ԿարևորՀասարակություն

Բանվորական ձեռնոցի Եվրոպայի խոշորագույն գործարանը՝ Տավուշ-տեքստիլը, անցնում է բժշկական դիմակների արտադրության

Համավարակի մարտահրավերներին դիմագրավելու և դաշտում մնալու համար փորձագետները գործարարներին հորդորում են ավելի ճկուն քաղաքականություն վարել, անհրաժեշտության դեպքում՝ փոխել գործունեության տեսակը։ Պարզվում է՝ արդեն հաջողված օրինակեր կան։

Մինչ համավարակը ձեռնոց էին արտադրում, այսօր՝ նաեւ բժշկական դիմակներ։ «Տավուշ տեքտիլ» ընկերության պատասխանատուների ձեռքը ժամանակի զարկերակի վրա է, փորձում են արձագանքել  նոր մարտահրավերերին։

Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյան․ «2015թվականից աշխատում ենք Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Արծվաբերդ և Չորաթան համայնքներում։ Ձեռնոցների արտադրությամբ ենք զբաղվել, արտադրական հզորություններով  Եվրոպայի ամենամեծ ձեռնոց արտադրող գործարանն  ենք։ Բայց համավարակի հետ կապված մի քիչ դժվարութուններ ունեինք։ Այս պահին նոր արտադրամասի շենք է կառուցվում Տավուշի մարզի Պառավաքար համայնքում»։

Բանվորական ձեռնոցներ արտադրող ընկերությունը նոր արտադրամասում  էլ բժշկական եռաշերտ դիմակներ կարտադրի։ «Տավուշ տեքստիլը»  2019-ին շուրջ 5․5 միլիարդ դրամի արտահանում է իրականացրել։ Սպառման շուկան  հիմնականում ԵԱՏՄ տարածքն է։ 2020-ին, հայտնի պատճառներով, ընկերությունը վնասներ է կրել, բայց  800 աշխատակիցներից որևէ մեկը  աշխատանքից չի ազատվել։

«15 օրվա մեջ որոշեցինք, որ մենք կարող ենք  դիմակներ արտադրել։ Պատվիրեցինք հաստոցներ, պատրաստեցինք արտադրամասը։ Որպեսզի մեր ազատ  աշխատակիցներին չազատենք, վերաորակավորեցինք այս պրոֆիլի վրա»։

«Տավուշ տեքստիլը» նոր իրավիճակում  ճկուն քաղաքականություն դրսևորելու  լավագույն  օրինակ է։ Համավարակի շրջանում բիզնեսը փրկելու, դաշտում դիրքերը  չկորցնելու համար հենց սա է խորհուրդ տալիս Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը․

«Մեր հորդորը փոքր ու միջին բիզնեսներին՝ եթե հնարավորություն ունեն վերանայելու իրենց ուղղվածությունը, լավ կլինի արդեն մտածեն այդ ուղղությամբ»,- ասում է տնտեսագետը։

Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ փոքր ու միջին ձեռնարկություններից շատերը գուցե համավարակից հետո չկարողանան վերականգնել  իրենց գործունեությունը, եթե չանցեն նոր ուղղությունների։ Համավարակի շրջանում բարդ իրավիճակում է հայնվել  հատկապես զբոսաշրջային ոլորտը։

Արտագնա տուրիզմը, առհասարակ, պարապուրդի է մատնված, բայց այստեղ էլ կարող է հարցի լուծում դառնալ  գործունեության վերանայումը։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը դրական միտումներ ու լավ հնարավորություններ է տեսնում, օրինակ, ներգնա տուրիզմի ոլորտում։

Փորձագետի խոսքով՝  նախորդ տարիներին մենք տեսանք, թե զբոսաշրջային ինչպիսի հետաքրքրություն էր առաջացրել Գյումրին։ Նոր իրավիճակը կարող է Հայաստանում զբոսաշրջային նոր ուղղությունների հայտնաբերման լավ առիթ դառնալ։

Back to top button