ԿարևորՀասարակություն

Երևանը՝ կրկնակի ազատ, բայց քառակի զգույշ

Հայաստանում մեղմացվել են սահմանափակումները` մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, գործում են սրճարանների բացօթյա հատվածներն ու գեղեցկության սրահները: 

Բացօթյա սրճարաններն ու գեղեցկության սրահները «Ռադիոլուր»-ի այցելության պահին  հետևում էին պարետատան սահմանած կանոններին։

Գայանեն 50 օրյա սահմանափակումները մեղմացնելու հենց առաջին օրն է շտապել սրճարան` երևանյան  գարունն  իր բոլոր գույներով վայելելու համար։ Ասում է` կարոտել էր ընկերուհիների հետ սուրճ խմելն ու տարբեր թեմաներով բամբասելը։ Անձրևային եղանակն  այսօր չէր խանգարել, ու նա կրկին իր սիրելի սրճարանում էր։

«Կարծես թե նոր կյանք եմ վերադառնում, ու հիմա սկսում եմ գնահատել այն ամենը, ինչը նախկինում ունեի»։

Հայաստանում մայիսի 5-ից  մեղմացվել են սահմանափակումները`  գործում են սրճարանների բացօթյա հատվածները։  Այստեղ  միաժամանակ  ձեզ կսպասարկեն դիմակներով ու ձեռնոցներով, եթե ջերմությունն էլ չափեն` չզարմանաք՝ պարետն է պահանջել։ Իսկ պատերին  փակցված  ցուցանակներն էլ կհուշեն` անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։ Այս պարագայում էլ ախտահանիչ միջոցները դրված են սեղաններին:

Իհարկե, արտակարգ դրության պայմաններում աշխատողների  համար նոր գործ է ավելանում։ Յուրաքանչյուր  հաճախորդից հետո ախտահանվում են սեղանները, բայց սրճարանի մենեջերն ասում է, որ սիրով են անում  ամեն ինչ, քանի որ հաճախորդների առողջությունը  իրենց համար շատ կարևոր է։

«Uve Image Studio»–ի տնօրեն Դիանա Բուդոյանն ասում է, որ մինչեւ պարետի որոշումն  էլ պահպանում էին բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, պարզապես հիմա  ավելացել են ձեռնոցներն ու դիմակները։ Այսօր սպասարկել են երեք հաճախորդի, որպեսզի կուտակումներ չլինեն:

Back to top button