ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզ, մշակույթի տուն, հանգստյան գոտի՝ սուբվենցիոն ծրագրով

Արմավիրի մարզում արդեն հաստատվել են 4 համայնքի սուբվենցիոն ծրագրերը, որից 2-ում վերակառուցվում են մանկապարտեզներն ու բակային տարածքները: Ծրագրերից մեկով էլ նախատեսվում է մշակույթի տան մասնակի նորոգում, մյուսով՝ հանգստի գոտու կառուցում, մեկ գյուղ էլ ձեռք կբերի գյուղատնտեսական տեխնիկայի կցորդիչներ:



Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ համայնքը մարզկենտրոն Արմավիրից հեռու է մոտ 45 կմ, ասել է, թե կտրված համայնք է, սահմանակից՝ Թուրքիայի միջպետական սահմանին: Աշխարհագրական դիրքով ու տեսքով շատ գեղեցիկ վայր է, բայց այնտեղ հասնելու համար, բացի կորոնավիրուսով պայմանավորված տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումներից, պետք է հաղթահարել երկակի դժվարություններ, քանի որ չկա  ուղևորատար որևէ հասարակական փոխադրամիջոց, իսկ մարդատար մեքենաների համար էլ գլխավոր խոչընդոտը  անբարվոք ու  անմխիթար ճանապարհներն են:

Այս անգամ իմ վիրտուալ տեսադաշտում համայնքների սուբվենցիոն ծրագրերն են: Երվանդաշատում մանկապարտեզ չկա,  համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանը նշում է, մանկապարտեզ ունեցել են մինչև  1990-ականների սկիզբը.

«Առաջին տարիներին եղել է, հետո խանգարել է դպրոցին: Եղավ մի պահ, որ երեխաների թիվը շատ քիչ էր, կարիք չկար մանկապարտեզի, որովհետև նույնիսկ մի խումբ չէր հավաքվում: Հիմա արդեն պահանջը կա»:

Համայնքում հիմա  մոտավոր թվով 43-45 մանկահասակ երեխա կա: Մանկապարտեզը երեխայի կյանքում որոշակի դերակատարություն ունի թե՛ նախնական կրթության,  և թե՛ սոցիալականացման հարցում, այս կարծիքին է մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, կոչումով՝ մայր Անուշ Ավետիսյանը.

«Մանկապարտեզը կրթության առաջին օղակն է, ինչքան էլ պատրաստված լինի երեխան ու ինչքան պատրաստված գնա դպրոց, այնքան ամուր կլինի նրա կրթության հիմքը»:

Անուշն ապրում է Երվանդաշատ գյուղում, 2 երեխայի մայր է, մանկապարտեզի բացակայությունն ավելացրել է նրա  առօրյա հոգսը: Ժամանակի մեծ մասն Անուշը  տրամադրում է երեխայի զարգացմանը.

«Կրթությունը պիտի սկսել նախադպրոցական տարիքից: Մեր գյուղում շա՜տ երեխաներ զրկված են այդ կրթությունից, միանգամից ոտք են դնում դպրոց՝ առանց նախակրթարանի, առանց նախադպրոցական որևէ հաստատություն գնալու: Ծնողներն էլ, ովքեր ցանկություն ունեն, ովքեր ինչքան կարողանում են՝ տանն աշխատում են, ովքեր չէ, կոպիտ ասած՝ փակ աչքերով  գնում են: Ծնողն ինչքան էլ աշխատի, բնականաբար, մանկավարժի պես չի աշխատի երեխայի հետ»:

Մանկապարտեզ ունենալու ծնողների երազանքն այս տարի իրականացվելու է: Երվանդաշատի մշակութի  տան երկրորդ հարկի մի հատվածը սուբվենցիոն ծրագրով վերակառուցվելու է  մանկապարտեզի:  Համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանն ասում է, որ ծրագիրն արդեն հավանության է արժանացել, սուբվենցիաներ ստանալու համար, ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, և մոտ օրերս մրցույթ կհայտարարվի՝ շինարարական աշխատանքները սկսելու նպատակով:

«Քանի որ մեր գյուղը սահմանամերձ է, 35 տոկոսը համայնքն է ներդնում, 65 տոկոսը՝ կառավարությունը»:

Ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլն 882 հազ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է  9 մլն 408 հազ, դրամ: Մանկապարտեզը նախատեսվել է 45 երեխայի համար, չի բացառվում, որ այստեղ կհաճախեն նաև հարևան Բագարան գյուղի երեխաները:  

Սուբվենցիայով  վերակառուցվում է նաև  նաև Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզը, որը վթարայնության պատճառով  դադարել էր  գործել  2016թ-ից: Կառույցի հիմնանորոգման և ամրացման աշխատանքները սուբվենցիոն ծրագրով սկսել էին  անցած տարվանից: Բաղրամյան համյանքի ղեկավար Գոռ Միրզոյան.

«Մանկապարտեզի շենքը վթարային էր և մենք էլ չէինք կարող երեխաներին ձևական ուղարկեինք մանկապարտեզ: Աշխատանքը սկսել են հիմքերից մինչև տանիք: Անցած տարի սուբվենցիայով ենք արել, այդ մնացորդային պակաս գումարը, որը շահել էին տենդերները, էդ նորից դրել ենք մանկապարտեզի վրա»:

Ներքին հարդարման աշխատանքները կատարվում են միայն համայնքի ու բարերարների միջոցներով, իսկ այս տարվա սուբվենցիայով կբարեկարգվի մանկապարտեզի բակը: Ծրագրի արժեքը 15մլն 808 հազար դրամ է, բայց ի տարբերություն սահմանամերձ Երվանդաշատի,   այս գյուղում  ծախսը  հավասարապես կիսվել  է  համայնքի ու պետբյուջեի միջև՝ 50-50 տոկոսով: Ծրագրով նախատեսվել է բարեկարգել մանկապարտեզի բակը: Փուլային տարբերակով վերնորոգվելու է նաև մշակույթի տունը:

«Մեր ակումբն ահավոր վիճակում է, միայն տանիք ունի, 3 պատի վրա է, հիմա վերակառուցվելու է 4-րդ պատը, հետո ներսում կվերանորոգվի դահլիճը, բեմը, ներքին հարդարման աշխատանքներ կկատարվեն»:

Մշակույթի տան հիմնանորոգման նպատակով նախատեսվել է  28 մլն 309 հազար դրամ, որի 30 տոկոսը՝ 8 մլն 492 հազար դրամը ներդրվելու է  պետբյուջեից, իսկ  70 տոկոսը՝ 19 մլն 816 հազ դրամը՝ համայնքից:

Արմավիրի մարզի համայնքներից հաստատվել է նաև Նորավան գյուղի կենտրոնում հանգստի գոտու բարեկարգման ծրագիրը 22.5 մլն դրամ արժեքով, որի 30 տոկոսը ներդնելու է կառավարությունը: Համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանն ասում է, այն կառուցվելու է համայանքապետարանին կից տարածքում, մոտ 2000 քմ տարածության վրա՝ կտեղադրվեն նստարաններ, մանկական սպորտային խաղահրապարակ, բացօթյա բեմ, նստարաններ, կարուսելներ: Տարածքում ծառեր են տնկելու և կանաչապատելու են:

Արմավիրի մարզի երեք համայնքի ղեկավարներն էլ նշեցին, որ իրեց համայնքային բյուջեն սեփական եկամուտների հավաքագրման մասով կատարել են 100 տոկոսով և հնարավորություն ընձեռել այդ գումարները համաֆինանսավորմամբ ներդնել համայնքային կյանքի բարելավման վրա:

Back to top button