ԿարևորՀասարակություն

Սահմանային անցակետերում հսկողությունը շարունակվում է․ Հակոբ Ավագյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակցի վիճակը լավ է, նրանք արդեն առողջ են: Նոր վարակակիրներ և մեկուսացվածներ Տեսչականը չունի, իսկ ռիսկային խմբում գտնվող աշխատակիցները հեռավար են աշխատում:

Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ում կադրային փոփոխություններին, ապա դրանք պայմանավորված են հաստիքների առկայությամբ: Հաշվի առնելով ծանր ռեժիմով աշխատանքը, Տեսչականի կողմից առաջարկ է եղել կառավարման խորհրդին, որպեսզի էլեկտրոնային քվեարկությամբ թեկնածուներին հավանության արժանացնեն, որից հետո էլ ներկայացվել են ՀՀ վարչապետին` նշանակման։

Վերոնշյալ հարցերի և Հանրապետությունում իրականացվող վերահսկողական լայնածավալ աշխատանքների մասին ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է կառավարության միասնական հարթակում:

Ըստ այդմ` մարտի 20-ից սկսած Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների գործունեությունը ժամականավորապես դադարեցվել է, սկզբնական շրջանում 6 ժամով, ապա 24 ժամով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Սրան զուգահեռ շարունակվում է տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի ուժեղացված աշխատանքը, որը մեկնարկել է հունվարի 24-ից: Մինչ այժմ լրացվել են 47 483 ուղևորների համար հասցեական քարտեր: Այնուհետև երբ հասցեական քարտերը փոխվեցին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել և ծանուցվել են 23 311 ուղևորներ, որոնք գնացել են ինքնամեկուսացման»,- նշեց Հակոբ Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ եթե ժամանող ուղևորի մոտ առկա են լինում հիվանդության ախտանիշներ, ապա նրան անմիջապես հոսպիտալացնում են, և այս պահի դրությամբ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ:

Հակոբ Ավագյանն ասաց, որ մայիսի 4-ին սահմանափակումների մեղմացումից հետո տարբեր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը դրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բացառությամբ հանրային սննդի կետերի, որտեղ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Մայիսի 4-ից սկսած արդեն իսկ 8 տնտեսվարողներ խախտել են սահմանված անվտանգության կանոնները, ինչի համար տեսչական մարմինը դիմել է պարետին՝ նրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար:

«Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել է աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը և այլն»,- նշեց Հակոբ Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծեց, որ եթե ռեստորանները և սրճարանները չունեն պարետի սահմանած կետերով անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություն, ապա նրանք չպետք է բացվեն:

Անդրադառնալով շինարարական հրապարակներում վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումներին՝ Հակոբ Ավագյանն ասաց, որ եթե մարդիկ տեղեկություններ ունեն տարբեր շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման մասին, ապա կարող են ահազանգել թեժ գիծ, ինչից հետո տեսչական մարմինը մշտադիտարկում կիրականացնի:

Back to top button