ԿարևորՀասարակություն

Բնապահպանական հարկերից մասհանումներ համայնքներին. ինչ է առաջարկում կառավարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն Ազգային ժողովում ներկայացրել է ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունները ներկայացված են ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» oրենքով առաջարկվում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին` նպատակային ծրագրերի իրականացման համար:

Փոփոխությունների նախագծով կառավարությունը նախատեսում է համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը և դրանց հրապարակումը դարձնել պարտադիր, ինչպես նաև մասհանումներ կատարել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից՝ ընդլայնելով ընկերությունների և շահառու համայնքների ցանկը:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է օրենքում ամրագրել մասհանումներ կատարելու պարտավորություն ունեցող ընկերությունների կարգավիճակը, այլ ոչ թե առանձին ընկերությունների անվանումները, իսկ կառավարության կողմից սահմանել այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը, ի լրումն, արդեն իսկ առաջարկվող օրենքով պարտադիր ամրագրված մետաղական հանքաքար արդյունահանող բոլոր ընկերությունների, կսահմանի նաև այլ ընկերությունների ցանկը: «Արդյունքում մենք կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդգրկուն շահառու ազդակիր համայնքներ»,-նշել է Լիլիա Շուշանյանը:

Հաջորդ փոփոխությամբ կարգավորվում են բնապահպանական հարկերից մասհանումների հաշվարկման գործընթացները, քանի որ Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում գործող օրենսդրական ձևակերպումներն արդեն 2 տարի է, թույլ չէին տալիս գործնականում իրականացնել համայնքների մասհանումների հաշվարկները:

Ներկայացնելով նախագծի մյուս կարգավորումը` փոխնախարարը նշել է. «Հաջորդ փոփոխությունն ավելի շատ ուղղված է տեղական ժողովրդավարության զարգացմանը: Քանի որ այս գումարները չեն տրամադրվում ինքնանպատակ, այլ ուղղված են համայնքների բնապահանական խնդիրների լուծմանը, ապա մենք պետք է համոզված լինենք, որ հատկացված միջոցները ծառայում են իրենց նպատակին»:

Առաջարկվող փոփոխությամբ համայնքների բնապահպանական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի համայնքային կամ մարզպետարանների կայքերում, իսկ հետագայում համայնքները նաև պարտավորություն կունենան հաշվետվություներ ներկայացնել սահմանված ձևաչափով:

Back to top button