ԿարևորՀասարակություն

Օնլայն դիմում, վիրտուալ ՀԴՄ. կորոնավիրուսը կրճատում է շփումները

Կորոնավիրուսը  աշխատանքային բոլոր հարաբերություններում նոր մշակույթ ներդրեց՝  հեռավար կամ օնլայն։ Սա  մարդկային շփումները հնարավորինս կրճատում է։ Պետական կառավարման բոլոր համակարգերը հնարավորության դեպքում փոխում են աշխատաոճը։ 

Պետական եկամուտների կոմիտեն էլ  նոր գործիքներ ներդրեց՝ հնարավորինս կրճատելով մարդկանց շփումները։   Ընդհանրապես համավարակի օրերին մեր կյանքում գրեթե ամեն ինչ վիրտուալ  է  դարձել՝  համերգասրահներից մինչև  շրջագայություն։ Դրանց մի մասը  համավարակից հետո  հնարավոր  կլինի կյանքում իրականացնել, մյուս մասը՝ ոչ։ 

Բանկ ու հարկային տարածքային մարմին այցելելու կարիք այլևս չկա։ Կորոնավիրուսը կրճատեց առաջնային շուկայից  բնակարան ձեռք բերած քաղաքացիների՝  եկատմային հարկի վերադարձի  համար  անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման քայլերը, նաև՝ վայրը։ Զրուցակիցս՝  Աննան, գոհ է նոր գործիքի ներդրումից,  բացի դիմումից ու ձևաթղթից, նաև  անձնագրի տվյալներն է սքանավորել ու կցել դիմումին։  Նույն հարցով ՊԵԿ-ի- ն երկրորդ անգամ է դիմում․

«Ի տարբերություն առաջին անգամվա՝ այս անգամ գործընթացն ավելի հեշտ էր։ Երկու քայլ պակաս արեցի։ Նախ, բանկից օնլայն տարբերակով լրացրեցի  վճարված տոկոսագումարի  տեղեկանքը, հետո օնլայն լրացրեցի դիմումը, ձևաթուղթն ուղարկեցի ՊԵԿ-ի տրամադրած հասցեով»,-պատմում է Աննան։

Սա միակ էլեկտրոնային գործիքը չէ։  ՊԵԿ-ի առաջարկած Էլեկտրոնային գործիքներից ամենաշատը հաշվապահներն են օգտվում։ Նախկին հաշվիչներին այժմ փոխարինում են համակարգիչն ու ինտերնետը։ Զրուցակիցս՝   մասնագիտությամբ հաշվապահ  Ֆլորան,  ՊԵԿ-ի առաջարկած էլեկտրոնային գործքիներից ընդհնաուր առմամբ, գոհ է։ Նշում է՝  համակարգում  ծանրաբեռնվածություն լինում է, հատկապես, երբ հարկային հաշվետվությունները միաժամանակ են ուղարկվում։  Դիմումների  ձևերը հեշտացված են, ավելին, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ ու 10-րդ ծրագրերի  համար ոչ թե շահառուներն են դիմում, այլ  ՊԵԿ-ն ինքն է նամակներ ուղարկում․

«5-րդ ու 10-րդ ծրագրերի շահառու դառնալու համար ՊԵԿը հարկային ծանուցում է ուղարկում։ Լրացնում ենք  266 –րդ ձևը՝ բանկը, հաշվեհամարը, ստորագրում , ուղարկում ենք։ ՊԵԿ-ը  չորրորդ եռամսյակի հաշվետվությունների  հիման վրա բավարարում է հայտը։ Նույնը նաև՝ 10-րդ ծրագրի դեպքում է»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ասում է, որ  առաջիկայում  պատրաստվում են ներդնել նաև վիրտուալ ՀԴՄ-ների գաղափարը։ 

«Դա նոր համակարգ է, որն արդեն ստեղծված է ՊԵԿ-ում և սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա և ինտեգրվի այդ համակարգին։ Համավարակի պայմաններում բոլոր այն կազմակերպություններում, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, ինտեգրվում է էլեկտրոնային ՀԴՄ-ն ընկերությունների էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիքսվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում տրվում է սպառողին»,- ասում է Փաշայանը։  

Համավարակի այս օրերին էլեկտրոնային նորամուծությունները հաճախ են անհարմարություն առաջացրել։ Սակայն միայն առաջին հայացքից ու առաջին անգամ։ Հետո արդեն ոչ միայն վարժվում ենք, այլեւ հասկանում, թե ինչ հարմար է ծառայությունների օնլայն միջավայրը։

Back to top button