհներ ենք առաջարկում՝ 100% չափով համաֆինանսավորում,  սակայն ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ։  Կարող են դիմել տեխնոլոգիական ընկերությունները  (տնտեսավարողներ), որոնք  կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ»,- ասում է Արշակյանը:

Մինչև մայիսի 15-ը մասնագիտական հանձնաժողովը ձևավորված կլինի։  Մրցույթի նախնական փուլը  հաղթահարած ընկերություններն իրենց նախագծերի շնորհանդեսներն օնլայն կկազմակերպեն։  

Back to top button