ԿարևորՀասարակություն

Խորհրդարանում «հակակորոնավիրուսային» նոր ռեժիմ է

ԱԺ այս շաբաթվա լիագումար նիստերը խիստ հագեցված են ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններով, այլև՝ հաշվետվություններով, որ պետք է ներկայացնեն կառավարությունը և տարբեր մարմինները։ Այս աշխատանքները, սակայն, համընկան ԱԺ–ում հակակորոնավիրուսային նոր խստացումների հետ։ Պարզվում է, խստացումները հստակ հիմքեր ունեն, ավելին՝ այսօրվանից ինքնամեկուսացված անձը վերջին օրերին շփումներ է ունեցել նաև մի շարք պաշտոնյաների հետ։ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը այսօրվա նիստի սկզբում կրկին զգուշացրել է՝ եթե պատգամավորներ կան, որոնք մտահոգված են ստեղծված  վիճակից, ապա կարող են չգալ ԱԺ։ Նրանց բացակայությունները համարվելու են հարգելի։ Օրենսդիր աշխատանքը այս փուլում ամբողջությամբ դադարեցնելն առայժմ չի դիտարկվում։

Մինչ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են, ԱԺ- ն գնում է դրանք խստացնելու ուղիով։ Կարանտինի օրերին սովորական աշխատանքային ռեժիմով են աշխատել, դիմակները և ձեռնոցրեը կրել են ցանկության դեպքում, բայց այսօր նիստերի դահլիճ մտնելուց առաջ պատգամավորները պարզել են՝ անհրաժեշտ է կրել պաշտպանիչ միջոցները։ Անգամ մուտքի մոտ նրանց բաժանվել են դիմակներ և ձեռնոցներ։

Էդման Մարուքյան«Մեզ դռան մոտ թույլ չէին տալիս առանց ձեռնոցի և դիմակի ներս գալ։ Ի՞նչ է փոխվել, մինչ այդ նույն ռեժիմով աշխատել ենք։ Եթե մարդ կա հիվանդ՝ ասենք, թող չգան, իմանանք ինչ ենք անում։ Կամ բոլորս ենք հագնում, կամ չենք գալիս, կամ գալիս ենք, կամ ով հիվանդ է՝ չի գալիս, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք։ Հասկանանք՝ ինչի՞ է այս խստացումը»։  

ԱԺ աշխատակազմում վարակակիր կա՝ տեղեկությունը հաստատեց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սակայն, բոլոր պատգամավորին թեստավորելու որոշում դեռ չկա։  

«Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է և մենք Աժ աշխատակազմում վարակակիր ունենք։ Իհարկե, առողջություն ենք մաղթում։ Կոչ եմ առնում ձեռք առնել անվտանգության միջոցառումներ, նաև աշխատակազմն է իր կողմից ձեռք առնում անհրաժեշտ միջոցառումները։ Վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցվում է, հստակեցված է և կրկին մեկուսացված են։ Մեզանից յուրաքանչյուրից հասնում է, ակնկալվում է շարունակել բնականոն աշխատանքը՝ ձեռք առնելով համապատասխան միջոցներ»։   

«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօրվանից ինքնամեկուսացել է և չի գնալու ԱԺ, թեև փոխանցում է, որ ախտանիշ չունի, գանգատներ եւս, ինքնազգացողությունն էլ շատ լավ է։ Երեկ ուշ երեկոյան պարզվել է՝ նա կոնտակտավոր անձ է՝ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Խոսքը պատգամավորի օգնականի մասին է, որը վերջերս երկար ժամանակ ջերմել է և անգամ մասնակցել է հանձնաժողովներից մեկի նիստին։ Անունները և հանձնաժողովները խորհրդարանում չեն հստակեցնում։ Պատգամավորն ինքն է հաստատել, որ ինքնամեկուսացել է։

Իսկ նա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 6 օր առաջ և 3 օր առաջ այդ հանձնաժողովը գումարել է երկարատև աշխատանքային նիստեր՝ քննարկելու օրակարգում ներառվող հարցերը։ Պատգամավորը ակտիվ մասնակցել է այդ աշխատանքներին, հարցեր ուղղել ՀՀ գլխավոր դատախազին և ԿԸՀ նախագահին։ Նրանք այս շաբաթ դեռ պետք է գան խորհրդարան՝ իրենց ղեկավարած կառույցների հաշվետվությունները ներկայացնելու համար։ Այսօր, սակայն, հաշվետվության հերթը կառավարությանն էր։

Գործադիր մարմինը ողջ կազմով՝ վարչապետի գլխավորությամբ խորհրդարանում էին։ Նրանք նույնպես «զինված» էին հակավարակային պաշտպանիչ միջոցներով։  Ի դեպ, գործադիրի կազմում այսօրվանից բացակայում է շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա երեկ է հեռացել պաշտոնից։ Ինչու՝ բացատրում է վարչապետը․

 «Համոզված եմ, որ այս ընթացքում նա արել է առավելագույնը առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, զարգանում են իրադարձություններ, լինում են իրավիճակներ, երբ պետք է կայացնել որոշում։ Այդ կայացված որոշումը չի նշանակում, որ կամ ամեն ինչ գերակատարվել է, կամ ամեն ինչ թերագնահատվել է։  Ճշմարտությունը ինչ որ տեղ մեջտեղում է»։

Լրագրողներն այսօր ճշմարտությունը փորձում էին լսել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։ Նրա անունը նույնպես վերջերս հաճախ է շրջանառվում հնարավոր պաշտոնանկությունների համատեքստում․

«Անկեղծ ասեմ, չգիտեմ որտեղից են այդ լուրերը։ Այսինքն գիտեմ, երևի 1–2 ֆեյսբուքյան գրառումից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին և ես կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ և հուսով եմ, որ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»։

Աժ–ում կառավարության անդամներն այսօր հարցերին էին պատասխանում առավոտից մինչև օրվա ավարտը՝ նախ հաշվետվության շրջանակներում, հետո՝ ավանդական հարց ու պատասխանի ձևաչափով։ Ուշագրավ տեղեկություններից մեկն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամկետներ նշեց․ թեև չունենք սոցիալական կոլապս, բայց ճգնաժամը նոր է սկսվում։ Կորոնավիրուսային ճգնաժամը առնվազն մեկ տարի է տևելու՝ մինչև հաջորդ տարվա մայիսը։

Back to top button