ԿարևորՀասարակություն

Գեներալ Սարգսյանն ու պատգամավոր Շաբադը. Ոսկեպարի ողբերգությունից 29 տարի անց

1991- ի այս օրերին Հայաստանի հյուսիսում գտնվող Ոսկեպար գյուղը շրջափակված էր խորհրդային ուժերի  կողմից: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ոսկեպարում սպանվում է 18 հայ` հիմնականում ոստիկաններ։ Դեպքերից մեկ օր անց` մայիսի 7-ին Ոսկեպարում է լինում նաև  ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբադը։ Նա հիշել է 29 տարվա վաղեմության այդ իրադարձությունների մասին։

Ես ծնվել եմ Ոսկեպարի դեպքերից մի քանի տարի հետո, ինձ համար սա պատմություն էր՝ չտեսած, չլսած, չիմացած։ Պատմություն էր` մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիսը։

Դրանից հետո մինչև այսօր փնտրել եմ իմ հերոսին։ Ոսկեպարի ոստիկանապետի մասին երկու տարի առաջ ինձ պատմեց ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբադը։

Գեներալ Տիգրան Սարգսյանը չի կարող մոռանալ, բայց և սկզբունքորեն չի ուզում խոսել այն մասին, ինչ եղել է 29 տարի առաջ։

1991 թվականի հենց այս օրերին Ոսկեպարի մուտքի ու ելքի բոլոր ճանապարհները փակ էին։ Ըստ խորհրդային պաշտոնական հայտարարությունների`«կարգուկանոնը վերականգնելու և զինված կազմավորումներին զինաթափելու» պատրվակով խորհրդային ներքին զորքերի  ու Ադրբեջանի օմոնի ծառայողները Ոսկեպարում սպանեցին մոտ երկու տասնյակ հայ ոստիկանների ու քաղաքացիների։ Այն հայտնի է «Օղակ» (Кольцо) գործողություն անունով։

Անատոլի Շաբադի հետ իմ զրույցին երկար եմ պատրաստվել՝ ինչից ու ինչպես սկսել։ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շաբադը Ոսկեպարում է լինում մայիսի 7–ին՝ դեպքերից մեկ օր անց։

Ինչպե՞ս հայտնվեցիք Ոսկեպարում հարցին՝ Շաբադը պատասխանում է՝ մանրամասներն արդեն չի հիշում: Բայց այդքանով հանդերձ մոռանալ չի կարողանում, թե ինչպես գրող ու թարգմանիչ Անահիտ Բայանդուրը պատմեց Ոսկեպարում տեղի ունեցածի մասին ու խնդրեց Շաբադին անձամբ մեկնել այնտեղ՝ որևէ կերպ օգնելու համար:

Արդեն այսքան տարի անց Շաբադը վստահ ասում է՝ այնտեղ էր իրավիճակը որևէ կերպ մեղմելու համար` լավ հասկանալով, որ դա վեր էր ցանկացած քաղաքական գործչի ուժերից:

Շաբադին գյուղը շրջափակած խորհրդային ուժերը ներս թողնում են, իսկ Ոսկեպարում տեսածը Շաբադը ներկայացնում է որպես սարսափելի մի բան, որ երբեք չի մոռանա:

«Նախօրեին Նոյեմբերյանից ոստիկանության անձնակազմը երկու մեքենայով` 18 մարդ, ևս 6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի Ոսկեպար: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ՝ խորհրդային ներքին  ուժերի կողմից: Վաղ առավոտյան գրոհ է սկսվում և խորհրդային ուժերը կրակում են լեռներում` Ոսկեպարից ոչ հեռու՝ 2 կմ-ի վրա: Խորհրդային զորքերը ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական իշխանություններին»:

Նոյեմբերյանի ՆԳ բաժնի միլիցիայի կարգախումբը (20 ոստիկանների և չորս քաղաքացիական ուղեկիցներ) փորձում է գյուղ մտնել անտառով ու հայտնվում է խորհրդային ներքին զորքերի եւ ադրբեջանական օմոնի ծուղակում։

Նրանցից 11-ին սպանում են, մյուսներին՝ գերեվարում ու տեղափոխում Կիրովաբադի բանտ։

Գերիներին Ադրբեջանում Շաբադը հանդիպում  է, որոշ ժամանակ անց Հայաստանի ներքին գործերի նախարար Աշոտ Մանուչարյանի անմիջական ջանքերով գերիները վերադարձվում են Հայաստանին։

Շաբադն ասում է՝ այն ժամանակ Միխայիլ Գորբաչովը Հայաստանին դիտարկում էր որպես թշնամի, որովհետև համաձայն չէր հայերի պահանջի հետ, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դուրս գա Ադրբեջանի կազմից ու միանա Հայաստանին:

Շաբադին Ոսկեպարում իր տղաներին կորցրած ոստիկանապետը մի բան է խնդրում:

«Լալիս էր, պատմում, որ իր տղաները զոհվել են ու խնդրում, որ զոհվածների դիակները դուրս հանեն այդտեղից: Խորհրդային ուժերի հետ մենք կարողացանք համաձայնության գալ ու արդեն գիշերը կարողացանք դուրս հանել դիակները ու ավտոմեքենաներով տեղափոխել Նոյեմբերյան»:

Սպանվածների դիակները Ոսկեպարից դուրս հանելուց հետո Անատոլի Շաբադը ևս երկու օր մնում է գյուղում՝ հասկանալով, որ միայն իր ներկայությունը  կարող է որևէ կերպ կանխել հետագա բռնությունները։

Արդեն ավելի ուշ՝ Մոսկվա վերադառնալուց հետո, Ոսկեպարում տեսածը Շաբադը «կենտրոնի և ադրբեջանական կառավարության» նախօրոք ծրագրած գործողություն  է որակում:

Իմ ու Անատոլի Շաբադի խոսակցության կարմիր թելը ոստիկանն էր, նրա խնդրանքն ու արցունքները։

Այսօր արդեն գեներալ Սարգսյանը ինձ է խնդրում է գտնել ռուսական РТР հեռուստաընկերությանը 1991 թվականի հունիսի 12- ին իր հարցազրույցի տեսագրությունը։ Այնտեղ նա առաջին ու միակ անգամն է խոսել Ոսկեպարի ողբերգության մասին։

Back to top button