ԿարևորՀասարակություն

Ինչ կլիներ այսօր Ռադիոտանը, եթե չլիներ կորոնավիրուսը

Չկա մի բնագավառ, որի հետագա գործունեության կամ նախատեսվող  միջոցառումների առջև դուռը չշրխկացրեց  թերևս անհասկանալի համավարակը։  Հանրային ռադիոյում այսօր նախատեսված էին միջոցառումներ, սակայն կորոնավարակը դրանք  չեղարկել է։  

Հանրային ռադիոյի շենքում տարօրինակ լռություն է։ 300 հոգանոց աշխատակից ունեցող  ռադիոյում մոտ երկու տասնյակ աշխատակիցներ ենք։ Նույն լռությամբ էլ նշվում է  ռադիոյի օրը։  Սակայն եթե չլիներ կորոնադարդը, ապա այս տարի ռադիոն  նախորդ տարիներից մի փոքր տարբեր, սակայն նորից  մեծ շուքով էր նշելու իր օրը։  Արդեն  ծրագրված էր, թե  կորոնվիրուսի ավարտից հետո  ինչ, այսպես ասենք,  փարթի է կազմակերպվելու։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը,  «հավեսով», սակայն միևնույն ժամանակ ափսոսանքով  ներկայացրեց  նախատեսվածը։

«Մեծ հույս ունեի, որ դա կլիներ ամսի 7–ին։ Ինձ համար այս ամսի 7–ը համենայն դեպս մնաց չարված քեֆի օր։ Ասեմ ձեզ, եթե նույնիսկ այսպես անձրև լիներ,  մենք միևնույնն է անելու էինք և վստահ եմ, որ մարդիկ  հավեսով այս ամեն ինչին կմասնակցեն»,- ասում է Խումարյանը։

Սակայն կորոնավիրուսը չեղարկեց ոչ միայն, ինչպես ասում են, 7 օր ու 7 գիշեր նախատեսվող քեֆը, այլև ռադիոյում նախատեսվող կարևոր մի միջոցառում ևս։ Հանրային ռադիոյի արդեն երեք ամսական  «Ռադիո Արևիկի» գլխավոր խմբագիր  Կարինե Գևորգյանը դադարից հետո էլ  չէր մոռացել, թե ինչ էր նախատեսված այսօր Ռադիոտան բակում, եթե չլիներ կորոնավիրուսը։ Իսկ այսօր «Ռադիո Արևիկի» կոլեկտիվն էլ, խմբագիրն էլ հիմնականում աշխատում են հեռավար.

«Իհարկե հիշում եմ։ Եվ ափսոսանքով պետք է նշեմ, որովհետև կար շատ լավ ծրագիր։ Պետք է նշեինք «Ռադիո Արևիկի» ծննդյան օրը»,- ասում է Կարինե Գևորգյանը։

Եվ ռադիոյի տնօրենը, և խմբագիրը լիահույս են, որ ի վերջո նախատեսված միջոցառումը տեղի կունենա։ «Ռադիո Արևիկի»  գլխավոր խմբագիրը նույնիսկ պայմանական օր էլ ունի նշանակած։ Հունիսի 1- ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Իսկ մինչ այդ ստիպված գործընկերներին առաջին անգամ շնորհավորում է հեռավար։

Հանրային ռադիոյում  հաղորդավար Տիգրան Հարությունյանի ծննդյան օրը  միակ  միջոցառումն էր, որը  չէր ճանաչել կորոնավիրուս  և իր շուրջն էր համախմբել  գործընկերների  մի փոքրիկ շրջանակ։

« Անկախ կորոնավիրուսից  ես իմ ծնունդը միշտ ամեն տարի  նշել եմ եթերում  ռադիոյի գործընկերներիս հետ»։   

Այս տարեդարձի առանձնահատկությունը հյուրերի արտաքինի մեջ էր` ձեռնոցներ, դիմակներ, սոցիալական հեռավորություն. Տիգրանին այսօր ոչ մեկը չէր գրկում ու չէր համբուրում։  

Back to top button