Որևէ հիմք չկա կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերից. Թորոսյան


Ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադառնալով՝ վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:
«Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշներով, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019 թ. դեկտեմբեր և 2020 թ. հունվար ամիսներին:
Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»,- նշել է Արսեն Թորոսյանը: