ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը՝ նաև հնարավորություն․ որո՞նք են ապագայի մասնագիտությունները

Մայիսի 5-ին լրանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի համար ներկայացվող  տնտեսական դասակարգիչները լրացնելու ժամկետը։ Այս հայտերի հիման վրա են ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցներն ու  անհատ ձեռնարկատերերը  սոցիալական միանվագ աջակցություն ստանում։

Հատկապես աջակցության տրամադրման սկզբնական շրջանում սխալ լրացված նույն այդ  դասակարգիչների պատճառով  դիմումներն ընդունվել են, բայց գումարը  շահառուին չի հասել։

Սահմանափակումների մեծ մասը  հանված է, տնտեսվարողները աշխատանքի են վերադարձել։ Փորձագետները, սակայն, առաջարկում են հիմնական շեշտը դնել ոչ թե ֆինանսական աջակցության, այլ մասնագիտությունների՝ վերապրոֆիլավորման վրա։ Միջազգային փորձն է այդպես հուշում։

Աստիճանաբար սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ։  Երեկվանից  Հայաստանում սահմանափակումների մեծ մասը հանվել է։  Հասարակական տրանսպորտը չի աշխատում, սակայն, մեքենաների,  մարդկանց ու աղմուկի պակաս չկա։  Մոտ երկու ամիս տանը փակված աշխատակիցների մեծ մասը վերադարձել է աշխատանքի։

Սակայն դեռ կան փակ ոլորտներ․ «Ռադիոլուրի» զրուցակիցը  տանն է արդեն երկու ամիս,  նախկինում նա էլ դժվար էր պատկերացնում, որ կարող է  այսքան երկար ժամանակ տանը  մնալ։ Ավելին, կրթության ոլորտի աշխատանքային ապագան, եթե այն հեռավար չէ,  դեռ  անորոշ է։ Զրուցակցիս` Էլենին,  մնում է միայն ժամանակ առ ժամանակ սոցիալական աջակցության 8-րդ ծրագրի հայտ լրացնել, գուցե ՝ գումար ստանա.

«Աշխատում եմ մանկական զարացման կենտրոնում, գրանցված  աշխատող եմ։ Տեղեկացա, որ ընդգրկվել ենք ցանկում, սակայն, իմ անունը չգտա»։

Մայիսի 5-ը վերջնաժամկետն էր, երբ տնտեսվարողները կարող էին իրենց տնտեսական դասակարգիչները լրացնել՝ այսպիսով  հնարավորություն տալով կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցներին աջակցություն ստանալ։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում  հորդորում է ուշադիր լինել, դասակարգիչը ճիշտ նշել․ 

«Օրինակ, մթերային խանութ է եղել, որը բացառություն է հանդիսանում։ Լրացրել են դասակարգիչը՝ տուրիզմ, այդ ընկերությունները  հանդիսացել են շահառու, աշխատակիցների դիմումները հաստատվել է, սակայն  նկատել ենք, որ այդ ընկերությունն իրականում չի հանդիսանում տուժած ոլորտ, ցանկից հանել ենք։ Դիմած ու հաստատված քաղաքացիների գումարը չենք փոխանցել»,- ասում է Ամիրշադյանը։

«Հաստատված դիմումների գումարները երկու օրվա ընթացքում փոխանցում ենք ամեն օր»,- ասում է զրուցակիցս։ Ավելին, եթե սկզբնական շրջանում  օրվա ընթացքում հազարավոր դիմումներ էին ստանում, այժմ դրանք հարյուր են դաձել։  Ութերորդ ծրագրի շահառուները ցանկն ընդլայնվեց մի քանի անգամ։

Զարգացման ու կառավարման խորհրդատու Կարեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում եվրոպական երկրների փորձն է ներկայացնում։ 

«Օրինակ, ես թվարկում եմ աջակցության տեսակներ՝  ֆինանսական վարկեր՝ կոնկրետ պայմաններով, աջակցության այլ տեսակ՝ խորհրդատվություն բիզնեսին, նոր աշխատատեղերի բացման նպատակով ֆինանսավորում։ Ոչ թե  լինում է շահառու խմբերի ներկայացուցիչների համապատասխան աջակցության  ոլորտային աջակցության տեսակների թվարկում, այլ ուղղահայաց՝ առաջարկվող միջոցառումների տեսակների»,- նշում է Սարգսյանը։ 

Եկել են ժամանակներ, երբ մեկ մասնագիտություն ունենալն արդեն շատ քիչ է։ Փորձագետն առաջարկում է  մասնագիտությունների վերապրոֆիլավորում կատարել։ Ապագայի աշխարհը ավելի շատ  որոշակի հատկանիշներ ունեցողների   կարիք է ունենալու՝

«Օրինակ՝  խնդիր լուծողի։ Հենց այսօր այն կազմակերպությունը, որն ունի այդ կարողությունով աշխատակից, ինքը շահել է։ Աշխատակիցը նստում, մտածում է, թե ինչպես են իրավիճակից դուրս գալու։ Մինչդեռ «թույն» ինժեները տանը նստած է, աշխատանք չունի։ Նույնը նաև վերլուծական կարողություններ ունեցողների մասին է խոսքը»,-ասում է փորձագետը։

Սեփական փորձով նաև գիտի, թե որ մասնագիտություններն են  Հայաստանում ամենապահանջվածը․

«Ես մեր օրինակը բերեմ, երբ մեզ անհրաժեշտ էր սանտեխնիկ, զանգահարեցինք, ասաց, որ խիստ զբաղված է, երկու շաբաթ հետո միայն կազատվի։ Սա նշանակում է, որ Հայաստանում կա ոլորտ, որտեղ շատ զբաղված են եւ շատ փող են աշխատում»։

Արտագնա աշխատանքի մեկնողների մի մասին էլ առաջարկում է ներգրավել գյուղատնտեսական աշխատանքներում։ Կառավարությունը, ի դեպ, ցանկանում է արտագնա աշխատանքի մեկնողներին ներգրավել  կապիտալ շինարարության  աշխատանքներում։ Քննարկումները սկսվել էին կորոնավիրուսից առաջ՝ անցյալ տարի, սակայն ակտիվացան հիմա։

Back to top button